Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քանի մարզիկ դառնա Օլիմպիական չեմպիոն, այնքան նրանց անունով մարզադպրոցներ կկառուցվեն. Փաշինյան

Հայաստանցի քանի մարզիկ դառնա Օլիմպիական չեմպիոն, այնքան մարզադպրոց կկառուցվի Հայաստանում՝ նրանց անուններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Ես անձամբ խոստացել եմ, որ բոլոր այն մարզիկների անունով, որոնք կդառնան Օլիմպիական չեմպիոն, Հայաստանում մարզադպրոց կհիմնվի»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց՝ Գյումրին սպորտային մայրաքաղաքն է: «Եվ ես խոստանում եմ՝ առաջիկա Օլիմպիական խաղերում քանի գյումրեցի նվաճի ոսկե մեդալ, մենք այդքան նոր անվանական մարզադպրոց կկառուցենք՝ ամբողջությամբ բյուջեի հաշվին»,-նշեց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց, որ հիմա Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց է կառուցում կառավարությունը: Այն այնպիսի ստանդարտով է կառուցվում, որ նույնիսկ հնարավոր լինի հյուրընկալել միջազգային մրցաշարեր: Փաշինյանը հայտնեց՝ Արթուր Ալեքսանյանին խոստացել է՝ եթե նա մի անգամ էլ դառնա Օլիմպիական չեմպիոն, Շիրակի մարզի այլ բնակավայրում կամ այլ մարզում կլինի ևս մեկ մարզադպրոց՝ Արթուր Ալեքսանյանի անվամբ: