Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչո՞ւ է մեր միտքը և մեր բնազդն այդքան աղավաղված և ռուսականացված

Չգիտես ինչու, երբ Փաշինյանը Սովետական Հայաստանի 29.800 ք/կմ սահմանների մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց, շատերը բարկացան:

Նույնիսկ նրանք բարկացան, ովքեր 2020 թվականի պատերազմից և Սև լճի դեպքերից հետո, միաձայն, շրջանառության մեջ մտցրեցին “Հայաստանի սուվերեն տարածք” ներխուժման թեզը: “Հայաստանի սուվերեն տարածք” ասելիս` մարդիկ նկատի ունեին և նկատի ունեն 29.800 ք/կմ -ը:

Փաշինյանի խոսքից բարկացան նաև նրանք, ովքեր Արցախի անկախություն  պահանջելով` սպիտակ բաժանարար նշաններով` ՀՀ դրոշն ուսերին` քայլում էին Երևանի փողոցներով: Իսկ երբ այդ մարդկանց հարց էինք տալիս, թե ո՞ր միջազգայնորեն ճանաչված պետական սուբյեկտից են ուզում, որ Արցախն անկախ լինի` նրանք պատասխան չէին գտնում: Այսինքն` Արցախի անկախությունը պահանջող այդ մարդիկ, նույնպես, Հայաստանը ճանաչում են 29.800 ք/կմ տարածքով, քանի որ պահանջելով Արցախի անկախությունը` նրանք փաստում են, որ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ: Ավելին, պահանջելով «չճանաչված» Արցախի անկախությունը, նրանք փաստում են, որ Արցախն Ադրբեջան է:

Ուրեմն` ինչի՞ց  են բարկացել տվյալ մարդիկ`  Փաշինյանի ելույթից հետո, եթե իրենք նույնպես չեն համարում Արցախը ՀՀ-ի մաս, հետևաբար, Հայաստանի տարածքը ճանաչում են ընդամենը 29.800 ք/կմ տարածքով:

Եկեք մի պահ պատկերացնենք, որ Վուդրո Վիլսոնը 100 տարի առաջ Հայաստանի համար լեգիտիմ 164 000 ք/կմ տարածքով սահմաններ չէր գծել: Պատկերացնենք, որ Միացյալ Նահանգների 28-րդ նախագահն, ուղղակի, սահմանափակվել էր հայ մանուկների փրկությամբ և հայությանը ֆինանսական օգնությամբ: Պատկերացնենք նաև, որ Ազգերի Լիգան Արցախի վերաբերյալ հայանպաստ առաջարկ-զեկույց չէր ներկայացրել:

Ուրեմն ի՞նչ` մենք պետք է հաշտվեի՞նք Արցախի կորստի և 29.800 ք/կմ «սուվերեն տարածք»-ի հետ: Բա ո՞ւր մնացին մեր պատմական և բնական իրավունքները: Ո՞ւր մնացին քաղաքական և դիվանագիտական հմտությունները:

Հրեաները մի քարի վրա հազարամյա հրեական արձանագրություններ էին գտնում և դրանով աշխարհին ցույց տալիս այն փաստը, որ տվյալ տարածքն իրենց սուվերեն պետական  հայրենիքն է: Իսկ մենք, ունենալով Վիլսոնի իրավարար և լեգիտիմ վճիռ և Ազգերի Լիգայի առաջարկ, որը, հաստատ, սովետական ներքին Կովբյորոյի որոշումից ավելի լեգիտիմ է, կախված ենք ապօրինի Լենին-Քեմալ Մոսկովյան պայմանագրից և դրանից բխող քաղաքական-իրավական հայակործան հետևանքներից:

Ինչո՞ւ է մեր միտքը և մեր բնազդն այդքան աղավաղված և ռուսականացված, որ բերել է մեզ «Անկախ Արցախի» և «սովետական 29.800 քկմ սուվերեն տարածքի» «լեգիտիմությանը»:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից