Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ իշխանությունները միակողմանի որոշել են կամ նրանց «հավատացրել» են, որ Հայաստանը բանակի կարիք չունի

Lragir.am-ի զրուցակիցն է «Բերդ» կրթական, ռազմահայրենասիրական ՀԿ անդամ Արփի Թոփչյանը

Բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքը ինչի՞ հետևանք եք համարում։

Բանակում տեղի ունեցած հերթական ողբերգական դեպքը ՀՀ իշխանությունների կողմից տարվող պաշտպանական քաղաքականության տապալման ևս մեկ դրսևորում է։ Այս ողբերգության առաջնային և գլխավոր պատասխանատուն երկրի քաղաքական ղեկավարությունն է՝ վարչապետով և նրա կողմից նշանակված պաշտպանության նախարարով։ Ցավով եմ նշում, բայց նմանատիպ և ավելի սարսափելի դեպքերի կրկնությունը բացառված չէ, քանզի նմանատիպ դեպքերի բացառման հիմքում ընկած է սխալների ադեկվատ և օբյեկտիվ վերլուծությունը։ ՀՀ կառավարության ղեկավարի կողմից առաջ քաշված՝ տրամաբանությունից զուրկ և ֆիզիկայի օրենքներին դեմ վարկածը վկայում է, որ այդ մասին խոսք լինել չի կարող։ Ի վերջո, բոլորիս համար էլ պարզ է, որ ինքնապարգևատրումների և պետական միջոցների վատնման ֆոնին բանակում տիրող նյութատեխնիկական խայտառակ վիճակի հետևանքով 15 զոհի առկայությունը քաղաքական պատասխանատվությունը վեր է ածել արդեն քրեական պատասխանատվության։

Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները միակողմանի որոշել են կամ նրանց «հավատացրել» են, որ Հայաստանը բանակի կարիք չունի։ Իսկ բանակի վրա խնայած միջոցները կարելի է մեծ հաճույքով ծախսել ինքնապարգևատրումների, միջազգային գործողումների, մեքենաների և այլ զվարճանքների վրա։ Ինչ փույթ, որ ընդամենը չորս ամիս առաջ 220 հայորդիներ իրենց կյանքով կանգնեցրին թշնամու ճանապարհը։ Հիշեցնեմ, որ Ջերմուկի և Վարդենիսի ուղղությամբ հարձակումը Քարվաճառից էր, այն տարածքից, որ հայ սպան և զինվորը պահել էին, բայց ՀՀ վարչապետը հանձնել է մեկ ստորագրությամբ։

Իշխանությունները հայտարարել են այն մասին, որ հայկական բանակի բարեփոխումները տեղի են ունենալու ռուսական կողմի աջակցությամբ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը, ի՞նչ մոդել է ռուսական բանակի մոդելը։

Այդ հայտարարությունը և դրան հաջորդող քայլերը ես գնահատում եմ խիստ բացասական, որովհետև Հայաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերի տեսանկյունից ռուսական բանակի մոդելը արդյունավետ չէ: Հայաստանն ունի ռելիեֆային, ժողովրդագրական, տնտեսական և ռեսուրսային բոլորովին այլ պայմաններ և չի կարող իրեն թույլ տալ ռուսական բանակի մոդելով առաջնորդվելու «շքեղությունը»: Ռուսական ռազմական դոկտրինի՝ ռազմավարական խնդիրներ լուծելու անարդյունավետությունն այսօր առավել քան երևում է Ուկրաինայում, երբ անգամ Ռուսաստանի պես հսկա երկրի ռեսուրսներն իր տրամադրության տակ ունեցող համակարգը չի կարողանում ռազմավարական խնդիրներ լուծել: Բացի դրանից, մենք արդեն անցել ենք ռուսական բանակի մոդելով գնալու ճանապարհը։ Ի վերջո Արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրեց սովետական բանակի մոդելը՝ առանց հաշվի առնելու ռուսական ու հայկական բանակների առջև դրված խնդիրների առանձնահատկությունները։ Նման մոտեցման աղետալի հետևանքները տեսանք 2020 թվականին: Սովետական՝ ռուսական բանակի մոդելը կենսունակ չէ 21-րդ դարի պատերազմներում։

Դուք խոսեցիք քաղաքական պատասխանատվության մասին, այնինչ, իշխանության ներկայացուցիչներն այս օրերին հայտարարեցին, որ ճիշտ աշխատանք են իրականացնում, քաղաքական պաշտոնանկություններ չպետք է լինեն։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

ՀՀ քաղաքական իշխանությունների նման պահվածքի հիմնական պատճառն այն է, որ նրանք մինչև օրս պատասխան չեն տվել երկրի անվտանգային համակարգը ջախջախելու և պաշտպանական քաղաքականությունը տապալելու համար։ Եթե հայ հանրությունը լիներ քաղաքական ազգ, նա կգիտակցեր, որ պետության և պետության ղեկը ստանձնած անձի, թիմի թիվ մեկ պարտականությունը երկրի անվտանգության ապահովումն է։ Իսկ պատերազմի մեջ գտնվող երկրում անվտանգության հարցը բազմակի կարևոր է, հետևաբար այդ հարցը տապալած ղեկավարի պատասխանատվության հարցը հանրային դիսկուրսի թիվ մեկ թեման պիտի լիներ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Քաղաքական ազգի փոխարեն՝ էմոցիոնալ և հեղհեղուկ զանգված։ Ուստի, իշխող թիմը մինչ օրս մնացել է անպատիժ։ Իսկ անպատժելիության զգացումը գլխապտույտ առաջացնելու հատկություն ունի։ Հատկապես պատմական օրինաչափություններից անտեղյակների մոտ։

Վերջում, օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլորիս ՀՀ ԶՈՒ կազմավորման 31-ամյակի կապակցությամբ։ Դեռ գալու է Հայ Ազգի արժանապատվության վերականգման ժամը…