Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀԱՊԿ-ում գտնվելու հետևանքը մեր տարածքային կորուստներն են, մարդկային կյանքերը

Lragir.am-ի զրուցակիցն է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, 44-օրա պատերազմից հետո դուք միշտ անդրադարձել եք այն խնդրին, որ բանակը պետք է բարեփոխել, արդիականացնել։ Ի՞նչ ունենք երկու տարի անց։ Օրինակ՝ իշխանությունները հայտարարում են, որ փող ունենք, բայց որոշ երկրներ դեմ են, որ մենք զենք գնենք այլ երկրներից։

Իրականում բավական ծանր իրավիճակում ենք։ Եվ այդ ծանրությունը վերաբերում է նաև բանակային բարեփոխումներին, ոչ միայն զենք-զինամթերք գնելու սահմանափակ հնարավորություններին։ Ոչ կանոնադրային հարաբերությունների հաղթահարման, անգամ սնունդի, հագուստի խնդիր կա։ Փաստացի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանակում հագուստի ու սնունդի խնդիրները դեռ առկա են։ Այսինքն՝ անգամ այս հարթությունում այդպես էլ բարեփոխումներ տեղի չունեցան։ Եվ մենք շարունակում ենք ունենալ նաև ոչ մարտական պայմաններում մահվան դեպքեր։

Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի ձեռքբերմանը, ՀԱՊԿ անդամ հանդիսանալով՝ մենք բավական սահմանափակել ենք մեր՝ որպես պետություն, ժամանակակից ու արդիական զենք գնելու հնարավորությունները։ Մեր միջազգային գործընկերներն ԱՄՆ-ում ու Եվրամիությունում գրեթե բաց տեքստով հայտարարում են՝ քանի դեռ դուք ՀԱՊԿ անդամ եք, գրեթե անհնար է ռազմական ոլորտում համագործակցություն ու զենքի մատակարարում Հայաստանին։ Չնայած ԱՄՆ-ն համագործակցություն ծավալում է Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ և ռազմական ոլորտում որոշ աջակցություն տրամադրում է, բայց նաև այդ համագործակցությունը կա Ադրբեջանի հետ։ Հիմա խնդիրն այն է, որ փաստացի Ռուսաստանը մեզ չի ապահովում զենքով։ Որքանով տեղյակ եմ՝ անգամ 44-օրա պատերազմի ժամանակ Ռուսաստանը զենք չի մատակարարել Հայաստանին։ Եվ պատերազմից հետո էլ չի մատակարարում։ Պատճառների մասին խոսելիս՝ տարբեր վարկածներ են առաջ քաշվում։ Մեկն այն է, որ Ռուսաստանը բավական դժվար կացության մեջ է հայտնվել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այդ պատերազմի արդյունքները ցույց են տալիս, որ 60-ական թվականների ստանդարտներով ռուսական սպառազինությունն այսօր մարտունակ չէ։ Եվ եթե անգամ հնարավորություն ունենայինք այդ ռուսական սպառազինությունը ձեռք բերելու, կարծում եմ, ժամանակակից աշխարհում դա արդիական չէ։ Այսինքն՝ խնդիրն այն է, որ մեր բանակի, ՀՀ անվտանգությունն ապահովող կառույցների ապագան ես չեմ տեսնում ռուսական մոդելի ներքո։ Այդ մոդելը չի աշխատում։

Հետևաբար, ի՞նչ քայլեր պետք է անել։

Մենք լուրջ ջանքեր պետք է ձեռնարկենք՝ այլ երկրներից զենք գնելու համար։ Անգամ այդ ՀԱՊԿ պայմանագրերը մեզ որոշակի մանևրելու հնարավորություններ են տալիս, օրինակ, զենք ձեռք բերել ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ պետություններից, այլ մյուս պետություններից։ Օրինակ՝ Հնդկաստանից կարող ենք զենք գնել, եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ նման տեղեկություն եղավ, փոխադարձ այցելություններ եղան։ Հույս ունեմ, որ դա արդյունք տվեց, և որոշակի խմբաքանակներ Հնդկաստանից կստանանք։ Բայց ես կարծում եմ, որ վաղուց հասունացած հարց է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից պետք է դուրս գա, մեր իշխանությունները պետք է շատ ավելի քաջ գտնվեին և կոնկրետ գործողությունների դիմեին, գոնե սառեցնեին մեր անդամությունը ՀԱՊԿ-ում։ Բայց չեն արել, և ես չգիտեմ, թե ինչքան կտևի այս քավարանի մեջ գտնվելու վիճակը։ Եթե անգամ ՀԱՊԿ-ից դուրս գալու հստակ որոշում չունենք, պետք է գոնե այլընտրանքներ փնտրենք, որպեսզի զինենք բանակը։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ չնայած մեր բանակն ամեն ինչ անում է՝ դիմագրավելու թշնամու հարձակումներին, բայց ուժերն անհավասար են։ Միայն խիզախությամբ չես կարող դիմակայել տեխնիկական ուժին, քանի որ այսօր ժամանակակից աշխարհում պատերազմները ոչ թե մարդկանց միջոցով են իրականացվում, այլ տեխնիկայի։

ՀԱՊԿ կազմում մնալու օգտին խոսողներն այսօր ասում են, որ առանց այլընտրանք ունենալու չպետք է դուրս գալ այդ կառույցից, դա ռիսկային է։ Բայց արդյոք ՀԱՊԿ-ը ապահովել է կամ ապահովում է մեր անվտանգությունը։

Բոլորիս պարզ է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը բավական խնդրահարույց է լինելու։ Այսինքն՝ չպետք է պատկերացնել, որ դա հեշտ գործընթաց է։ Սա շատ ցավոտ ու ծանր է լինելու՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս իրավիճակը, դերը տարածաշրջանում ու նկրտումները։ Հստակ է, որ Ռուսաստանը հեշտ չի թողնելու մեզ։ Երկարաժամկետ տեսանկյունից մենք՝ որպես պետություն, պետք է որոշում կայացնենք՝ ի վերջո մենք ուզո՞ւմ ենք շարունակել մեր գոյությունն այս ստրկական իրավիճակում, թե՞ ոչ։ Փաստն այն է, որ ՀԱՊԿ անդամ լինելով՝ մենք ունենում ենք թե մարդկային, թե տարածքային կորուստներ։ Սեփական պետության նկատմամբ հարգանքի ու վստահության կորուստ ենք ունենում, սա շատ նվաստացուցիչ է։ Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ, այո, անցնում ենք դժվարությունների միջով, որովհետև ուզում ենք ունենալ անկախ ու ինքնիշխան պետություն։ Սա է գլխավոր խնդիրը։ Բազմաթիվ հիմնավորումներ կարող են բերվել, թե ինչո՞ւ պետք է ՀԱՊԿ-ից դուրս չգանք, բայց մենք տեսնում ենք հետևանքները։ ՀԱՊԿ-ում գտնվելու հետևանքը մեր տարածքային կորուստներն են, մարդկային կյանքերը՝ սկզբում 4000 կյանք, հետո 200 կյանք։ ՀԱՊԿ-ում մնալու օգտին արվող ոչ մի վերլուծություն համոզիչ չէ, ավելի համոզիչ են մեր այս կորուստների թվերը։