Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանի խորհրդարանում օրինագիծ է ներկայացվել ԳՀՀԾ-ի բանակցություններից երկրի դուրս գալու մասին

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցություններից Թեհրանի դուրս գալու մասին օրինագիծը ներկայացվել է հանրապետության Մեջլիս (խորհրդարան): Նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Խորհրդարանում է գտնվում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների դադարեցման օրինագիծը, ուստի երկխոսության դուռը կարող է փակվել», – ասել է նա: Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ Իրանն առաջվա նման հավատարիմ է մնում համագործակցությանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և հանրապետության իշխանությունների միջև մարտի սկզբին ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում: