Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահի դիմավորման արարողությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց։ Երկու նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունները և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:

Հանրապետության նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: