Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանի անվտանգության երեք բաղադրիչները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Առավոտի» զրուցակիցն է 1990-95 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը

 (սկիզբը՝ նախորդ համարում)

 – Ձեր կարծիքով ինչպիսի՞ առաջնային քայլեր պետք է ձեռնարկի մեր իշխանությունը այսպիսի ծայրահեղ բարդ համաշխարհային եւ տարածաշրջանային իրավիճակում:

– Ես կառանձնացնեի մի քանի կարեւոր խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն, որպեսզի ապահովենք առաջընթացի գործընթացը. ՀԱՊԿ-ից դուրս գալը, մեր սահմանակետերից ռուս սահմանապահներին հանելը, Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման գործընթացի սկսումը, Բերձորի միջանցքում ՄԱԿ մանդատով միջազգային խաղապահ ուժերի տեղակայումը, ԱՄՆ-ի գործընկերոջ կարգավիճակ ստանալու գործընթացի սկսումը, Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սկսումը, զինված ուժերի թվաքանակի մեծացմանն ուղղված քայլերի մշակումը, արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի ընդունումը, Իրանի հետ նոր գազամուղի կառուցումն սկսելը, Ուկրաինայի հետ նոր ռազմավարական հարաբերություններ հաստատելու գործընթաց սկսելը, կադրային ճիշտ քաղաքականություն որդեգրելը, երկրի ներսում հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտի ստեղծումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ հարաբերությունների կարգավորումը, սփյուռքը Հայաստանի կառավարման համակարգին ներգրավելը՝ խորհրդարանի վերին պալատի ստեղծում, ժողովրդին ընդհանուր դիմակայության պատրաստելը՝ սեփական ուժերին ապավինելու եզակիության արմատավորումը, Հայաստանի բռնազավթված տարածքները վերադարձնելու նպատակով միջազգային իրավունքի կիրառման գործընթացի սկսում՝ աշխատանքային խմբի ստեղծում, իրավապահ համակարգի՝ քննիչ-դատարան անօրինական որոշումների եւ վճիռների համար խիստ պատասխանատվության՝ քրեական եւ նյութական՝ սահմանումը, կոռուպցիայի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցների որդեգրումը, պետական պաշտոնյաներին թերացումների համար պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմների ստեղծումը, «Գազպրոմ -Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնեմասերի բռնագրավումը՝ զենքի համար Ռուսաստանին փոխանցած գումարի դիմաց: Կարելի է շարունակել, սակայն այսքանով բավարարվենք:

– Պարոն Գաբրիելյան, նաեւ ուզում եմ մեր ամենացավոտ հարցերից մեկին՝ Հայաստանը բնական գազով ապահովելու խնդրին անդրադառնալ: Հայաստանը մշտապես կախված է եղել Ռուսաստանից՝ գազի գնի առումով, ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանում չի նախաձեռնում Իրան-Հայաստան երկրորդ գազամուղի կառուցումը, մանավանդ որ, տարիներ շարունակ խոսվում էր այն մասին, որ իրանական գազն ավելի մատչելի է: Նաեւ, ստեղծված իրավիճակում, բացառված չէ, որ ՌԴ-ն մի օր դադարի գազ մատակարարել Հայաստանին:

– Այս խնդիրը նախկին իշխանությունները չկարողացան լուծել Ռուսաստանի պարտադրանքով եւ չցուցաբերեցին կամք՝ չենթարկվելու պարտադրանքին եւ ինքնուրույն լուծելու մեր անմիջական հարեւանի՝ Իրանի հետ: Հայաստանի փողերով կառուցեցինք 720 միլիմետր տրամագծով խողովակաշար, էլեկտրական էներգիայի հետ փոխանակման ծրագրով եւ հանձնեցինք «Գազպրոմին»: Պատկերացնել է պետք, անմիջական հարեւանդ գազ է արտահանում, իսկ դու գազը գնում ես հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրից, թեկուզեւ ռազմավարական դաշնակից համարվող, որն անընդհատ քեզ պահում է ահաբեկման տիրույթում՝ գազի գինը բարձրացնելու սպառնալիքի սարսափի մեջ: Այժմ պետք է ժամանակից առաջ ընկնել եւ շատ արագ, այս տարվա ընթացքում կառուցել նոր խողովակաշար 1400 մմ տրամագծի խողովակաշարով (այդ տրամագծի խողովակ Իրանը արտադրում է), որի պահանջարկն առաջիկայում անհրաժետ է լինելու, ինչպես փոխարինող ռուսական գազին, այնպես էլ ավելացնելու էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծրագիրը Իրանի հետ, ինչպես նաեւ մտածելու Հայաստանով իրանական գազի արտահանման ուղիների մասին՝ Սեւ ծովով դեպի Եվրոպա:

– Հայաստանի անվտանգության խնդրի համատեքստում, կխնդրեի նաեւ ներկայացնել Ձեր մոտեցումները՝ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի հայաստանցին համոզված լինի, որ ինքը այլեւս անվտանգության առումով մտահոգություն չունի, որ իր անվտանգությունն ապահովված է:

-Միակ երաշխիքը՝ ունենալ մարտունակ, արդիական զենքով զինված եւ ժամանակակից պահանջներին համապատասխան բանակ եւ այնպիսի գործընկերներ, որոնք պայմանագրերը եւ պայմանավորվածությունները չեն խախտի: Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է ունենանք 120-150 հազարանոց մշտապես գործող արհեստավարժ բանակ: Եվ եւս 300-400 հազարանոց մարզված պահեստազոր, որոնք պարբերաբար պետք է անցնեն ռազմական պատրաստվածություն, որպեսզի պատերազմի դեպքում անմիջապես համալրեն մարտական շարքերը:

Եթե կարճ ներկայացնեմ, ապա. Հայաստանը պետք է դառնա ժողովրդավարական, ռազմականացված, քրիստոնեական արժեքներով ապրող պետություն: Այս երեք բաղադրիչները կազմում են մեր անվտանգության հենասյուները: Այդ դեպքում որեւէ հայ այլեւս մտքով իսկ չի անցկացնի արտագաղթել:

-Դուք անընդհատ մատնանշում եք հզոր, մեծաքանակ եւ մարտունակ բանակի անհրաժեշտությունը, սակայն գործող իշխանության վերաբերմունքը եւ քայլերը բանակի նկատմամբ, մեղմ ասած, հուսադրող չեն կամ էլ հակառակի մասին են խոսում:

-Եթե հիշում եք, այս իշխանությունը երբ իշխանության եկավ, նրանք խոսում էին բանակում ծառայության ժամկետը կրճատելու եւ այլ անհեթեթությունների մասին: Սակայն, արցախյան ճակատում 2020 թվականի թշնամու հարձակումը, Արցախի մեծ մասի ժամանակավորապես կորուստը, այնուհետեւ 2021թ. եւ 2022թ. նոր հարձակումները ստեղծեցին նոր իրավիճակ: Իշխանավորները սկսեցին հասկանալ, որ առանց զինվորի հզոր ոգու կորովի, առանց արդիական բանակի մենք չենք կարող շարունակել մեր պատմական հազարամյակների ընթացքը: Ինձ ուրախացնում է դպրոցներում ռազմագիտության առարկայի վրա ուշադրության մեծացումը, բարձր դասարանի աշակերտների համար ամառային ճամբարների կազմակերպումը: Բանակում նոր քաղաքականության որդեգրումը զինվորների՝ կրտսեր հրամանատարական կազմի՝ սերժանտների պայմանագրային ավելի արդյունավետ սկզբունքի ներդրումը: Իհարկե, սա լավ է, բայց քիչ է: Պետք է մեր ժողովրդի համար սա դարձնել կենցաղ: Ինչպես մարդը պետք է պարտադիր սնունդ ստանա՝ հոգեւոր եւ մարմնական, այնպես էլ յուրաքանչյուր հայի համար ռազմական պատրաստվածությունը պետք է դառնա պարտադիր՝ առօրյա: Կարծում եմ՝ մեր իշխանությունը սրան էլ կհասնի:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ