Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերաիմաստավորել Լաչինի միջանցքի ֆունկցիոնալ նշանակությունը և սեփական դիրքորոշումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այն, որ Լաչինի միջանցքի ավելի քան մեկ ու կես ամիս տևող շրջափակումը չի հանգեցրել այն արդյունքին, որը հետապնդում է Ադրբեջանը՝ իրողություն է: Արցախի ժողովրդին հայրենազրկելու և ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական քաղաքականությունը տապալվում է:

Արցախը չի կոտրվել և ժամանակը արդեն աշխատում է Արցախի Հանրապետության հերոս ժողովրդի օգտին:

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի ջանքերի շնորհիվ Արցախում ստեղծված իրավիճակի միջազգայնացման հաջողված նախաձեռնությունները (միջազգային հայտնի լրատվամիջոցներին հարցազրույցները, տարբեր երկրների գործիչների մասնակցությամբ հեռավար քննարկումները, մայրերի բաց նամակները միջազգային առանձին պատասխանատուներին և այլն) հնարավորություն տվեցին միջազգային հանրությանը ցուցադրել արցախահայության նվիրվածությունը սեփական ինքնիշխանությանը և իր պատմական բնօրրանում ազատ ապրելու և արարելու անկոտրում կամքը,  տոկունությունն ու համառությունը,  էականորեն նպաստեցին  միջազգային հիմնական խաղացողների և կառույցների կողմից, թեկուզ և սեփական հեղինակությունը պահպանելու նպատակով, Ադրբեջանի հայատյաց ագրեսիվ քաղաքականության լուրջ և հասցեական քննադատությանը, նրա նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելուն և, որպես արդյունք,  Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ բանակցությունների կազմակերպման առաջարկություններին:

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական միջոցներով հանգուցալուծելու օգտին իր նախաձեռնություններն ակտիվացրել է նաև ռուսական կողմը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով կազմակերպվում են հումանիտար աջակցության գործողություններ:

Հարկ է նշել, որ ուկրաինական գլոբալ ճգնաժամի պարագայում միջազգային քաղաքական օրակարգում Արցախի հիմնախնդրի ներգրավմանը լուրջ  նպաստեցին նաև ՀՀ ԱԳ նախարարի վերջին շրջանի բազմակողմ նախաձեռնություններն ու միջազգային հեղինակավոր հարթակներում գործընկերների հետ հանդիպումները, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի կողմից հայցերի ներկայացումը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործումը և արտաքին աշխարհին հասցեագրված այլ նախաձեռնություններ:

Սակայն այդ ամենով հանդերձ միջազգային խառնակ այս ժամանակաշրջանում միջազգային կառույցների, երկրների արտաքին քաղաքական պատասխանատուների  ուշադրությունը Արցախում ստեղծված իրավիճակին  գլխավորապես պայմանավորված է Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարում անկոտրում կամքի դրսևորմամբ:

Ինչևէ, կարծես թե բանակցությունները դառնում են ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու միակ բանական այլընտրանքը: Հայտնի է նաև, որ ՌԴ արտգործնախարարը հայտնել է իր պատրաստակամությունը շարունակել եռակողմ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու նպատակով:

Իսկ ի՞նչ նպատակ պետք է հետապնդի հայկական կողմը միջանցքի շուրջ հնարավոր այդ բանակցություններում:

Արդյո՞ք խնդիրը պետք է լինի հասնել այսօր միջանցքի ապաշրջափակմանը,  թե՞ խնդիրը պետք է լինի սպասվող բանակցություններում (եթե այդպիսիք տեղի ունենան) հասնել  այնպիսի կարգավորումների կամ լուծումների, որոնք 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության տառին ու ոգուն համապատասխան կերաշխավորեն ոչ միայն ապագայում միջանցքի շրջափակման, այլև նրա ֆունկցիոնալ նշանակության խեղման կամ կամայական մեկնաբանության բացառումը և  բավարար իրավաքաղաքական նախադրյալներ կստեղծեն Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության չեզոքացման համար:

Այս առումով սկզբունքային վերանայման է ենթակա Լաչինի միջանցքի անխափան գործելն  ապահովելու հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը այն ընկալմամբ, որ, հանդիսանալով վերը նշված Հայտարարությունը ստորագրող կողմերից մեկը, Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է իր մասնակցությամբ ապահովել հիշյալ հայտարարությամբ Լաչինի միջանցքին վերապահված ֆունկցիոնալ նշանակության պահպանումը:

Իսկ ո՞րն է միջանցքի ֆունկցիոնալ նշանակությունը:

Առավել քան ակնհայտ է, որ վերջինս կայանում է հետևյալում՝  անխափան դարձնելով Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև կապը, երաշխավորել Արցախի Հանրապետության բնականոն կենսագործունեությունը՝ մինչ վերջինիս միջազգայնորեն ընդունելի կարգավիճակի վերջնական լուծումը բանակցային սեղանի շուրջ (Արցախի կարգավիճակի որոշման վերաբերյալ այս  մեկնությունը բխում է միջազգային հիմնական խաղացողների այն հայտարարություններից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, քանզի կարգավորումը  չի կարող ունենալ ուժային լուծում):

Հետևաբար պետք է ենթադրել, որ Լաչինի միջանցքը ոչ թե բեռնափոխադրումներ կամ մարդկանց տեղափոխումն ապահովող ճանապարհ է (թեպետ հայտարարության 6-րդ կետի երկրորդ մասում օգտագործվում է «երթուղի» տերմինը), այլ Արցախի կենսապահովումը երաշխավորող ենթակառուցվածքների համախումբն ընդգրկող կրիտիկական ենթակառուցվածք: Սա է տվյալ պարագայում «միջանցքի» և «ճանապարհի» ֆունկցիոնալ տարբերությունը:

Ուստի Լաչինի միջանցքը ոչ միայն տրանսպորտային անխափան հաղորդակցության հնարավորություն է, այլև Արցախի Հանրապետության բնականոն կենսագործունեությունը երաշխավորող կրիտիկական ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և կապի հաղորդակցության ուղիների «հավաքական ենթակառուցվածք», որը պետք է գտնվի բացառապես ռուսական խաղաղապահ  զորակազմի վերահսկողության  տակ և որևէ այլ սուբյեկտ իրավունք և հնարավորություն չպետք է ունենա որևէ կերպ միջամտել այդ ենթակառուցվածքի գործունեությանը:

Լաչինի միջանցքի ֆունկցիոնալ նշանակության նման մեկնաբանությունը թելադրվում է նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությամբ: Դրանում է  միջանցքի մասով այդ փաստաթղթի տառն ու ոգին:

Հետևաբար միջանցքի առնչությամբ սպասվող հնարավոր բանակցություններում Հայաստանի իշխանությունը պարտավոր է լրացնել  այն բացթողումները, որոնք նա թույլ է տվել Արցախի հետ կապող միջանցքի այլընտրանքի ձևավորման խնդրում (վերաբերվելով այդ միջանցքին որպես ճանապարհ և վերապահելով այդ խնդրի լուծումները բացառապես Ադրբեջանին):

Բայց արդյո՞ք գործնականում հայկական կողմն ունի իր բացթողումները լրացնելու հնարավորություն: Այո՛ և այդ հնարավորությունն ընձեռում է եռակողմ Հայտարարությունը:

Եռակողմ Հայտարարության 6-րդ կետի երկրորդ մասում արձանագրված է, որ ‹‹կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այն կառուցելուց հետո ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ››:

Եթե փորձենք վերծանել եռակողմ Հայտարարության վերը նշված պարբերությունը, ապա կարող ենք պնդել.

ա/ Լաչինի միջանցքի այլընտրանքը պետք է ունենա նույն ֆունկցիոնալ նշանակությունը, այսինքն կառուցելուց հետո պետք է լինի միջանցք (ոչ թե տրանսպորտային հաղորդակցության ուղի):

բ/ Լաչինի միջանցքի այլընտրանքի կառուցման հետ կապված խնդիրները կարող են կյանքի կոչվել բացառապես հայտարարությունը ստորագրած կողմերի համաձայնությամբ, հետևաբար Հայաստանը այդ հարցում չի կարող զբաղեցնել պասիվ դիտորդի դեր:

գ/ Հայտարարությունը նախատեսում է Լաչինի միջանցքի այլընտրանքի կառուցման պլանի համաձայնեցում կողմերի միջև՝ եռամյա ժամկետում:

Սրանք են, թերևս, Լաչինի միջանցքին առնչվող այն հիմնական թեզերը, որոնք տեղ են գտել եռակողմ Հայտարարության տեքստում:

Առանցքային է նաև «միջանցքի կառուցման պլան» արտահայտության իմաստային մեկնաբանությունը, այսինքն ինչպե՞ս պետք է հասկանալ այն:

Ամենայն հավանականությամբ խոսքը կարող է գնալ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի այլընտրանքը կառուցելու «ծրագրի» իրականացման քայլերի հաջորդականության կամ, ինչպես հիմա տարածված է,  ճանապարհային քարտեզի մասին:

Ուստի, եթե առաջնորդվենք «միջանցքի կառուցման պլանի» նշված մեկնությամբ (իսկ այլ մեկնություն, կարծես թե, տեղին չի լինի), ապա նշանակում է, որ կողմերը եռակողմ Հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կատարելու համար  պարտավոր էին նախաձեռնել  այնպիսի գործընթաց, որը կնախատեսեր ծրագրի իրականացումն ապահովող անհրաժեշտ քայլերի համաձայնեցում և իրականացում, այդ թվում այնպիսի քայլերի, ինչպիսիք են միջանցքի կառուցման ծրագրի իրականացման վերաբերյալ կողմերի միջև միջպետական արձանագրության մշակում և ստորագրում՝ ծրագրի միասնական պատվիրատուի որոշմամբ և կողմերի ֆինանսական մասնակցության սկզբունքների սահմանմամբ, մասնագիտական աշխատանքային խմբերի ձևավորում, կրիտիկական ենթակառուցվածքների վերաբերյալ միջանցքին ներկայացվող պահանջների և միջանցքի հետագծի համաձայնեցում, միջանցքի նախագծի տեխնիկական առաջադրանքի մշակում և հաստատում, մրցույթի միջոցով նախագծող կազմակերպության ընտրություն, նախագծի փորձագիտական ուսումնասիրության կազմակերպում, շինարարության կապալառու ընկերության ընտրություն, շինարարության տեխնիկական վերահսկողության, աշխատանքների ընդունման կարգի սահմանում և կազմակերպում և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ քայլեր:

Ավելի քան ակնհայտ է, որ միայն վերը նկարագրված կամ դրան մոտ քայլերի ճանապարհային քարտեզը կարող է դիտվել որպես միջանցքի կառուցման պլան: Եվ բոլորովին պատահական չէ, որ այդ պլանի մշակման և կողմերի հետ համաձայնեցման համար Հայտարարությամբ սահմանված էր եռամյա ժամկետ:

Արդյո՞ք Լաչինի միջանցքի այլընտրանքի կառուցումը իրականացվել է վերը նկարագրված մոտեցմամբ: Անկասկած ո՛չ: Եվ պատճառը նախ և առաջ Հայաստանի իշխանությունների կողմից եռակողմ Հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների գիտակցման բացակայությունն է:

Դժվար է ենթադրել, որ Կառավարությունում չկան մասնագետներ, որոնք կարող էին ճիշտ վերծանել Հայտարարության պահանջը և նախապատրաստել Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման պլանի նախագիծը: Հետևաբար խնդիրը մասնագետների առկայությունը չէ: Խնդիրը Կառավարության քաղաքական ոչ պատասխանատու վարքագիծն է, սեփական ստորագրության քաղաքական կշռի ըստ արժանվույն չգիտակցելն է:

Ահա թե ինչու Հայաստանի իշխանությունները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված հնարավոր բանակցություններում պարտավոր են հանդես գալ Լաչինի միջանցքի ֆունկցիոնալ նշանակությունը  պահպանելու վերաբերյալ եռակողմ Հայտարարության պահանջի անշեղ կատարումն ապահովելու դիրքերից՝ ճգնաժամային նման իրավիճակների կրկնությունը բացառելու համար անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալներ ձևավորելու և համապատասխան ինժեներատեխնիկական լուծումների գալու նպատակադրմամբ:

Անշուշտ, դա պահանջելու է սկզբունքային և հետևողական աշխատանք նախ և առաջ ռուսական կողմի հետ: Կարևոր կլինի ակտիվ շրջանառել նաև մեր դիվանագիտական, այդ թվում նաև խորհրդարանական դիվանագիտության, ողջ պոտենցիալը, հայկական լոբբիստական կազմակերպությունների կարողությունները՝ օգտագործելով միջազգային կառույցներում և հարթակներում գործելու բոլոր հնարավորությունները:

Մենք պարտավոր ենք գիտակցել, որ այս խնդրում անգործությունը կնշանակի  Արցախի ժողովրդին պերմանենտ փորձությունների ենթարկել ու կենաց-մահու անհավասար պատերազմի դատապարտել: Դա աններելի է:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ