Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչքան սպասեցինք, հերիք է․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Ռուսաստանը խանդով է վերաբերվում Արևմուտքի ներգրավվածությանը հայ-ադրբեջանական երկխոսությանը։

«Ինձ մեկ է, ինձ պետք է, որ Հայաստանի Հանրապետության սահմանից այս կողմ, որը ՀԱՊԿ-ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի: Ինձ համար մեկ է՝ դա խանդի հողի վրա է, պայմանավորվածությունների հիման վրա է: Ես հռետորական հարց ունեմ՝ պատկերացնենք, որ ինչ-որ երևակայական հակառակորդ հատել է ՌԴ սահմանը, և դրա պատճառով Սոչի քաղաքը դատարկվել է: Դուք պատկերացնո՞ւմ եք այդ իրավիճակը: Ինձ համար մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունն է կարևոր։ Ինձ համար կարևոր է, որ, այո, պետք է ստիպել, որ այդ ՀԱՊԿ-ը աշխատի, եթե չի աշխատի․․․ Վերջիվերջո, մենք բերեցինք այն բանին, որ հայտարարություն արվի, քաղաքական գնահատական հնչի: Հիմա սպասում ենք առնվազն այդ քաղաքական գնահատականին: Բայց, միաժամանակ, դա մեզ համար բավարար չէ, և բնական է, մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար չենք սպասելու, որ մի կողմից մի բան լինի, որովհետև այլևս չունենք սպասելու ոչ ժամանակը, ոչ տարածքը, ոչ էլ հնարավորությունները: Ինչքան սպասեցինք, հերիք է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։