Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՊ-ն պահանջում է Չարենցավան ու Բերդ համայնքներում վերահաշվարկ իրականացնել

Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը՝ ՔՊ-ն չի համակերպվում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում կրած պարտության հետ։

ՔՊ-ից դիմումներ են ներկայացվել ընտրատարածքային հանձնաժողովներ՝ պահանջելով վերահաշվարկ իրականացնել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ու Տավուշի մարզի Բերդ համայնքի  ընտրատեղամասերում։

«19 տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու վերաբերյալ դիմումները ներկայացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց կողմից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված նախնական արդյունքների համաձայն, Չարենցավան համայնքում էլ ՔՊ-ն պարտվել է՝ ստանալով 5 571 քվե։ «Միասնական համայնք» դաշինքի օգտին, որի ընտրացուցակը գլխավորում է Հակոբ Շահգալդյանը,  քվեարկել է 6 812 մարդ։ «Ապրելու երկիր»-ը ստացել է 879 քվե։


Բերդ համայնքում հաղթանակ է տարել «Զորավոր համայնք» դաշինքը (ընտրացուցակը գլխավորում է Հարություն Մանուճարյանը) ստանալով 5 685 քվե, ՔՊ-ն ստացել է 4 298 քվե, «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1 097 քվե։

Եվս մեկ դիմում ստացել է թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որը սպասարկում է Լոռու մարզի ընտրությունները։ Դիմումատուն պահանջում է 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել։

«Ալավերդի համայնքի վեց տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է  Հայ Հեղափոխական դաշնակցության կուսակցության ընտրական ցուցակի թեկնածուի կողմից»,-մանրամասնեց ԿԸՀ նախագահը։

Նշենք, որ ՀՅԴ ընտրացուցակն Ալավերդիում գլխավորում է Սուրեն Թամազյանը։

Հիշեցնենք, որ Ալավերդիում կայացած քվեարկության արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6 791 քվե, ՔՊ-ն՝ 6 557, ՀԱԿ-ը՝ 340, ՀՅԴ-ն՝ 316։