Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հունաստանի վարչապետը չի հավատում, որ իրավիճակը կարող է զինված հակամարտության հասնել Թուրքիայի հետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չի կարծում, որ Հունաստանի և Թուրքիայի միջև զինված հակամարտություն կարող է տեղի ունենալ, թեև անհանգստացած է Անկարայի ռազմատենչ, ըստ հունական կողմի, հռետորաբանության աճով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հունաստանի կառավարության ղեկավարը շաբաթ օրը Ալեքսանդրուպոլիսում կայացած մամուլի ասուլիսում։

«Ոչ, ես չեմ հավատում, որ մեզ սպասվում է «թեժ միջադեպ» »,-ասել է Միցոտակիսը և հավելել. «Ես անհանգստացած եմ Անկարայի հռետորաբանությամբ, խնդրում եմ Թուրքիային գիտակցել, որ այն ճիշտ ռազմավարություն չէ: Որքան ուժեղ պաշտպանենք մեր սահմանները և որքան ուժեղացնենք մեր ռազմական ուժերը, այնքան պատրաստ կլինենք նստել և քննարկել Թուրքիայի հետ ունեցած միակ տարաձայնությունը»:

Հունաստանը կարծում է, որ Թուրքիայի հետ Էգեյան տարածաշրջանում միակ վիճելի հարցը ծովային գոտիների և բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատումն է, և միայն այս հարցով է պատրաստ բանակցել Անկարայի հետ։

«Հուսով եմ, որ մենք տեսել ենք թուրքական հռետորաբանության գագաթնակետը, և այսուհետ տոնայնությունը կնվազի: Թե՛ մենք, թե՛ Թուրքիան ընտրություններ կունենանք նույն ժամանակահատվածում, դա կարող է լինել լավ, մի կողմից, բայց ամեն դեպքում, Հունաստանը չի ընդունում հրահանգներ իր ինքնիշխան իրավունքների վերաբերյալ և կարիք չունի որևէ մեկի հավանությանը իր զինված ուժերն ուժեղացնելու հարցում»,-ասել է նա։

Միցոտակիսը նաև նշել է, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանին կառուցվող պարիսպն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը, և որտեղ հնարավոր է, այն կերկարացվի։

«Քանի որ ԵՄ-ն մեզ դրա համար միջոցներ չի տա, մենք այս շինարարությունը կֆինանսավորենք ազգային միջոցներից»,-ընդգծել է վարչապետը։