Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը:

Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, և շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի, ասվում է հաղորդագրության մեջ։