Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինտենսիվ այգեգործության խթանում, ոռոգման համակարգերի զարգացում. կփոխվեն պետական ծրագրով սուբսիդավորման պայմանները

Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2023թթ. ծրագրում փոփոխություններ կատարելու մասին՝ պետական ֆինանսական միջոցները որոշակիորեն տնտեսելու և դրանց նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ հաշվի առնելով նշված ծրագրի հաջող ընթացքը՝ որոշումը միտված է դրա օպտիմալացմանը և օժանդակության պայմանների մեղմացմանը: Մասնավորապես, նախատեսվում է փոխել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման չափը, որի արդյունքում 2023թ. հունվարի 1-ից վարկերը տնտեսվարողներին հասանելի կլինեն 5 տոկոս տոկոսադրույքով՝ նախկին 2 տոկոս էֆեկտիվ տոկոսադրույքի փոխարեն: Կրճատվում է նաև ինտենսիվ այգիների հիմնման համար տրամադրվող փոխհատուցման չափը՝ 50 տոկոսի փոխարեն սահմանվելով 30 տոկոս: Ակնկալվում է, որ անգամ ավելի մեղմ սուբսիդավորմամբ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը կմնա բավական բարձր, և ավելի քիչ հանրային ռեսուրսներ օգտագործելով՝ Կառավարությունը կհասնի ծրագրային թիրախներին:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ տարեկան  առնվազն 1000 հա ինտենսիվ այգու տնկում ունենալը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական թեզերից մեկն է: Եվ ուրախ ենք արձանագրել, որ արդեն ընտրության տարում 2021թ. 1600 հա չափով այգետնկման ծրագիր է հաստատվել և իրականացվել: Մեր տրամաբանությունը հետևյալն է. մենք միշտ ասել ենք, որ պետական սուբսիդավորման ծրագրերի կարևոր գործառույթը, ինչպես ասում են, որևէ ուղղություն տեղից շարժելն է, և երբ տեսնում ենք, որ այդ ուղղությունը պատշաճ արագություն է ստանում, այդ միջոցներն արդեն պետք է վերաբաշխենք այլ ուղղություններով, որտեղ դեռ շարժումը, ընթացքը պատշաճ, ցանկալի մակարդակի չէ: Ուզում եմ ասել, դուք տեղյակ եք, անշուշտ, որ տնտեսական իրավիճակի առումով մենք բավական լավ վիճակում ենք՝ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն անցել է 10 տոկոսը:

Այսինքն՝ երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, բայց, մյուս կողմից, գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ ունենք՝ գյուղատնտեսության արտադրանքի անկում ունենք: Մեծ հաշվով, այստեղ անակնկալ չկա, և գիտենք՝ ինչ է պետք անել այդ վիճակագրությունը փոխելու համար: Այդ ուղղություններից է ինտենսիվ այգեգործության խթանումը, ոռոգման համակարգերի զարգացումը: Հետագայում անդրադարձ կունենանք հողերի խոշորացման, լիզինգի ծրագրերին և այլն, որպեսզի պատշաճ գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկա մտնեն մեր վարելահողեր և այսպես շարունակ: Հույս ունեմ՝ այս  գնահատականի մեջ չենք սխալվի, և եթե տեսնենք հանկարծ սխալվում ենք, պետք է չսասանվենք վերադառնալ և շտկումներ անել, ինչպես մյուս դեպքերում: Պայմանավորվել ենք, որ անընդհատ մեր ծրագրերի մոնիթորինգ պետք է իրականացնենք, ըստ արդյունքների որոշակի արձանագրում անենք: Ուրախ ենք, որ սա այն նախընտրական թեզերից է, որն ակնհայտորեն կյանքի է կոչվում, լավ տեմպ ունի, և մենք հիմա միջոցներից մի մասը կարող ենք վերաբաշխել և փորձել օգտագործել զարգացման այլ ուղղությունների համար»:

Էկոնոմիկայի նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև աշնանացանի պետական սուբսիդավորման ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ հաշվի առնելով մի շարք սահմանամերձ համայնքների, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի հաջող փորձը՝ աջակցության տրամաբանությունը փոխվել է. եթե նախկինում սուբսիդավորվել է սերմերի արժեքի մի մասը, այժմ սուբսիդավորվելու է ցանքատարածությունը: Նախատեսվում է սուբսիդավորել մշակված հեկտարները, որպեսզի հնարավորինս շատ աշնանացան լինի՝ հաշվի առնելով պարենային անվտանգության և գլոբալ պարենային իրավիճակը և համայնքների օգնությամբ հնարավորինս ավելացնել մշակվող հողատարածքների չափը: Ընտրվել է հետևյալ մեխանիզմը՝ ամեն հեկտարի համար սուբսիդավորել 120000 ՀՀ դրամ, եթե օգտագործվում է հավաստագրված սերմացու, և 70000 ՀՀ դրամ, եթե հավաստագրված սերմացու չի օգտագործվում: Գործընթացի կառավարումը նախատեսվում է իրականացնել համայնքների տեղական ներուժով:

Կառավարության ղեկավարը կարևորել է այս մոտեցումը և նկատել, որ նշված տրամաբանությունը քննարկվել է դեռևս 2020թ. կորոնավիրուսի պայմաններում աջակցության միջոցառումների շրջանակում: «Մեր նպատակն է ցույց տալ գյուղացուն, որ երբ ինքը մի քիչ ավելի գումար ծախսի և սերտիֆիկացված սերմացու ցանի, այդ պարագայում իր եկամուտն էականորեն ավելի շատ կլինի: Հիմա մենք Գեղարքունիքի մարզում արձանագրված գործնական լավ փորձը դարձնում ենք ծրագրի բովանդակային առանցք: Պետք է խթանենք այն ուղղությունները, որոնք երաշխավորում են աճն ու զարգացումը», – ասել է Նիկոլ Փաշինյանը: