Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հայկական ոսկերչությունը զարգացման բարձր մակարդակ ունի ե՛ւ որակի, ե՛ւ տեխնիկայի առումով։ Շատ յուրահատուկ գործեր ենք ստեղծում». Ռուզաննա Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայ ոսկերչությունը, պատմականորեն եւ ավանդաբար զարգանալով, արհեստից վերածվել է արվեստի եւ այժմ մշակութային արժեք է: Այն իր ուրույն տեղն ունի համաշխարհային շուկայում: Դրա ապացույցն այն է, որ հայազգի հմուտ վարպետների ձեռքի ինքնատիպ ու բարձրաճաշակ գործերը պարբերաբար ներկայացվում են ոսկերչական միջազգային ցուցահանդեսներում: Այդպիսի ցուցադրությունները հնարավորություն են ընձեռում նոր շուկաներ ու գործարար կապեր ձեռք բերել եւ միջազգային ասպարեզում հայկական ոսկերչությունն ավելի ճանաչելի դարձնել:

«Հայկական ոսկերչությունը զարգացման բարձր մակարդակ ունի ե՛ւ որակի, ե՛ւ տեխնիկայի առումով. շատ յուրահատուկ գործեր ենք ստեղծում, որոնք ազգային ավանդույթների հնարամիտ կիրառմամբ հասել են մեծ ինքնատիպության»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Միտարիո Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Պողոսյանը: Նրա ղեկավարած ընկերությունը շուկայում է 1995 թվականից եւ արդեն երկար տարիներ է՝ զարդարում եւ հաճույք է պարգեւում հազարավոր գնորդների:

Ռուզաննա Պողոսյան

«Միտարիո Գոլդ» ընկերության ոսկյա եւ արծաթյա զարդերը՝ մատանիներ, ականջօղեր, վզնոցներ, ապարանջաններ պատրաստված են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից: Դրանք աչքի են ընկնում շքեղ գունային լուծումներով եւ յուրահատուկ ոճով:

Ռուզաննան սեփական բիզնեսի նաեւ դիզայներն է եւ, բացի մեծաքանակ աշխատանքներից, անհատական-դիզայներական պատվերներ էլ է կատարում: Թանկարժեք զարդերի շուկայում ունենալով իր կայուն տեղը, ընկերությունը պարբերաբար մասնակցում է միջազգային եւ տեղական ցուցահանդեսների՝ ամեն անգամ ներկայացնելով իր արտադրանքի բացառիկ նմուշները: «Միտարիո Գոլդի» վարպետների ձեռքի գործերը չեն վրիպում նաեւ ցուցահանդես այցելած երկրի բարձրաստիճան պաշտոնյաների աչքից:

«Շնորհիվ տեխնիկայի առաջընթացի, փորձառու ու հմուտ վարպետների, այսօր արդեն ոսկերչությունը հասել է կատարելության:

Պահպանելով հնագույն ոսկերչական արվեստը` Հայաստանում ոսկերչությունը միշտ նորանում է, թարմանում եւ ստանում ժամանակակից շունչ»,-ասում է Ռուզաննա Պողոսյանը: Նրա խոսքով, հայկական ոսկերչությունն այսօր հաջողությամբ մրցակցում է աշխարհի լավագույն երկրները ներկայացնող արտադրատեսակների հետ:

Այս հարցում Ռուզաննան համոզվել է, երբ սեփական ընկերության արտադրանքը դուրս է եկել միջազգային շուկա: Տարբեր ցուցահանդեսներից բերած տասնյակ դիպլոմներն ու մրցանակները նույնպես դրա վառ ապացույցն են:

«Միտարիո Գոլդ» ընկերությունը տարիներ շարունակ մասնակցել է «Aru Almaty» ոսկերչական միջազգային ցուցահանդեսին: Մասնագիտացված այս էքսպոն անցկացվում է տարեկան 2 անգամ՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում՝ այդ երկրի կառավարության ու Ոսկերիչների ազգային ասոցիացիայի աջակցությամբ։ Էքսպոյին մասնակցում են հարյուրից ավելի ընկերություններ՝ Հայաստանից, Բելգիայից, Իտալիայից, Կոնգոյից (Աֆրիկա), Ռուսաստանից՝ ներառյալ Յակուտիան եւ Դաղստանը, Թուրքիայից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, ինչպես նաեւ Հնդկաստանից, Չեխիայից, Ղրղզստանից, ԱՄԷ-ից ու Ղազախստանից:

«Aru Almaty»-ն հայ արտադրողների համար դիտարկվում է որպես հնարավոր դարպաս՝ դեպի ասիական մեծ շուկա: Այն միակ միջազգային ոսկերչական ցուցահանդեսն է Ղազախստանում եւ ամբողջ Կենտրոնական Ասիայում։ Այս էքսպոյում Հայաստանի ներկայացուցիչները ցուցադրում են ոսկյա եւ արծաթյա զարդեր, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, ժամացույցներ, զգեստների զարդեր, բնական քարեր եւ այլ աշխատանքներ:

Ռուզաննա Պողոսյանն ամուսնու հետ

Ռուզաննան ասում է, որ հայկական ոսկերչական իրերն իրենց յուրօրինակությամբ նորույթ են ղազախական շուկայում եւ այցելուներին անտարբեր չեն թողնում: Միջազգային այս ցուցահանդես այցելուների թիվն էլ մի քանի տասնյակ հազարի է հասնում, որոնք մասնավոր եւ մեծածախ գնորդներ են Ղազախստանի բոլոր շրջաններից եւ այլ երկրներից:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կարեւոր արդյունքներից է նաեւ, որ «Միտարիո Գոլդ» ընկերությունը խանութ-ներկայացուցչություն է բացել Ղազախստանում։

«Միտարիո Գոլդ»-ի ձեռքբերումներից մեկն էլ «Aru Almaty» ցուցահանդեսում 2018 թվականին է եղել, երբ էքսպոյի շրջանակներում կազմակերպված՝ «Լավագույն ոսկերչական իրեր 30-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդես» մրցույթում ընկերությունը «Ոսկերչական արվեստի ազգային ավանդույթների պահպանում եւ զարգացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Իմաստուն կին» կախազարդի համար:

Գործունեության 27 տարիների ընթացքում ընկերությունը բազմիցս պարգեւատրվել է ոսկերչության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Ստացել է վկայականներ եւ հավաստագրեր «Հայաստանի ոսկերիչների միջազգային ասոցիացիայից», «Made in Armenia»-ի, «Aru Almaty»-ի, « JUNWEX Москва»-ի, «JUNWEX Yerevan show» եւ այլ միջազգային ցուցահանդեսների կազմակերպիչներից:

Մեծ եղեռնի 100-ամյակի առիթով պատրաստված Ռուզաննա Պողոսյանի «Հայաստան» հավաքածուն 2016 թվականին «JUNWEX Москва» միջազգային ցուցահանդեսում արժանացել է առաջին տեղի մրցանակի՝ «Էթնիկ մոտիվներ անվանակարգում», որը, մասնագետների գնահատմամբ, իսկական արվեստի գործ է:

2016 թվականին «Հայաստանի զարգացման հիմնադրամի» աջակցությամբ «Միտարիո Գոլդ» ընկերությունը մասնակցել է նաեւ «JUNWEX Петербург» 24-րդ միջազգային ամենամյա ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսին, որտեղ նույնպես ստացել է առաջին մրցանակ՝ «Ռուզաննա» հավաքածուի համար:

«JUNWEX Петербург»-ը ՌԴ-ում եւ ԱՊՀ երկրներում ոսկերչական բնագավառում մեծ ճանաչում ունեցող միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն են առեւտրային ցանցերի եւ ընկերությունների ներկայացուցիչներ, առաքիչներ, խոշոր գնորդներ: Ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են 500-ից ավել կազմակերպություններ՝ ավելի քան 20 երկրներից, իսկ այցելուների թիվը հատում է 25 հազարը։

«Միտարիո Գոլդ»-ի արտադրանքը Հայաստանում վաճառվել է ընկերության խանութ-սրահներում: Ընկերությունը համագործակցել է Հայաստանում եւ արաբական երկրներում հայտնի ընկերությունների հետ: Գործերն արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն, Թուրքմենստանի՝ Աշխաբադ քաղաք, Ուզբեկստան: Լոնդոնից ու ԱՄՆ-ից նույնպես պատվերներ են ունեցել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ