Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանի իսլամական պետության հիմնադրման 44-ամյակի առիթով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Իրանում սկսել է իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակի տոնական միջոցառումները։ Տասնօրյակի սկիզբը համարվում է հեղափոխության առաջնորդ՝ Իմամ Խոմեյնիի աքսորից վերադարձի օրը՝ 1979 թվականի փետրվարի մեկը, որից տաս օր հետո՝ 11 փետրվարին, երկրից հեռացած Մոհամմեդ Ռեզա արքայի հավատարիմ բանակը հանձնվեց և հեղափոխությունը հաղթանակեց։

Թեև հեղափոխության հաղթանակի գործում իրենց շոշափելի բաժինն ունեցան Իրանի քաղաքական բոլոր ուժերը՝ ազգային, կրոնական կամ ձախակողմյան և հատկապես զինված հեղափոխական «Ֆադայի» ու «Մոջահեդ» խմբերը, բայց Իմամ Խոմեյնին հեղափոխության անվիճելի և խարիզմատիկ առաջնորդն էր։ Ամեն ինչ կատարվում էր Իմամի հրահանգով և բոլորն անխտիր ենթարկվում էին առաջնորդին։ Երկրի հեղափոխական ղեկավարները նախ ստեղծեցին պետական նոր ինստիտուտները, «Իսլամական Հանրապետություն» հիմնադրելու հանրաքվեից հետո մշակեցին նոր Սահմանադրություն և կազմակերպեցին նախագահի ընտրություն։

Պրն Խոմեյնին հավատարիմ իր խոստման փոխադրվեց Ղոմ կրոնական քաղաք և նախընտրեց երկրի ղեկը հանձնել աշխարհականներին․ առաջին նախագահ ընտրվեց հայտնի հոգևորական ընտանիքի զավակ՝ աշխարհական Բանի Սադրը։ Հեղափոխության հաղթանակի քսաներորդ ամսին վրա հասավ Իրան-Իրաք ութամյա ավերիչ պատերազմը։ Ցավոք, իսլամական ծայրահեղական ուժերը աստիճանաբար անհանդուրժող դարձան և կրոնական կենտրոնների ու ճնշման մյուս խմբերի միջոցով սկսեցին միջամտել իշխանությունների գործին։ Ընդդիմախոս դարձած նախկին զինակիցների դեմ մեծ ու արյունալի հալածանք սկսվեց, իսկ խորհրդարանը անվստահություն հայտնեց հանրապետության առաջին նախագահ Բանի Սադրին։

Ծայրահեղականները պատրաստվում էին ձերբակալել պաշտոնանկ նախագահին, բայց նա հասցրեց «Մոջահեդին Խալղ» իսլամական ընդդիմադիր կազմակերպության ղեկավար Մասուդ Ռաջավիի հետ ճողոպրել Ֆրանսիա։ Առաջնորդ Խոմեյնիի և նրա հետևորդների ստեղծած «Ջոմհուրի Էսլամի» կուսակցության հովանավորած երկրորդ նախագահը՝  աշխարհական Մոհամմեդ Ալի Ռաջային, ընդամենն աշխատեց 27 օր և զոհվեց իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակի պայթյունի ժամանակ․ 72 հոգու կյանք խլած ահավոր պայթյունը կազմակերպել էր արդեն ընդհատակ անցած «Մոջահեդին Խալղ» իսլամական զինյալ կազմակերպությունը։

Դրանից հետո հոգևորականներն ուղղակի կերպով ստանձնեցին նաև գործադիր ուժի ղեկը․ երրորդ նախագահ ընտրվեց հոգևորական պրն Խամենեին (երկու շրջան-ութ տարի), չորրորդ նախագահ ընտրվեց  հոգևորական պրն Ռաֆսանջանին (երկու շրջան-ութ տարի), իսկ հինգերորդ նախագահ ընտրվեց  հոգևորական պրն Խաթամին (երկու շրջան-ութ տարի)։ Բացառություն էր աշխարհական Ահմադի Նեժադը, որը ներիշխանական մրցակցության արդյունքում հաղթեց թեկնածու Ռաֆսանջանիին և ութ տարի ծառայեց որպես վեցերորդ նախագահ։  Յոթերորդ նախագահ ընտրվեց հոգևորական պրն Ռուհանին (երկու շրջան-ութ տարի), իսկ 2021 թվականի հունիսից Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն է հոգևորական պրն Ռայիսին։ Իսլամական հեղափոխության ազդեցիկ առաջնորդ և երկրի փաստացի ղեկավար Ռուհօլլահ Խոմեյնին մահացավ իշխանափոխությունից տասը տարի հետո՝ 1989 թվականին, 86 տարեկանում։

Դրանից հետո Իրանի սահմանադրական ինստիտուտներից «Խոբրեգան» (Բանիմացների) ժողովը երկրի առաջնորդ ընտրեց ճանաչված հոգևորական և տարբեր պաշտոններում ծառայած Ալի Խամենեիին։ Պրն Խամենեին արդեն 34 տարի է, որ ղեկավարում է երկիրը, նա 1989 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում օժտվեց ավելի լայն իրավասություններով և Սահմանադրության 57-րդ հոդվածը նրան տվեց «Վելայեթ մոթլաղե Ֆաղիհ-ولایت مطلقه فقیه» (կրոնապետի բացարձակ խնամակալության) իրավունք։ Խամենեին չունի առաջին առաջնորդ Խոմեյնիի խարիզման ու հեղինակությունը, բայց սահմանադրական լիազորություններով հանդիսանում է երկրի բացարձակ տիրակալը։ Զինված ուժերը, դատական ու իրավապահ մարմինները, Պետական հեռուստա-ռադիոն և բազմապիսի կրոնական-բարեգործական ֆոնդեր ուղղակի կերպով առաջնորդին են ենթարկվում․ այդ բոլոր կառույցների հրամանատարներին ու ղեկավարներին նշանակում և ազատում է առաջնորդը։

Փորձագետների կարծիքով Իրանի հեղափոխության հենց առաջին տարիներից տարաձայնություն է եղել իսլամ ղեկավարների միջև․ նրանց մի խումբը իսկապես հավատացել է երկրի ղեկավարման հանրապետական ձևին, իսկ առավել պահպանողականները իշխանությունը համարել են Աստվածային ավանդ, որը պետք է պահպանել մինչև մարգարեի վերադարձը։ Վերջիններս ընտրությունները համարում են ձևականություն և նախագահական ինստիտուտը չեն ընդունում։

Իրանի հեղափոխության տարեդարձի նախօրյակին դարձյալ օրախնդիր է դարձել երկրի սահմանադրության բարեփոխման անհրաժեշտության հարցը․ դրա մասին են խոսում պաշտոնաթող ազդեցիկ դեմքեր, քաղաքական գործիչներ, հոգևորականներ ու քաղբանտարկյալներ (օրինակ՝ տնային կալանքի տակ գտնվող 1981-1989 թթ․ վարչապետ և 2009 թ․ նախագահական ընտրությունների թեկնածու Մուսավի, պաշտոնաթող նախագահ Ռուհանիի խորհրդական Աբու Թալեբի և նախագահ Խաթամիի կաբինետի ՆԳ նախարարի տեղակալ և այժմ բանտարկյալ Թաջզադե)։ Նրանք պահանջում են Սահմանադրությունից հանել կրոնապետի բացարձակ իշխանությունը, զեղչել զուգահեռ կառույցների գոյությունը, ձևավորել ժողովրդավարական կարգեր, վերջ տալ շիա դավանանքի միահեծան առավելության և ճանաչել երկրի կանանց, իսլամի մյուս դավանանքների, մյուս կրոնների հետևորդների, էթնիկական խմբերի, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների իրավունքները։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ