Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կարեն Գիլոյան․ «Բռնցքամարտում դրական տեղաշարժն աներկբա է ու լրացուցիչ ապացույցների կարիք չունի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստը։ Օրակարգային հարցերից էին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի՝ 2021/22 թթ․հաշվետվության ներկայացումը, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ տարածքային կառույցների՝ մարզային ֆեդերացիաների հիմնադրումը, ֆեդերացիայի 2023 թվականի գործունեության ներկայացումը, 2023 թ․ ապրիլին Երեւանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության նախապատրաստությունն ու կազմկոմիտեի ստեղծման նպատակով թեկնածուների առաջադրումը, ՀՀ առաջնությունների, մրցավարության եւ միջազգային մրցաշարերի պատշաճ նախապատրաստության եւ մասնակցության հետ կապված հարցեր։

ՀԲՖ նիստին ներկա էր եւ ողջույնի խոսք ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ «Որ բռնցքամարտում դրական տեղաշարժը առկա է, դա աներկբա է ու լրացուցիչ ապացույցների կարիք չունի։ 2022 թվականը շատ հաջող տարի էր հայկական բռնցքամարտի համար նույնպես, ինչպես եւ ամբողջ հայկական սպորտի։ Եվ դրա վկայությունը նվաճված 307 մեդալներն են տարբեր մարզաձեւերում»,-ասաց նա։

Փոխնախարարը թվարկեց անցած մրցաշրջանում Հայաստանի բռնցքամարտիկների առանձնակի կարեւորություն ունեցող հաղթանակները՝ նշելով, որ դա անհնար կլիներ, եթե չլիներ մարզիչների քրտնաջան աշխատանքը, մարզիկների նվիրված մարզումները, ֆեդերացիայի հսկայածավալ աշխատանքը, կառավարության ներդրումը սպորտում՝ ընդհանրապես եւ բռնցքամարտում՝ մասնավորապես։ Տեղեկացնելով, որ տարվա ընթացքում ֆեդերացիային լրացուցիչ ֆինանսական աջակցություն է արվել՝ փոխնախարարը հատուկ ընդգծեց, որ ֆեդերացիայի նախագահն անձնական միջոցներից շատ խոշոր ներդրում է կատարում մարզաձեւում։

«Պարոն Հովհաննես Հովսեփյանն այն բացառիկ նախագահներից է, որը զբաղված չէ պետությունից գումարներ վերցնելով ու մարզիկներին եւ մարզիչներին հավաքների, մրցումների ուղարկելով։ Նա կատարում է հսկայածավալ աշխատանք, ինչի համար շնորհակալ եմ անձնապես, գործկոմի անդամներին, ընդհանրապես հայկական բռնցքամարտի աշխարհին։ 2023-ը մեզ համար շատ կարեւոր տարի է։ Մայիսին աշխարհի առաջնությունն է, որը օլիմպիական խաղերի ճանապարհին լուրջ փորձամրցություն է լինելու։ Ունենալու ենք օլիմպիական վարկանիշային եւ այլ լուրջ մրցումներ։ Այնպես որ, բոլորիս հաջողություն եմ մաղթում, առավել եւս, որ այս տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը նույնպես մենք ենք ընդունելու շնորհիվ պարոն Հովսեփյանի ջանքերի»,-ասաց Կարեն Գիլոյանը եւ վստահեցրեց, որ կառավարությունը նորից բռնցքամարտի կողքին է։

ՀԲՖ նախագահը ողջունելով բոլոր ներկաներին, բռնցքամարտի աշխարհին եւ հյուրերին՝ շնորհակալություն հայտնեց կառավարությանը, օլիմպիական կոմիտեին, որ միշտ իրենց կողքին են եղել եւ աջակցել կազմակերպչական բոլոր հարցերում, ինչի շնորհիվ էլ արձանագրվել են բոլոր այն արդյունքները, որոնք դրանից առաջ չեն եղել։ «Մեր ֆեդերացիայի առջեւ առաջադրանք է դրված, որ հետագայում ավելի մեծ արդյունքներ պետք է ունենանք։ Մենք դեռ էլի սառույցներ ու կարծրատիպեր պետք է կոտրենք։ Մասնավորապես, պետք է ունենանք աշխարհի չեմպիոններ։ Այդ բռնցքամարտիկներն էլ կան, որ ի վիճակի են դա անել։ Եվ ինչո՞ւ չէ, արդեն օլիմպիական իրատեսական ոսկու մասին էլ ենք մտածում։ Այս տարվա Եվրոպական խաղերում նաեւ օլիմպիական վարկանիշեր են խաղարկվելու։ Ազգային հավաքականի գլխավոր մարզչի առջեւ դրված է Եվրոպական խաղերում առավելագույն չափով ուղեգրեր նվաճելու առաջադրանք։

Մի հոգով ոչինչ, ոչ մի արդյունք չի ստացվի։ Դրա համար ուզում եմ մեր ֆեդերացիայի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնել որպես մեկ ընտանիք աշխատանքի համար»,-ասաց ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ