Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարման ձեւը կապ չունի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երեկ կողմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական ձեւի պահպանմանը: Քանի որ Հայաստանում նման խորհուրդներն ինքնուրույն չեն գործում, կարելի է ենթադրել, որ դա ներկայիս գործադիր իշխանության դիրքորոշումն է: Հավանաբար, Փաշինյանն այս պահին վստահ չէ, որ կշարունակի երկիրը ղեկավարել նախագահի կարգավիճակով, չնայած, ինչպես արդեն առիթ եմ ունեցել գրելու, նրա անձնական վարկանիշն ավելի բարձր է, քան ՔՊ-ինը, իսկ ինչ կլինի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, իհարկե, ոչ ոք չի կարող կանխատեսել: Բայց, հավանաբար, վարչապետը որոշել է ռիսկի չդիմել:

Անկեղծ ասած, ինձ էլ է գերադասելի թվում, որ Հայաստանում արտահերթ քաղաքական գործընթացներ չլինեն, ինչը պարտադիր տեղի կունենար՝ նախագահական համակարգին անցնելու դեպքում: Ընտրությունները բոլոր դեպքերում ցնցում են, ճգնաժամ են՝ թեեւ կառավարելի: Մեր եղած ճգնաժամերը մեզ հերիք են:

Իսկ եթե հարցին նայենք սկզբունքների տեսանկյունից եւ փորձենք պատասխանել, թե կառավարման ո՞ր ձեւն է Հայաստանի համար ավելի ձեռնտու, ապա այն ավտորիտար ռեժիմի օրոք, որը ձեւավորվել է Հայաստանում, դա որեւէ նշանակություն չունի: Կոչվի Փաշինյանը վարչապետ, թե նախագահ, միեւնույն է՝ նա որոշումներն ընդունում է միանձնյա, իսկ խորհրդարանը խաղում է զուտ դեկորատիվ դեր՝ մեծամասնությունը դակելու է գործադիր իշխանության բոլոր նախագծերը եւ մերժելու է ընդդիմության բոլոր նախաձեռնությունները: ՔՊ-ական պատգամավորները ոչ մի ինքնուրույն դեր չեն խաղում՝ նրանց միակ գործառույթն է ընդդիմադիրներին «հուժկու քարոզչական հարվածներ» հասցնելը: Ի՞նչ տարբերություն՝ ինչպես է կոչվում նրանց «շեֆը»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ արդյոք առաջներում այդպես չէ՞ր: Հիմնականում այդպես էր: Պարզապես երբեմն սրվում էր «գորգի տակ» գզվռտոցը: 1999 թվականի մայիսի ընտրություններից հետո, երբ ԱԺ ընտրություններում հաղթել էր «Միասնություն» դաշինքը, վարչապետն ու խորհրդարանն ավելի ազդեցիկ էին, քան նախագահը, եւ վերջինս հայտարարում էր, որ ինքը «դիտորդ է»: Սա՝ ի գիտություն նրանց, ովքեր կարծում են, թե նախագահական համակարգն անպայման ենթադրում է կուռ, ուղղաձիգ կառավարում: Կար նաեւ մի իրավիճակ, երբ իշխող վերնախավը ոչ բացահայտորեն, այսպես ասած՝ «տակից» դիմադրում էր նախագահին: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը, ի հեճուկս օլիգարխիայի, վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին, եւ օլիգարխները չհանգստացան, մինչեւ վերջինս պաշտոնանկ չարվեց:

Այսօր մենք, բարեբախտաբար, չունենք ազդեցիկ օլիգարխիա, բայց, դժբախտաբար, չկա նաեւ որեւէ հարց լուծող խորհրդարան: Վիճակն այս առումով «կայուն է»: Եվ ամենակարեւորը՝ մեր քաղաքացիների մեծ մասին բավարարող:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ