Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հարված Ղրիմին․ Արցախում Հայաստանի դեմ ոճիրը չափազանց ծանր է արժենալու Ռուսաստանին

Օկուպացված Ղրիմում ռուսական ավիաբազային հարվածի հետեւանքով, ըստ հետախուզական տվյալների, զոհվել եւ վիրավորվել են տասնյակ ռուս օդաչուներ եւ տեխնիկներ, շարքից դուրս են եկել մարտական ինքնաթիռներ։ ՌԴ ՊՆ վարկածով՝ տեղի է ունեցել հակահրդեհային կանոնների խախտում, որի պատճառով տեղի է ունեցել ռազմամթերքի դետոնացիա։ Մյուս կողմից, Ղրիմում սահմանվել է ահաբեկչական վտանգի ռեժիմ, ինչը վկայում է, որ ՌԴ ՊՆ-ն ստում է։

ՌԴ ՊՆ-ն այլ բացատրություն չի կարող տալ, ինչպես մինչ այժմ չի տվել ուկրաինացիների կողմից ռուսական նշանակալի օբյեկտների, այդ թվում Մոսկվա հածանավի խոցման ժամանակ․ ռուս «խորքային ժողովրդի» հոծ շերտերին դուր է գալիս նման բացատրությունը։ Իսկ եթե խոստովանեն արտաքին հարվածի իրողությունը, հարցեր են առաջանում ռուսական ՀՕՊ համակարգերի արդյունավետության, Ղրիմի պաշտպանվածության խոստումների վերաբերյալ։

Ղրիմին հարվածը կարող է շրջադարձային դառնալ պատերազմի ընթացքի համար, որն արդեն իսկ փոխվել է ուկրաինական բանակին արեւմտյան բարձրտեխնոլոգիական հեռահար զենքերի փոխանցումից հետո։ Ահռելի է նաեւ հոգեբանական ազդեցությունը՝ Ղրիմի բռնակցումը ոգեշնչել էր ռուսներին՝ Ռուսաստանը ոտքի է կանգնել ծնկած տեղից, ռուսական աշխարհն իրագործվում է, ռուսական բանակը լավագույնն է աշխարհում, եւ այլն։

2014-ին Ղրիմի բռնակցումը ոգեւորել էր հայկական շրջանակներին։ Մոսկվա հարցադրումներ էին ուղարկվում առ այն, որ Ռուսաստանը ճանաչի Արցախը, նկատի առնելով, որ ինչպես Ղրիմը 1954 թ․ ԽՄԿԿ ղեկավարության որոշումով անցել էր Ուկրաինային, այնպես էլ 1923-ին Արցախը կամայական որոշումով Մոսկվան նվիրաբերել էր Բաքվին։ Լավրովն այն ժամանակ կտրուկ փակեց թեման՝ Ղարաբաղի խնդիրն այլ է, կապ չունի Ղրիմի հետ։

Լավրովը չէր ուզում ասել, հայերի մտքով էլ չէր անցնում, որ Ղրիմի բռնակցումը հայկական Արցախի դատավճիռն էր։ 2013-14-ին Կրեմլի հռչակած «քաղաքական նոր կուրսը», որի շրջանակում Հայաստանը բռնակցվեց ԵՏՄ-ին՝ բանակի «միասնականացմամբ», ենթադրում էր հայկական պետականության լուծարման ռուսական ծրագրերի մեկնարկը։ Հայաստանի դեմ 2016-ին ագրեսիան, 2020-ի սեպտեմբերի 27-ին թուրքերի հետ համատեղ ռազմական արշավը եւ «հետպատերազմյա կարգավորումն» ընթանում են ըստ այդ պլանի։ Արցախի զինաթափմանը եւ հայաթափմանը զուգահեռ Մոսկվան իրագործում է Հայաստանի տարածքը մի քանի միջանցքներով մասնատելու պլանը։

Ռուսաստանի քաղաքականության քաղաքական-քաղաքակրթական պատճառներին եւ ռուս-թուրքական ծրագրերի էությանն անդրադարձել ենք մշտապես, կրկնելու կարիք չկա։ Հենց Հայաստանի դեմ արշավի հաջողությունը՝ խամաճիկ կառավարության եւ ռուսանպաստ ընդդիմության երախտագիտական ճիչերի տակ, Մոսկվային ոգեշնչեց Ուկրաինայի դեմ պատերազմը սանձազերծելուն։

Հայաստանը անմեղսունակ իշխող խումբն ու բալագանային ընդդիմությունը չեն։ Հայաստանի դեմ արշավը չափազանց ծանր է արժեցել եւ դեռ արժենալու է Ռուսաստանին։ Ղրիմին հարվածը Պուտինյան Ռուսաստանի անկման սկիզբն է։