Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարությունը 757 մլն դրամ է հատկացրել  սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է   757,935 հազար դրամ հատկացնել Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի  մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գումարը հատկացվում է 15 բնակավայրերի  15 ծրագրերի համաֆինանսավորման համար: Նախարարը նշել է նաև, որ տարեցտարի ավելանում են հայտերի քանակը. 2022 թ. հաստատվել է  363 հայտ՝ 74 մլրդ դրամ արժեքով, իսկ 2023 թ. –ի համար արդեն 446 հայտ՝ 111 մլրդ դրամի չափով:

Վարչապետը ներկայացրել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Մասնավորապես,  Արագածոտնի մարզում իրականացվել են Կարմրաշեն համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի աշխատանքներ, Արարատի մարզում՝ Մասիսի քաղաքի նախկին մարզադպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, քաղաքային կենտրոնական գրադարանների մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներ, հիմնանորոգվել են Մասիս քաղաքի նախկին մարզադպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, քաղաքային կենտրոնական գրադարանների մասնաշենքերը և ապահովել  են ջեռուցման համակարգով,  գազիֆիկացվել է Ռանչպար համայնքը  և այլն:  Արմավիրի մարզում ասֆալտապատվել է Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցը, Զարթոնք համայնքում կառուցվել է նոր երկհարկանի մանկապարտեզ՝ 140-150 երեխաների համար:  Գեղարքունիքի մարզում իրականացվել են՝ Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում,  Նորակերտ համայնքի խմելու ջրի ջրագծի 2000 մ հատվածի վերանորոգում, Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում և այլն:  Լոռու մարզում իրականացվել է  Շնող համայնքի Շնող բնակավայրի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ փողոցների ջրաֆիկացում, կառուցվել է ջրամբար և պոմպակայան: Շիրակի մարզում Աշոցք բազմաբնակավայր համայնքի կարիքները հոգալու համար  ձեռք է բերել ավտոաշտարակ: Սյունիքի մարզի Գորայք համայնքի մեքենատրակտորային պարկն է համալրվել, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել հողը վարող/հերկող անվավոր տրակտոր, ազոտային գութան, ձյունամաքրող սարքեր, սերմնացան մեքենա:  Տավուշի մարզի Բերդ և Արծվաբերդ բնակավայրերում հիմնովին վերանորոգվում և սալիկապատվում են ներհամայնքային ճանապարհները:

Անդրադառնալով իրականացվող աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ համատեքստում ոչ միայն շինարարության գնի,  այլև շահագործման ժամկետի հաշվարկ ունենալու անհրաժեշտությունը: «Ե՛վ պետական, և՛ սուբվենցիոն ծրագրերով իրականացնում ենք մի շարք բարեկարգման աշխատանքներ, որտեղ օգտագործվում են մասնավորապես բետոնե սալիկներ: Մեր դիտարկումները ցույց են տալիս որ բետոնե սալիկների օգտագործումը խնդրահարույց է, դրանք  շատ արագ են շարքից դուրս  գալիս: Ես հանձնարարել եմ, որպեսզի մենք լրջորեն դիտարկենք հնարավորինս ավելի ու ավելի մեծ ծավալներով քարի օգտագործումն այդ ծրագերի համար: Իհարկե, հասկանում ենք, որ այստեղ գնային որոշակի ավելացումներ կունենանք, սակայն Քաղաքաշինության կոմիտեի եզրակացության համաձայն՝ քարով արված աշխատանքն առնվազն երեք անգամ ավելի երկար կծառայի: Քաղաքաշինության կոմիտեին հանձնարարել եմ, որպեսզի մենք հաշվարկ ունենանք ոչ միայն շինարարության գնի, այլև` շահագործման ժամկետի»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ հարկային եկամուտների  նախատեսած պլանն էականորեն գերակատարվում է՝ մոտավորապես 70 մլրդ դրամի չափով. «Բայց մյուս կողմից էլ այդ գումարները արդյունավետ ծախսելու, կապիտալ ծրագրեր իրականացնելու խնդիր ունենք»: