Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչպես են մարդիկ օգտագործել կենդանիներին բուժիչ նպատակներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հնուց ի վեր մարդիկ օգտագործել են դեղաբույսերը բուժիչ նպատակներով՝ փոխանցելով մեզ այն բազմաթիվ գիտելիքները, որոնց շնորհիվ երբեմն հնարավոր է լինում խուսափել առողջական տարբեր խնդիրներից։ Սակայն բնության մեջ դեղաբույսերից զատ բուժիչ ազդեցություն ունեն նաև որոշ կենդանիներ։

Սողացող բժիշկները

Իհարկե, բժշկությունն առաջին հերթին ասոցացվում է օձի հետ, որին հենց խորհրդանշական դեր է բաժին ընկել։ Հին հունական լեգենդի համաձայն՝ բժշկության աստված, Ապոլոն աստծո որդի Ասկլեպիոսն իր ունակություններով պարտական է օձին։

Մի անգամ նա իր գավազանին փաթաթված օձ է տեսնում ու սպանում նրան։ Սակայն քիչ անց սողունին հարություն է տալիս մեկ այլ օձ՝ հրաշագործ բույսի օգնությամբ։ Ասկլեպիոսը, յուրացնելով այդ հմտությունը, շուտով ինքն է սկսում մեռելներին հարություն տալ, իսկ օձով փաթաթած գավազանը մինչ օրս խորհրդանշում է բժշկության հաղթանակը մահվան նկատմամբ։

Այլ լեգենդներում և առասպելներում նույնպես օձը հանդես է գալիս որպես նվիրական գիտելիքների ու ապաքինման գաղտնիքների կրող։ Անտիկ ու միջնադարյան բշկողներն օգտագործում էին, օրինակ, օձի միսը՝ թունավորման հետևանքները բուժելու համար։ Չինական ժողովրդական բժշկությունում լայնորեն կիրառվում էին օձի թուրմերն ու արյունը։ Ժամանակակից բժշկությունը մասնակիորեն ընդունում է հնագույն բժշկողների մեթոդները՝ օձի թույնն օգտագործելով տարբեր դեղամիջոցների ու քսուքների մեջ։

Քաղցր թույն

Շատ միջատներ նույնպես ժամանակին օգտագործվել են բուժիչ նպատակներով։ Օրինակ՝ մետաքսի թրթուրներից պատրաստվել են նյարդային խանգարումների ու հարբուխի դեմ պայքարող միջոցներ, իսկ բզեզներն օգտագործվել են այն պատրաստուկների կազմում, որոնք պետք է որ սիրային ցանկություն առաջացնեին։ Սակայն ամենաարդյունավետ ու հայտնի միջատը, որին մինչ օրս բուժիչ ազդեցություն է վերագրվում, մեղուն է։

Մեղուների խայթոցը ցավոտ է, իսկ ալերգիկ մարդկանց համար անգամ մահացու կարող է լինել, սակայն այն նաև բուժիչ ազդեցություն ունի։ Մեղվի թույնով բուժումը կիրառվել է հնագույն ժամանակներից ի վեր։ Օրինակ, հինհռոմեական բժիշկ Գալենը նկատել էր, որ մեղվի թույնն արագացնում է վերքերի ապաքինումը, ունի ցավազրկող ազդեցություն, անգամ կանխում է ճաղատությունը։

Ինչպես հաստատել են ժամանակակից հետազոտությունները, մեղվաթույնի՝ ապիտոքսինի ազդեցությամբ մարդու օրգանիզմում ավելանում է լեյկոցիտների քանակը, իջնում զարկերակային ճնշումը, բարելավվում է նյութափոխանակությունն ու գլխուղեղի արյան շրջանառությունը։

Մեղուները թույնից բացի բժշկությանն են նվիրել նաև ակնամոմը, որն ուժեղ հակասեպտիկ ազդեցություն ունի։ Հենց դրա շնորհիվ է կանխվում փեթակում հայտնված տարբեր մանր կենդանիների մարմինների փտումը։ Ակնամոմն օգտագործվում է որպես վերքերը բուժող հակաբորբոքային միջոց, իսկ ակնամոմի հիմքով միջոցները կիրառվում են մաշկային հիվանդությունների բուժման համար։

Եվ վերջապես, արժանին է պետք հատուցել մեղուների աշխատանքի կարևորագույն արգասիքի՝ մեղրի օգտակար հատկություններին, որոնց մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Մեղուների հետ առնչվող ևս մեկ կարևոր բաղադրամաս է մոմը, որն օգտագործվում է մաշկի խնամքի համար նախատեսված ամենատարբեր միջոցների կազմում։

Բժշկության ոլորտում մեղուների հետ մրցակցում էին նաև մրջյունները։ Ռուսաստանում հնում մրջյուններից պատրաստված թուրմերն օգտագործվել են հոդերն ու մկանային ջղակծկումները բուժելու համար։

XX դարում պարզվել է, որ մրջյունների օրգանիզմը պարունակում է իրիդոմիրմեցին նյութը, որը վարակասպան ազդեցություն ունի։

«Արնախումները»

Բուժակները հարյուրամյակներ շարունակ օգտագործել են տզրուկներին բուժիչ նպատակներով։ Հիրուդոթերապիան՝
տզրուկաբուժությունը կիրառվում է մինչ օրս․ տզրուկների՝ հիրուդին սպիտակուց պարունակող թքի միջոցով մարդու օրգանիզմ են մտնում ավելի քան 100 կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ խոչնդոտելով թրոմբերի առաջացմանը, նպաստելով արյան մեջ խոլեսթերինի մակարդակի իջեցմանը և այլն։ Հիրուդինն առկա է տարբեր դեղամիջոցների կազմում։

Եղջյուրներ ու սմբակներ

Տարբեր երկրների ժողովրդական բժշկության բաղադրատոմսերում կարելի է գտնել խոշոր կենդանիների մարմնի տարբեր հատվածների կիրառության մասին վկայություններ․ օգտագործվել են կենդանիների եղջյուրները, սմբակները, ոսկորները, ներքին օրգանները և այլն։

Օրինակ՝ ազնվացեղ եղնիկի եղջյուրներից հանուկ (պանտոկրին) են ստացել, որը, որոշ տվյալներով, արագացնում է վերքերի ապաքինումը և բարձրացնում օրգանիզմի տոնուսը։ Եղջյուրները նաև հարուստ են հանքանյութերով ու տարբեր ամինաթթուներով, որոնք կարող են ծառայել որպես բուժական արժեքավոր հումք։

Անգամ ընտանի կենդանիների եղջյուրներն ու սմբակներն են շատ արժեքավոր, եթե ենթարկվում են պատշաճ բժշկական մշակման։ Մասնավորապես, դրանցից ստանում են գլուտամինաթթու, որն օգտագործվում է նյարդային հիվանդությունների բուժման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ