Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ, նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել լիարժեք վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները, ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

«Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։ Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։

Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը հանդիսանում է երկու երկրները կապող կամուրջներից մեկը։ Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Հունգարիա հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ:

Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրությունը հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ Ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Առաջիկա օրերին կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական և վարչական ընթացակարգերը», նշվում է հաղորդագրությունում: