Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կարեն Վրթանեսյան. Այսօր Հայաստանում բախում է ազգային ու ապազգային, հակազգային էլիտաների միջև

«Մարդիկ բահեր ու քլունգներ էին առնում խրամատներ փորելու համար, մարդիկ սեփական գումաներով պետական հիմնարկից՝ անտառտնտեսությունից գերաններ են առնում, որպեսզի այդ գերաններով ամրացնեն պետական սահմանների խրամատները։ Սա խոսում է այն մասին, որ բանակի նկատմամբ հետաքրքրություն կա»,-ասաց ռազմական ու տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը, որն այսօր  մասնակցում էր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկմանը։

Նրա խոսքով, այդ հետաքրքրությունը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ, նաև վերջին ագրեսիայի ընթացքում։

«Այլ հարց է, թե ո՞ր պահին է այդ հետաքրքրությունը,  ի՞նչ մեխանիզմներով է անջատվում կամ միացվում, ո՞ւմ կողմից, ի՞նչ կոնտեքստում»,-ասաց Վրթանեսյանը։

Նա նշեց, որ բոլոր մարդիկ ապրում են պատրանքներով։

«Ես այսօր ուզում եմ խոսել ազգային էլիտայի պատրանքների մասին, քանի որ ոչ մի տեղ չկա մի ուղղությամբ շարժվող, միակուռ ժողովուրդ։ Չտարանջատենք էլիտաներին ժողովրդից, քանի որ ազգային էլիտաներն ունեն պատասխանատվություն ժողովրդի, ազգի առաջ, բայց դրանց ուժը պետք է բխի ժողովրդից։ Էլիտայի թիվ մեկ ֆունկցիան ժողովրդին մոբիլիզացնել կարողանալն է, եթե չեն կարողանում ժողովրդին մոբիլիզացնել, նշանակում է՝ նրանք այլևս էլիտա չեն»,-ասաց բանախոսը։

Վրթանեսյանի խոսքով, այսօր Հայաստանում բախում է ազգային ու ապազգային, նաև կարելի է ասել հակազգային էլիտաների միջև։

«Եթե հակազգային էլիտաները կարողանում են ավելի շատ մարդ մոբիլիզացնել իրենց շուրջ ու որպես իրենց ուժի աղբյուր օգտագործել, դա առաջին հերթին ազգային էլիտաների պրոբլեմն է։ Ազգային էլիտաները պետք է հասկանան, ի՞նչն են սխալ անում»,-ասաց քննարկման մասնակիցը։