Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինտրիգային իրավիճակ Անիում. ո՞ւմ կանցնի իշխանությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով, Անիում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում ձայների քանակով առաջատարը գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանն է, որը գլխավորելով «Ազգ-համայնք» դաշինքը՝ հավաքել է 3763 ձայն։ Ձայների քանակով երկրորդ տեղում ՔՊ-ն է, որը հավաքել է 3032 ձայն։

Նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, որը գլխավորում է Անիի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանը՝ հավաքել է 1037 ձայն։

Մանդատները տվյալ դեպքում, ըստ ընտրատարածքային հանձնաժողովի, բաշխվելու են հետևյալ կերպ. 10 մանդատ Արտակ Գևորգյանի գլխավորած քաղաքական ուժին, 8 մանդատ` ՔՊ-ին և 3 մանդատ` «Հայկական երազանք» կուսակցությանը։


Այստեղ իրականում բարդ, ինտրիգային իրավիճակ է ստեղծվում, ո’չ «Ազգ-համայնքը», ո’չ էլ ՔՊ-ն միանձնյա իշխանություն չեն կարող ձևավորվել։

Այս երկու քաղաքական ուժերը միասին կոալիցիա չեն կազմելու, այս մասին մեզ տված հարցազրույցում հայտարարել էր ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանը։

ՔՊ-ն քարոզարշավի ավարտի վերջին վայրկյանին անգամ, անուն չնշելով, խստորեն քննադատել էր Արտակ Գևորգյանին, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ համատեղ իշխանության ձևավորումն անհնար է։ ՔՊ-ն գրել էր.

«Սիրելի անեցիներ,

Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Սեպտեմբերի 25-ին Դուք ձևավորելու եք համայնքային նոր իշխանություն։ Համոզված եմ, որ ձեր քվեով դուք կունենաք հաշվետու, թափանցիկ, սրտացավ և պատասխանատու իշխանություն։ Երկար տարիներ համայնքային իշխանությունները կտրված են եղել ժողովրդից, համայնքային հիմնախնդիրներից և իշխանությունը ծառայեցրել են նեղ անձնական շահերին։ Անեցին իմաստուն է, և շատ լավ գիտի համայնքի համար իրապես մտահոգ և նվիրված մարդկանց։

Դուք հնարավորություն ունեք շրջելու այս ամոթալի էջը և բացելու նոր մոտեցումների, արժեհամակարգի և արժանապատիվ կյանքի էջ։

Անի համայնքը նոր պատմական շրջափուլ է մտնելու»։

Ստացվում է, որ Անիում իշխանության ձևավորումը կախված է «Հայկական երազանք» կուսակցությունից, որի թեկնածու Ագուն Սաղաթելյանին սատարել է Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Ասել է, թե հենց Ագուն Սաղաթելյանից է կախված` իշխանությունը կմնա՞ նախկինների ձեռքը, թե՞ կանցնի նորերին։

Ագուն Սաղաթելյանը հայտարարել է, որ որևէ քաղաքական ուժի չի միանալու:

«Պաշտոնապես ամրագրենք, որ մեզ որևէ թիմի միանալու նախաձեռնությամբ հանդես գալով չեք տեսնելու։ Եթե որևէ թիմ մեզ միանալու նախաձեռնությամբ հանդես կգա, կքննարկենք մեր թիմակիցների ու ընտրողների հետ՝ դուրս գալով միայն և միայն Անի համայնքի ու բնակիչների շահերից»,-հայտարարել էր նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը։

Սա նշանակում է, որ որևէ քաղաքական ուժ Ագուն Սաղաթելյանին միանալու դեպքում համայնքապետի պաշտոնում պիտի տեսնի հենց նրան։

Եթե վերջինս հրաժարվի կոալիցիաներից, Անիում նոր ընտրություններ կհայտարարվեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ