Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հերթական անգամ ինքնանպատակ փո՞ղ եք տալու ինչ-որ մարդկանց». Գեղամ Նազարյանի հարցադրումներին ՔՊ պատգամավորն արձագանքեց՝ «Բարի լինեիք, ներկա լինեիք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ԱԺ նիստում ներկայացրեց «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Առաջարկվում է բազմաբնակարան շենքերի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ:

Ըստ Ղուլարյանի, հետխորհրդային տարիներին բազմաբնակարան շենքերի կառավարման օղակները ձեւավորվել են իներցիայով ու չկա գիտելիքի, փորձառության որեւէ պահանջ նրանց նկատմամբ, դրա համար անարդյունավետ կառավարում է իրականացվում, արդյունքում վատթարանում է շենքի ֆիզիկական վիճակը ու վտանգվում շենքի բնակիչների կյանքը: Նախագծով չափանիշներ են սահմանվում մասնագիտական որակավորման համար՝ աշխատակիցների վերապատրաստում, դասընթացների կազմակերպում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց. «Ուզում եմ պարզաբանեք, որ մեր բնակչությունը, որ ապրում է խոշոր քաղաքներում, հասկանա՝ ի վերջո ի՞նչ եք ուզում անել: Հիմա շենքերը կառավարվում են համատիրության միջոցով: Մարդիկ իրենց միջոցներով իրենց շենքը կառավարում են: Հստակ պարզաբանեք՝ սա նշանակում է, որ սրանից հետո համատիրությանը թույլ չե՞ք տալու կառավարել շենքը, լինելու են արտոնագրով հատուկ մարդի՞կ: Ի՞նչ խնդիր եք ուզում լուծել սրանով՝ ուզում եք ինչ-որ մարդկանց փող աշխատելու հնարավորությո՞ւն տաք, թե՞ նորմալ ուզում եք շենքերը կառավարեք»:

Ղուլարյանը պատասխանեց, որ բնակիչների շահերից է բխում այս նախագիծը ու բացառված է այն մտադրությունը, որ փող աշխատելու հնարավորություն է սա զուտ: Մասնագիտացում է լինելու՝ դասընթացներով. «Ամեն մի շենք ինքն է որոշում իր կառավարման մարմնի տեսակը, ժողովի միջոցով պետք է ընտրեն ու մասնագիտացված կառույց կառավարի»:

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարցրեց. «Ունե՞ք ծրագիր, որով նախատեսում եք բազմահարկ բազմաբնակարան շենքերին փոխարինող նոր շենքեր, ի՞նչ վիճակում են դրանք ու բիզնեսի հետ ի՞նչ կարգի հարաբերություններ կան: Հնարավոր չէ՞ բիզնեսի հետ պայմանագիր կնքել ու այն շենքերը, որոնք հին են, փոխարինվեն: Ինձ ասում են, որ երբ դիմում են ինչ-որ տարածքում շենք կառուցելու, փոփոխելու, նամակների բովանդակությունը բավականին անհասկանալի է, հիմնավորումերն են անհասկանալի եւ ուշացումները: Ի՞նչ հարթակ եք ստեղծել, որ կարողանանք նոր ձեւով դա կառավարենք, մարդիկ գոհ մնան»:

Ղուլարյանը պատասխանեց, որ շենքերի վթարայնության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կան. 800-ից ավելի 3-րդ կարգի վթարայնության շենքեր ունենք, դրանցից 100-ը՝ 4-րդ կարգի: Ինչ վերաբերում է նամակներին, դիտողությունն ընդունվեց:

Հարակից զեկուցող ՔՊ-ական Լիլիթ Կիրակոսյանը պարզաբանեց նախագիծը՝ ասելով, որ մասնագիտացված կառավարում ասելով՝ նկատի չունեն, որ 4 տարի համալսարանում պետք է ուսանես, որ դառնաս շենքի համատիրության նախագահ. «Մինիմալ գիտելիքների մասին է խոսքը, որ անհրաժեշտ է ձեռք բերել, որ հնարավոր լինի կառավարել բազմաբնակարան շենքերը»:

Գեղամ Նազարյանը հարցրեց. «Գործնականում ո՞նց է իրականացվելու այս խնդիրը՝ գործող համատիրության ղեկավարին տանելու են կուրսերի, հետո ասեն՝ շարունակի՞, ո՞վ է անցկացնելու այդ դասընթացները, բյուջեից ինչքա՞ն փող է հատկացվելու դրանց համար: Հանձնաժողովում այդ ամեն ինչը քննարկե՞լ եք ու գործնական հարթության վրա պատկերացրե՞լ եք: Թե՞ հերթական անգամ մի երկրից վերցրած օրինակով բերել եք, ուզում եք անեք դա»: Կիրակոսյանը պատասխանեց, որ հանձնաժողովում «Հայաստան» խմբակցությունից 3-4 հոգի ներկայացված են ու տեղեկացված են եղել քննարկման մասին. «Բարի լինեիք, ներկա լինեիք: Մի քանի հարց տվեցիք, որ 45 վայրկյանի մեջ հնարավոր չէ տեղավորվել ու պատասխանել, բարձրացնեիք ձեզ հուզող հարցերը հանձնաժողովում: Որեւէ անգամ չեմ տեսել, որ ձեր խմբակցությունից մեր հանձնաժողովում ներկա լինեն: Ինչ վերաբերում է մասնագիտական որակավորմանը, դա սահմանելու է կառավարությունը, ձեր բոլոր հարցերը, այո, քննարկվել են, կարող եք նույնիսկ հանձնաժողովի նիստը նայել»:

Գեղամ Նազարյանը արձագանքեց. «Մենք բարի չենք գտնվել, չար ենք գտնվել: Ես չեմ եկել նիստին, ուզում եմ որպես պատգամավոր, շենք ներկայացնող մարդ այդ հարցի պատասխանը ստանամ՝ հերթական անգամ ինքնանպատակ փող եք տալու ինչ-որ մարդկանց, թե՞ խնդիր եք լուծելու: Ուզում եք գումա՞ր նվիրել ինչ-որ մարդկանց»:

Կիրակոսյանը պատասխանեց, որ այդ հարցերը քննարկել են հանձնաժողովում ու պատասխանը ստացել են: Նրա խոսքով՝ այսօրվա համատիրությունների ղեկավարները պարզ մաթեմատիկական հաշվարկներ չեն կարողանում անել ու գումարները հաշվեհամարով փոխանցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ