Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ վարչապետը շարժում է մահաբեր «ստատուս քվոն» երկրի խորքը. Ամանորյա զեկույց #1

Նիկոլ Փաշինյանը կարելի է ասել արդեն առիթ է փնտրում ելույթ ունենալու եւ իր պարտավորությունների վերաբերյալ հավատարմության հերթական զեկույցը հայտնելու Պուտին-Ալիեւ զույգին։ Սրանցից երկրորդը ուղիղ է ասում, որ ընդունում է «Պաշինյանի» հավատարմության անհրաժեշտ բոլոր ազդանշանները [Ալիեւ, 1]

Այս անգամ վարչապետի թեման ՀԱՊԿ երեւանյան թատրոնն էր՝ ինչու չի ստորագրվել հռչակագիրն ու «Հայաստանին օգնության միջոցառումների մասին» հայտարարությունը։ Ըստ էության, նրա բերած պատճառները հիմնավոր են՝ ՀԱՊԿ-ը հրաժարվում է քաղաքական գնահատականից, չի ճանաչում Բաքվի ագրեսիան ու ներխուժումները եւ չի պահանջում դուրս բերել Բաքվի զորքերը։ Նշենք միայն, որ ներխուժումից շաբաթներ էին անցնում, իսկ ՀՀ վարչապետը նման պահանջ չէր ներկայացնում Բաքվին՝ առաջին պահանջը Մակրոնից էր, ինչից եւս երկու շաբաթ անց միայն Երեւանից շշուկով հնչեց «ետքաշում» բառը:

ՀՀ վարչապետը շարունակում է, թե դեռ պարզ չէր՝ ՀԱՊԿ ինչ օգնության մասին է խոսքը, բացի այդ՝ «օգնության ընդունումն այս պահին առանց հստակ գնահատականների կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունում այն ստատուս քվոյի, որը հաստատված է մեր սահմաններում»։ ՀՀ դիրքորոշումը նույնական է Բաքվի դիրքորոշմանը, երբ նույն պատճառաբանությամբ վերջինս առարկում էր ԵԱՀԿ մշտադիտարկմանը 1994 թվականի շփման գծի երկայնքով: Մենք բազմիցս նշել էինք ՀԱՊԿ գործունեության վնասների, եւ այս մեկի՝ ֆիքսացիայի մասին եւս:

Այստեղ ավելացնենք, որ սա վարչապետին, ԱԳ նախարարին, ԱԺ գլխավոր դիջեյին եւ մնացած քփ-ներին հատուկ մեթոդաբանություն է: Այն կարելի է «մսավաճառի հնարք» անվանել, երբ մեծ կտորը ցուցադրվում է այնպես, որ փտած մասը որեւէ կերպ չերեւա: Իր, Պուտինի ու Ալիեւի համար «ալիբի» է ստեղծվում եւ թաքցվում վառ ներկայացման բուն նպատակը: ՀԱՊԿ-ին մեղադրելուց առաջ նախ սեփական հստակ գնահատականը պետք է լիներ, այդ թվում՝ 2020 թվականից ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ը լքելու անխուսափելիության մասին։

Պուտինի հրահանգների կամակատարությունը, Ալիեւի չդադարող փաստաբանությունը, հայկական խնդիրների տարանջատումը Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ Անկարայում մշակված բանաձեւով, դրանց միասնական իրավական քննարկումը միջազգային օրինական հարթակներում չեզոքացնելը, պետական ինստիտուտների կազմալուծումը, իր զլմ-սազանդարների միջոցով դատապարտվածության քարոզ իրականացնելն են գերագույն «ստատուս քվոն»։ Այդ վիճակին երկիրը բերելն էր նրա իշխանության առաքելությունը 2018-ի մայիսից: Դա ամենեւին ստատիկ, անշարժ, կարծրացած«ստատուս քվո» էլ չէ, այլ հետեւողական սեղմվող օղակ Հայաստանի պարանոցին։

Խնդիրը հենց այստեղ է՝ այս ընթացքը կանգնեցնելը եւ հետ շրջելը։ Փաշինյան-Սիմոնյան-Միրզոյան եռյակը նույն օրը հավատարմության երդում տվեց ՀԱՊԿ-ին, փոխարենը՝ իշխանության ղեկին նորանոր «ստատուս քվոներ» ձեւավորելու արտոնություն ստացավ։

Իրավիճակը շրջելն անհնար չէ, ինչպես փորձում են համոզել Փաշինյանն ու նրա խմբակն իրենց ողորմելի գոյությունը նողկալի նատուրալիստական դետալներով հանրային դիտարկման հանելով՝ «տեսեք որքան ողորմելի է ձեր ընտրած իշխանությունը, բայց սա է լավագույնը՝ նայեք քրդի դեյրեք գլխներին քաշած թամանյանական ու գրիգորյանական շենքերն ու «աննախադեպ ճոխ տոնածառը» (© Ա.Քոչարյան) որքան պզպղան են»:

Իրավիճակը շրջվելու է, եւ Հայաստանի դեմ ծրագրերի հեղինակներն ու նրանց խամաճիկները նետվելու են պատմության միեւնույն աղբանոցը։ Դրանում քպ-ական խեղկատակները, կարծում ենք, չեն կասկածում, ինչով էլ պայմանավորված է նրանց քայլերի աղետաբեր հեւքը եւ մոսկովյան կենտրոնին զեկույցների հաճախացումը: