Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Եթե Կապարոսն իսկապես մեղավոր է,պետք է պատասխան տա՝ ՀՖՖ ղեկավարների հետ միասին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հերթական անհաջողություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ իսպանացի մարզիչ, 66-ամյա Խոակին Կապարոսն այլևս ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէ՝ Կապարոսն ու ֆեդերացիան երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ հանդիպել է Կապարոսի հետ, քննարկել հավաքականի այս տարվա ելույթները։

Մինչ ՀՖՖ-ն պնդում է, թե պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ է խզվել, Կապարոսի վերջին ասուլիսը հակառակն է ապացուցում։ Նա նշել էր, որ ինքը պայմանագիր ունի մինչև նոյեմբերի 30-ը, այսինքն՝ միայն դրանից հետո պարզ կլինի իր ապագան։

ՀՖՖ մեր աղբյուրները պնդում են, որ ֆեդերացիայի նախագահն ու փոխնախագահը հասկացել են, որ իրենց հեռանալու ժամանակը ևս եկել է, ուստի Կապարոսին հեռացնելով՝ ուզում են ջրից չոր դուրս գալ, շարունակել պաշտոնավարել։

Գրել էինք, որ 5 անընդմեջ պարտությունից հետո երկրպագուների շրջանում բողոքի ալիք է բարձրացել, ֆուտբոլասերներն այս խայտառակության մեղավոր են համարում հավասարապես Կապարոսին և ՀՖՖ ղեկավար կազմին։ «Էդ Կապարոսին ովքե՞ր են բերել, ովքե՞ր են նշանակել, չե՞ք հիշում»,- Ուկրաինային խոշոր հաշվով զիջելուց հետո ասում էր երկրպագուներից մեկը։

Նշենք, որ Կապարոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության մեջ հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբում: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ:

Իսկ եթե նա իսկապես մեղավոր է և այս ընթացքում ահռելի աշխատավարձ ստանալով, ըստ լուրերի՝ տարեկան մոտ 1,3 մլն եվրո, գումարած պարգևավճարները, կեցությունը, Իսպանիա մեկնելու ծախսերը՝ ՀՖՖ-ի վրա, ապա ոչ թե պետք է հանգիստ հեռանա, այլ պատասխան տա՝ ՀՖՖ ղեկավարների հետ միասին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում