Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայազգի արշավորդ Արթուր Գորոյան. Մեր հաջողությունները պետք է բերենք Հայաստան

B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, ով վերջերս Աբու Դաբիում կայացած վեցժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է իր «Sharky-Racing» թիմով, Հայաստանում է։

Հիշեցնենք, որ Արթուր Գորոյանն իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։ Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ «Wolf-Power Racing» թիմից 6 վայրկյան շուտ են հասել եզրագծին ու հաղթանակ տոնել։

Լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ 10 տարուց ավելի զբաղվում է այս սպորտաձևով, հիմնականում Գերմանիայում է մասնակցում մրցումների, կոչվում են  դիմացկունության մրցումներ։

Սպորտաձևը, որով զբաղվում Արթուր Գորոյանը, ավտոմրցարշավ է՝ դիմացկունության մրցարշավ։ Տարբեր մրցումներ կան՝ 4, 6, 12, 24 ժամ տևողությամբ։ Մրցման ժամանակ կարևորը դիմացկունությունն է՝ թե արշավորդի, թե հատկապես մեքենայի։ Այս սպորտաձևն անցկացվում է ասֆալտապատ օղակաձև վազքուղիներում։

Առաջինը լինել՝  մեքենա վարելու մեջ

«Հետաքրքիր բնավորության գիծ ունեմ. եթե ինձ ինչ-որ բան դուր է գալիս, փորձում եմ մասնագիտանալ դրա մեջ և ավելի ու ավելի կատարելագործվել։ Ինձ փորձել եմ դրսևորել այլ սպորտաձևերում,  ավտոսպորտն այն բնագավառն էր, որն ինձ հաջողվեց ու անընդհատ բարելավում եմ իմ հնարավորությունները։

Ցանկացած տղամարդ իրականում սիրում է մեքենա վարել արագ։ Ինձ համար էլ էր այդպես, որը հետո արդեն դարձավ ավտոսպորտ։ Ցանկացած տղամարդ իսկապես ցանկանում է  առաջինը լինել մեքենա վարելու մեջ»։

Ղեկին՝ 8 ժամ

«2016 թվականին ամենաերկար փորձն եմ ունեցել՝ մրցաշարի ժամանակ 8 ժամ աընդհատ եղել եմ ղեկին՝ 3+3+2։ Դա իրականում ամենաերկար ժամանակահատվածն է, որը թույլատրվում է պիլոտին»։

Գրանցած լավագույն արդյունքը կարիերայի ընթացքում

«2013 թվականին  Նյուրբուրգրինգում 4 ժամանոց մրցարշավ էր, որտեղ 1-ին տեղը զբաղեցրեցի։ Իսկ հուզական առումով ավելի եմ կարևորում հենց Աբու Դաբիում կայացած վեցժամյա մրցավազքը, որտեղ հաղթեցինք հայ թիմով, հայկական դրոշով, հայ պիլոտներով»։

Հաջողության հասնելու բանաձևը

«Երբ ասում ենք դիմացկունություն,  նկատի չունենք մեքենայի տեխնիկական չափորոշիչները, այլ թիմն ամբողջությամբ՝ մեքենա, պիլոտներ, մեխանիկներ, լիցքավորողեր։ Բոլորը պետք է լինեն դիմացկուն, եթե իրենք դիմացկուն լինեն, միայն այդ դեպքում հաջողություն կգրանցվի։ Մեկ օրում մարդիկ իսկապես շատ են հոգնում։ Պարապմունքները հենց դիմացկունության զարգացման համար են։ Եթե թիմի մեխանիկներից մեկը թեկուզ մի քիչ անպատրաստ է դիմացկունությանը և, ասենք,  23-րդ ժամին որևէ անիվ բավական ուժով չի պտտում, կարող է արդեն խնդիր առաջանալ։ Ամբողջ թիմը պետք է պատրաստ լինի, մարզվի։

Նպատակների մասին

«Ինչպես յուրաքանչյուր մարզիկի, նաև իմ նպատակն է՝ հանրայնացնել սպորտը, սպորտաձևերը, որպեսզի երիտասարդները ծխելու, ալկոհոլ  կամ թմրանյութ օգտագործելու փոխարեն սպորտով զբաղվեն։ Որպես հայ՝ ուզում եմ հայ հասարակության մեջ հանրայնացնել այս սպորտաձևն ու զարկ տալ սպորտին։

Գերմանիայում ես միակ հայ ավտոարշավորդն եմ։ Ուզում եմ տարբեր երկրներում տարբեր սպորտաձևերով զբաղվող ու հաջողություններ ունեցող հայ մարզիկները հետևեն իմ օրինակին, վերցնեն հայկական արտոնագիր, հայկական ներկայացվածություն ունենալ միջազգային մրցաշարերում ու Հայաստանը, իրենց պատմական հայրենիքը ճանաչելի դարձնեն աշխարհում։

Մենք պետք է փորձենք ոչ թե այստեղ մարզիկներ պատրաստել, որոնք դուրս գան ու այլ երկրի դրոշի ներքո հանդես գան, այլ ունենանք մարզիկներ, որոնք ներկայացնեն մեր երկիրը։ Այսօր, ինչպես նշեցի, ունենք տարբեր երկրներում հանդես եկող հայ մարզիկներ, որոնք հաջողությունների են հասնում։ Ուզում եմ գան այստեղ, այստեղ զարգացնեն սպորտաձևերը։ Մենք ունենք հաջողություններ, որոնք պետք է բերենք Հայաստան»։

Հայաստան վերադարձի ու հայկական դրոշի մասին

«Մրցումների բնույթն այնպիսին է, որ ես անընդհատ տեղից տեղ եմ գնում՝ Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Դուբայ, Աբու Դաբի։ Եթե ինձ հարցնեք, թե որտեղ եմ ապրում, կդժվարանամ պատասխանել։ Ընտանիքս ապրում է Ռուսաստանում, և ես ընտանիքիս հետ եմ։ Անընդհատ տեղափոխվում եմ, ճանապարհորդում եմ։ Բայց պետք է ասեմ՝ ամենուր ելույթ եմ ունենում Հայաստանի դրոշի ներքո և հենց դա է իմ տունը»։

Տեսանյութը՝ քիչ անց։