Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կալանքի տակ գտնվող Տարոն Մանուկյանին, ԵՊՀ ռեկտորատը չի թույլատրել քննությունները հեռավար հանձնել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել այն մասին, որ իր որդուն՝ ժամանակավորապես անազատության մեջ գտնվող ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանին, ԵՊՀ ռեկտորատը չի թույլատրել արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները հեռավար հանձնել:

Գեղամ Մանուկյանն անձամբ էր գրավոր դիմել ԵՊՀ ռեկտորին թույլտվություն ստանալու համար, բայց մերժում էր ստացել նրանից՝ նման կարգ չունենալու հիմնավորմամբ:

«Եզրափակիչ քննություններ հեռախոսային կապի միջոցով տալն անհնար է, քանի որ  ԵՊՀ-ում քննություններն անցկացվում են առկա՝ լսարանային ձևաչափով»,-պատասխանել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել է, որ ՔԿՀ-ներում գտնվող անձանց կրթության իրավունքը պետք է երաշխավորվի:

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.« ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր  Ռուբեն Մելքոնյանը այսօր անակնկալ էր արել՝ թուրքագիտական, մասնագիտական գրքերի մի ողջ փունջ պատրաստել է ուղարկելու իր ուսանողին, որդուս՝ Տարոնին, որպեսզի բանտում շարունակի ուսումը։

Այլ հարց է, որ ԵՊՀ ռեկտորին դիմում էի ներկայացրել, որ այս դավաճան իշխանության դեմ պայքարի պատճառով որդիս գտնվում է անազատության մեջ, թույլ տալ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները հանձնի հեռավար։ Բայց անակնկալ մերժում ստացա, քանի որ ռեկտորատը պատճառաբանել է, թե նման կարգ չունեն։ Ուսում ստանալու սահմանադրական կարգի մասին երևի տեղյակ չեն, տեղյակ չեն, որ շատերն են համալսարաններ ավարտում բանտում նստած։ Թերևս դատական կարգով բողոքարկենք այդ մերժումը, որն անգամ բանտային ծառայողների համար էլ էր անակնկալ։ Բայց մինչ այդ, անազատությունը նաև կրթության լավ հնարավորություն է։ Ու մեր բոլոր տղերքն էլ՝ Արսենը Մարտոյանը, Գոռը Մաթևոսյանը, Գևորգ Մուրադյանը, Տարոնն ու Գոռն այս ամիսներին անդադար գրքերի պահանջ էին դնում։

Ցանկը երկար է. Ռուբեն Տեր Մինասյանի հատորներից մինչև քաղաքագիտություն՝ Մաքիավելի ու Քիսինջեր։ Իսկ Ռուբեն Մելքոնյանը մի ամբողջ թուրքագիտական գրադարան է պատրաստել։ Այսօր նրա գրառումը մեկ պահ ինձ շուրջ երկու տասնամյակ ետ տարավ։ Նորից բանտ, ուր պատրաստում էի գիտական ատենախոսությունս կամ, ավելի ճիշտ, քաղաքական պատճառով ասպերանտուրայից դուրս էի մնացել, բայց թուրքագիտությունը չէր դադարել իմը լինել։ Նոթագրումներ, կոնսպեկտներ, տարբեր ուսումնասիրություններից ծաղկաքաղ։ Անգամ համարձակվեցի պանթուրքիզմի կնքահայր Զիյա Գյոքալփի Türkçülüğün Esasları գրքի հայերեն տարբերակը թարգմանել սկսել։ Պարզվեց բանտերում Մանուկյանները թուրքագիտությունը շարունակելու են։ Շնորհակալ եմ Ռուբեն Մելքոնյանից նման թանկարժեք նվերի համար…»:

Սեպտեմբերի 10-22-ն ընկած ժամանակահավածում Տարոն Մանուկյանի՝ քննություն հանձնելու վերջին ժամկետն է, եթե նա չկարողանա հանձնել, ապա դուրս կմնա ԲՈւՀ-ից:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է եղել: