Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հոգատարության փոխարեն՝ PR

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հիշում եմ, երբ ես 11 կամ 12 տարեկան էի, մենք ամռանն ընտանիքով հանգստանում էինք Էստոնիայի Պյառնու քաղաքում: Մի օր ես Կալեւի կենտրոնական փողոցում սպասում էի մերոնց, եւ եղունգով քչփորում էի շենքերից մեկի պատը: Նույն պահին ինձ մոտեցավ խիստ արտաքինով մի էստոնացի եւ տեղական ուժեղ առոգանությամբ գրեթե բղավեց՝ «այդ ի՞նչ եք անում»: Ես ինչ-որ բան կմկմացի, թե ձեր պատերին չեմ ցանկացել վնաս տալ, պարզապես մտքերի մեջ էի ընկել: «Դուք խուլիգան եք», – եզրակացրեց էստոնացին եւ հեռացավ:

Պետական ավանդույթները, քաղաքային մշակույթը, հարազատ երկրի հանդեպ հոգատարությունը սկսվում է նման մանրուքներից: Այս ամենի նկատմամբ անտարբերությունն, իր հերթին, սերում է պետական, մտավոր, քաղաքական վերնախավի կողմից եկող «ազդանշաններից»: Վահրամ Դումանյանի վերաբերմունքը Հանրապետության հրապարակի՝ հուշարձան հանդիսացող շենքերը հազար տեղերից ծակծկելուն, այս բացասական ազդանշանների դրսեւորումն է: Ի դեպ, քաղաքապետի իշխանության թեկնածու Ավինյանի ստանդարտ արդարացումը՝ «բա որ նախկիններն էին անում…», նույնքան վատ ուղերձ է: 1930-ականներին «նախկինները» պայթեցնում էին եկեղեցիները, մենք է՞լ այդպես վարվենք:

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չպիտի լինի ԿԳՄՍ՝ բյուջեի տնտեսումը, եթե նույնիսկ կա, վնասները չի փոխհատուցում: Չնայած առաջ ինձ թվում էր, որ Մշակույթի նախարարություն պետք չէ, ես այդ հարցում սխալվում էի: Իսկ մշակույթի նախարարը, իհարկե, ամենեւին պարտադիր չէ, որ լինի արվեստագետ, բայց ես նրան պատկերացնում եմ որպես ինքնուրույն մտածող մարդ, որը տեղն եղած ժամանակ կարող է հակադրվել պաշտոնական կարծիքին, ոչ թե փորձի արդարացնել կամ, համենայնդեպս, չտեսնելու տալ ցանկացած բարբարոսություն: Ինքնուրույն մտածող պաշտոնյաներ կային Հայաստանում նույն կոմունիստների ժամանակ: Կարեն Դեմիրճյանից սկսած:

Իրական հոգատարության փոխարեն այսօր աշխատում է PR-ը, պոպուլիզմը: Տեսեք՝ ապամոնտաժում ենք: Այդ «ապամոնտաժելու գովազդի» առաջին ալիքն էին բարձրացրել Հայկ Մարությանը եւ Արթուր Մեսչյանը: Հիշո՞ւմ եք, հայտարարվում էր, թե իբր ապամոնտաժվելու են օպերան շրջապատող բոլոր սրճարանները: Մեծ աղմուկ, բացականչություններ՝ «վերջապես արդարությունը հաղթել է», որից հետո ապամոնտաժվեց մեկ կամ երկու սրճարան՝ հստակ քաղաքական ենթատեքստով: Հիմա եկել է Ավինյանի «PR-վելու» ժամանակը: Եվ ապամոնտաժվելու հերոսական քայլն, իհարկե, պետք է արվեր Հանրապետության հրապարակում: Հավանաբար՝ որպես շենքերը ծակելու փոխհատուցում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ