Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հայաստանում անընդհատ ասում են՝ ՌԴ-ն մեր համար լավ դաշնակից չի, իսկ մենք Ռուսաստանի համար լա՞վ դաշնակից ենք». Չալաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր «Այսօրվա եւ վաղվա Հայաստանը. Ինչ ունենք եւ ինչին պետք է հասնել» թեմայով քննարկման ժամանակ «Համախմբում» շարժման անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ասաց, որ հայկական աշխարհում բավական մեծ ֆինանսական կարողություններ կան, բայց երբեւէ չեն դիտարկել այդ կարողությունները ուղղել խնդիրների լուծմանը. «Հլը մի հատ մտածեք՝ առաջին անգամ Իսրայելը 2 անգամ ավելի շատ սպառազինություն է արտահանել Ռուսաստանից 2022-ին: ՌԴ-ն միշտ երկրորդ տեղում է եղել, հիմա եկել հավասարվել են իրար, անպատկերացնելի է, չէ՞:

Ընդ որում, ՌԴ-ն մետաղ է արտահանում, ինքնաթիռներ, տանկեր, իսկ Իսրայելը՝ բարձր տեխնոլոգիական արտադրանք: Իսկ ինչո՞ւ մենք չենք կարող: Ինչո՞ւ չենք կարող այսօր մեր կարիքների վրա կենտրոնանալ, սկսենք մեր կարիքները բավարարենք, վաղը դառնանք դրա արտահանողը: Այսօր դրա նախադրյալը կա: Մենք միշտ սպառազինությունը գնել ենք ՌԴ-ից, այսօր ՌԴ-ն չի վաճառում, որովհետեւ նախ չունի, իր սեփական կարիքներն է հազիվ բավարարում, երկրորդը՝ տեսնում ենք, որ խնդիրներ կան քաղաքական դաշտում: Այն խնդիրները, որ մենք լուծելու ենք, ոչ միայն երկարաժամկետ ենք լուծելու, այլ նաեւ կարճաժամկետ: Որպեսզի դու ճգնաժամից ճգնաժամ չապրես, ամեն ճգնաժամով չշարունակես ներքեւ ապրես, այն, ինչ տեղի է ունենում հիմա, դու պետք է մտածես երկարաժամկետ իրավիճակում ինչն է քեզ թույլ տալու ֆունդամենտալ հաղթահարել ճգնաժամերը»:

Քննարկումը վարող ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց, որ անվտանգությունից մարդիկ վախենում են խոսել: Չալաբյանն ասաց, որ ոչ մի առանձին վերցրած երկիր չի կարող միայնակ իր անվտանգային հարցերը լուծել՝ մանավանդ, որ վտանգը գալիս է այն երկրից, որոնք քաշային կատեգորիայով բարձր են, ինչպիսին է Թուրքիան. «Եթե մենք Ադրբեջանի դեմ հանդիման լինեինք միայնակ, մենք մեր խնդիրները գուցե կլուծեինք, բայց իրականում վտանգը շատ ավելի մեծ է, եւ մենք դա հասկանում ենք: Իրականում անվտանգության մասին մտածելիս պետք է մի քանի կոմպոնենտների մասին մտածենք, նախ՝ դիվանագիտության, թե ովքեր են քո դաշնակիցները եւ ինչով են իրենք քեզ օժանդակում, եւ ինչով ես դու նրան օժանդակում: Հայաստանում կա խոսույթ, անընդհատ ասում են՝ ՌԴ-ն մեր համար լավ դաշնակից չի, իսկ մենք Ռուսաստանի համար լա՞վ դաշնակից ենք, եկեք այդ հարցն էլ տանք: Պետք է մտածենք՝ ընդհանուր անվտանգային սեղանին մենք ինչ ռեսուրս ենք դնում ու ուրիշներից ինչ ռեսուրս ենք ակնկալում»:

Ըստ Չալաբյանի, 2020-ի պատերազմը ոչ թե պարզապես ռազմական պարտություն էր, դա մեր ռազմական ճարտարապետությունն ընդհանրապես խաթարեց. «Այն տրամաբանությունը, որով մենք ապրել ենք մոտ 30 տարի, որ մենք ունենք առաջնագիծ, այն պահպանված է, ունի մի քանի էշելոնացված խորություն, թշնամին դա չի կարող ճեղքել, եթե նույնիսկ մի քիչ առաջ գա, հաջորդ բնագծում կդիմավորեք եւ այլն, այդ ամբողջ տրամաբանությունը խախտվեց: Թշնամին մեկուկես ամսվա ընթացքում եկավ մտավ մեր պաշտպանական շրջանների խորքը»:

Չալաբյանն ասաց,որ բանակը պետք է վերականգնվի, որ կարողանա նոր տրամաբանությամբ կռվել. «Սեպտեմբերի 13-14-ին, երբ ռազմական գործողություններ էին համարյա ամբողջ առաջնագծում, թշնամին Ջերմուկի հատվածում դիրքեր կարողացավ գրավել, որովհետեւի այդ դիրքերը տեղորոշված էին, որովհետեւ իրենք գիտեին դիրքը, տրամագիծը, բոլոր կոորդինատները գիտեին, նույնիսկ զինվորի տեղն ու խրամատաբջիջը գիտեին: Կարողանում են շրջապատել եւ այդ դիրքը վերացնել: Բայց հետո, երբ նրանք այդ դիրքերից եկան առաջ՝ արդեն Ջերմուկ քաղաքի կողմ, տարօրինակ կերպով իրենց առաջխաղացումը ընդհակառակը՝ ձախողեց, որովհետեւ նրանց հանդիման գնացին մեր մոբիլ խմբերը արդեն եւ մոբիլ խմբերի դիմակայության մեջ իրենք պարտություն կրեցին:

Ստատիկ դիրքերը կարողացան չեզոքացնել, իսկ սարահարթում տեղի ունեցած կռիվներում չկարողացան, որովհետեւ տեղորոշված չէին, կոորդինատները չգիտեին, չէին կարողանում խոցել: Սա նշանակում է, որ մեզ պետք է շատ ավելի մոբիլ բանակ՝ լավ կառավարմամբ, ինֆորմացիայով, լավ հետախուզությամբ եւ ճշգրիտ խոցող միջոցներով: Դրան միանգամից չենք կարող հասնել, տարիներ են պետք, բայց պետք է սկսենք դա անել, ունենանք գոնե մի քանի մարտունակ միավոր, որ մեր հաջորդական սպառնալիքը կարողանանք չեզոքացնել, հետո բանակը կտանենք այդ ուղղությամբ: Մի քանի նման ստորաբաժանում մենք կարող ենք մեկ տարվա մեջ ունենալ եւ դա անհրաժեշտություն է: Մենք չենք ուզում անընդհատ դրսից անվտանգություն մուրալ, մեր լոկալ խնդիրները լուծելու ենք ու մեր դաշնակիցները դրանից մեզ շատ ավելի կկարողանան վստահել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ