Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրավիճակի ողջ բարդությամբ հանդերձ, ԵՄ առաքելությունն նաև կանխարգելիչ դեր է խաղացել. Արարատ Միրզոյան

«Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմամնին միջազգային կառույցների մոնիթորինգային առաքելությամբ»,-խորհրդարանում հայտարարեց Արարատ Միրզոյանը  և հիշեցրեց, որ այդ հարցով Հայաստանը դիմել էր տարբեր կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին…

Նա հայտնեց, որ ԵԱՀԿ-ից էր Հայաստան առաքելություն եկել, որն արդեն ավարտել է իր աշխատանքները, իսկ ներկայում ԵՄ առաքելությունն է Հայաստանում, որի մանդատի ժամկետը չի ավարտվել և կգործի մինչև դեկտեմբերի 20-ը:

«Ես ողջունում եմ ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը շարունակել առաքելությունը՝ պահպանելով ներկայությունը Հայաստան-Ադրբեջան Սահմանագծին՝ երկու պատճառով: Նախ՝ այս առաքելության չեզոքության վերաբերյալ կասկածներ չեն հնչում և առաքելության գնահատականներն շատ կարևոր են հետագա միջազգային գործընթացների համար, նաև՝ նույն ուղարկող կազմակերպության կամ երկրի համար՝ հասկանալու, թե ի վերջո եղած սահմանի նկատմամբ ո՞ր հատվածներում են տեղակայված կողմերի զինված ուժերը: Կան Խորհրդային հանրապետությունների սահմանները, որոնք ճանաչվել են և մարդիկ կարող են գալ և տեսնել, թե որտեղ են ադրբեջանական զորքերը, որտեղ ՀՀ զինված ուժերը»,-հայտնեց Արարատ Միրզոյանը:

Նա հայտնեց, որ դիտորդները կարող են արձանագրել նաև այն ավերածությունները, որոնք հայկական կողմն ունեցել է սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով:

«Երկրորդ պատճառն այն է, որ, իմ կարծիքով, չեզոք դիտորդների, մոնիթորինգային առաքելության ներկայությունն Հայաստան-Ադրբեջան սահմանին պետք է, որ կանխարգելիչ նշանակություն ունենա հետագա էսկալացիայի և իրավիճակի սրման համար: Կարծում եմ, որ, իրավիճակի ողջ բարդությամբ հանդերձ, Եվրոպական Միության այս առաքելությունն նաև այդպիսի դեր է խաղացել, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է միայն ողջունել այս առաքելության երկարացումը կամ այլ երկրից կամ պետական կազմավորումից նոր դիտորդական առաքելության ուղարկումը»,-հայտարարեց Միրզոյանը:

Նախարարաը տեղեկացրեց, որ դիտորդական մանդատի երկարաձգման հարցը քննարկվում է ԵՄ-ի շրջանակներում, բայց իրեն իրավունք չի վերապահում նրանց անունից որևէ կանխատեսում անել:

«Խոսքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելության իրականացման մասին է, ոչ թե սահմանի երկու մասերում: Սա կարևոր  նրբերանգ է և կարծում եմ, որ արժանի է հաշվի առնելու»,-հայտարարեց Միրզոյանը և հույս հայտնեց, որ իր այդ խոսքերը լսում են իր եվրոպացի գործընկերները: