Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քուրդ ազատամարտիկների հանձնման առեղծվածը. դատարանի որոշումն ու նրանց ազատության մեջ հայտնվելը

Երեկ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր. «Աթիլլա Չիչեք եւ Հուսեյին Յըլդրըմ։ Երկու քուրդ ազատամարտիկներ, հեղափոխականներ, որ պայքարել են սեփական ժողովրդի ազատագրության համար, պայքարել թուրքական բռնատիրության դեմ։ Այդ պայքարի դաշտում ակտիվ գործունեություն են ծավալել նաեւ Դերսիմում։ Այն շրջանում, որտեղ Հայոց Ցեղասպանության ժամանակ բազում մեր հայրենակիցներ փրկվել են նաեւ քրդերի շնորհիվ ու հետո մասնակցել Դերսիմի ապստամբությանը։ Հիմա նրանք, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո առեւանգվել եւ հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին։ Քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ եւ Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերն իրենց հերթին հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում»։

Այս հայտարարությանն արձագանքեց ԱԱԾ-Ն հայտնելով. «տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։ Տեղեկացվում է, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները»:

Իրավիճակին արձագանքեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունը .«տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել»։

Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել»։

Իսկ ինչի մեջ էին մեղադրվում ազատամարտիկները: Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին մեղադրվում էին, որ նրանք չունենալով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու իրավունք, ինչպես նաև զենքի և ռազմամթերքի շրջանառությունը իրականացնելու թույլտվություն, ապօրինի կերպով կրելով և փոխադրելով հրազեն հանդիսացող՝ 2 հատ ինքնաձիգ, 1 հատ ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 318 հատ փամփուշտ և 4 հատ նռնակ, 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, միաժամանակ իրենց հետ մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել հիշյալ հրազեններն ու ռազմամթերքը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Բորիս Բախշիյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել նրանց՝ դատապարտելով ազատազրկման՝ յոթ տարի ժամկետով և գույքի բռնագրավմամբ։

Ի դեպ, դատաքննության ընթացքում քուրդ ազատամարտիկներն իրենց մեղավոր չէին ճանաչել, ցուցմունք էին տվել այն մասին, որ հանդիսանում են Քրդական բանվորական կուսակցության անդամներ։ Իրենք թուրքերի դեմ զինված և գաղափարական պայքար են մղում։ Զենքերը և զինամթերքը իրենց են պատկանում, քանի որ Թուրքիայի դեմ պայքար են մղում, հետևաբար դրանք իրենց անբաժան մասն են կազմում և պարտավոր են միշտ կրել։ Իրենք բռնվելու օրվա դրությամբ չեն ցանկացել ՀՀ պետական սահմանը հատել, միայն ուսումնասիրում էին տեղանքը։ Իրենց պատկերացմամբ ՀՀ պետական սահմանը չեն հատել, քանի որ չեն գիտակցել, որ սահմանն անցնում է գետի մեջտեղով։ Իրենց կարծիքով ՀՀ սահմանը սկսում է փշալարերից, որից այն կողմ իրենք չեն անցել։

Այսքանով ամեն ինչ չի ավարտվել: Դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով պաշտպանության կողմը պահանջել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ բավարարել էր բողոքը՝ մասնակի բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը՝ Աթիլլա Չիչեքիի և Հուսեյին Յըլդրըմիի նկատմամբ որպես պատիժ նշանակելով ազատազրկումը՝ 5 տարի ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով, քուրդ ազատամարտիկներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։

Իսկ ահա Վճռաբեկ բողոքները վարույթ չեն ընդունվել: Ասել է, թե նրանք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի ուժի մեջ մտած որոշմամբ ազատության մեջ են եղել: Այս իրավիճակում հարց է առաջանում՝ նրանց ով եւ ինչպես Հայաստանից տեղափոխեց Թուրքիա:

Ք.Մ