Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կարեն Բեքարյան. «Նաեւ մեր մեղքով  բանակցային գործընթացի ճոճանակը ահավոր հեռացած է մեզանից, բայց մենք դեր ու նշանակություն ունենք իրեն հետ բերելու առումով»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը «Ճոճանակ» գրքի երեւանյան շնորհանդեսի ժամանակ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե գրքի վերնագիրը իր մեջ ինչ խորհուրդ ունի, ասաց. «Գիրքը Արցախի հակամարտության կարգավորման, բանակցային գործընթացի, ինչ-որ իմաստով, ասվածի, չասվածի, եղած աղմուկի, լռության մասին է: Ու մի փոքր ավելի լայն: Պատահական չէ, որ մենք անգամ անվանման մեջ ունենք «Բանակցային գործընթաց եւ ոչ միայն» ձեւակերպումը: Այսինքն, հասարակական ընկալումները, հասարակության դերակատարումը, հանրությունը՝ կոնֆլիկտի տարբեր կողմերում: Կարծում եմ, թեմայով հետաքրքրված մարդկանց պետք է լինի նոր բան տվող, հետաքրքիր, նաեւ փաստագրական լուրջ բազայով՝ փաստաթղթերի շատ լուրջ քանակով հավելվածներով, մեկնաբանություններով, տերմինները բացող եւ այլն:

Իսկ ինչ վերաբերում է վերնագրի ընտրությանը, եւ բանակցային գործընթացը, եւ մեր հանրային ընկալումները, իրոք, անընդհատ փոփոխական են, փոփոխվող, եւ շատ նման են ճոճանակի ընթացքին: Այսինքն, նույն բանակցային գործընթացում ինչ-որ մեկի շահերի կողմ ճոճանակի գնալը չի նախատեսում կայունություն, նա հետ է վերադառնում, որովհետեւ կայունությունը միայն հավասարակշռության դեպքում է գալիս:

Հիմա նաեւ մեր մեղքով, մեր պատճառով ճոճանակը ահավոր հեռացած է մեզանից: Բայց մենք դեր ու նշանակություն ունենք իրեն հետ բերելու առումով, որովհետեւ մինչեւ չգա հավասարակշռություն, այնտեղ չկա կայունություն: «Ճոճանակը» հենց այս ձեւով ընտրվեց, որովհետեւ ինքը ոչ միայն բանակցային գործընթացին է վերաբերում, այլ նաեւ մեր հանրային ընկալումներին: Օրինակ, ես չեմ կարծում, որ մեր հանրության բավականին մեծ հատվածի սպասումները, ակնկալիքները 2018-ին ու հիմա նույնն են: Այս օրինակն էլ է նույն ճոճանակի էֆեկտը»:

Ճշտող հարցին, թե «նաեւ մեր մեղքով, մեր պատճառով» ասելով ո՞ւմ նկատի ունի. նախկինների՞ն, թե ներկաներին, պարոն Բեքարյանը պատասխանեց. «Եկեք, ավելի հեշտացնեմ: Առաջին հերթին, ոչ միայն իշխանություններին: Բոլորիս: Իր պատասխանատվության չափով: Ամենապարզ օրինակը. ընտանիքի ավագ սերնդի այն անդամին, որն իր ամբողջ հույզերը եւ պատկերացումները այս խնդիրների հետ կապված՝ իր զավակներին չի փոխանցել, ինչը հնարավորություն է տվել ուրիշներին՝ իր զավակներին մանիպուլացնելու: Պետությանը, որ այս ամենը կրթական համակարգ այնպես չի մտցրել, որ հնարավոր չլիներ մանիպուլացնել: Նախորդ եւ գործող իշխանությունները էական չեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ