Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություններ են նախատեսվում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգում փոփոխություններ են նախատեսվում։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին», Վարչական, Քաղաքացիական դատավարության, Քրեական դատավարության օրենսգրքերում։

Դրանով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ դիմելու ընթացակարգային կանոններ կսահմանվեն, այդ թվում`«դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջների, փոխգործակցությունն ապահովող անձի և նրա գործառույթների վերաբերյալ կարգավորումներ»։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Չնայած Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ օգտվել է նշված հնարավորությունից, այնուամենայնիվ, ներկայումս բացակայում են այդ մեխանիզմի կիրառման ներպետական հստակ ընթացակարգային կարգավորումները, ինչն անորոշություն է ստեղծում գործընթացի ճիշտ կազմակերպման տեսանկյունից»: Ըստ այդմ, որոշել են գործընթացում պարզություն մտցնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։