Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կարսի պայմանագրերը չեղարկելու մասին դիմումին արձագանքել են ՌԴ նախագահի աշխատակազմից․ «Նիդերլանդական օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Նիդերլանդական օրագիրը» ավելի վաղ հայտնել էր, որ «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքը՝ ի դեմս նրա նախագահ, Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Անտոնովի, նամակ-դիմում էր հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինին, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ.Ի.Մատվիենկոյին, Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դումայի նախագահ Վ. Վ .Վոլոդինին՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը չեղարկելու մասին։ Դիմումին կցվել էին 1921 թ. Մոսկվայի ու Ղարսի պայմանագրերի շրջանառվող տեքստերը, համապատասխան այլ փաստաթղթեր։

Սա Ռուսաստանի մի խումբ հայազգի և ռուս իսկական նվիրյալ հայրենասերների նախաձեռնության արդյունք է, որոնց մտահոգությունները Ռուսաստանի իշխող վերնախավին է նամակագրությամբ տեղյակ պահել` Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովը։

Պատասխանները չուշացան։ ՌԴ նախագահի աշխատակազմից, Դաշնության խորհրդից ու Պետդումայից ստացված արձագանքներից բացի ստացվել էր նաև ԱԳ նախարարության անունից` ԱՊՀ երկրների 4-րդ վարչության տնօրեն Դ. Գոնչարի ստորագրությամբ պատասխան, որը հրապարակեց Կեմերովոյի համայնքային «Доброе утро» թերթը ((№ 4-6, 2021 (170-172))։

Ըստ երևույթին Կեմերովոյի հայ համայնքի բարձրացրած հայկական հարցը որոշակի հետաքրքրություն առաջ բերեց ռուսական իշխանության վերնախավում, քանի որ երեք գերատեսչություններին հասցեագրված նամակին բոլորն էլ պատասխանել էին, իսկ ԱՊՀ-ի կովկասյան երկրների գծով տնօրեն Դենիս Գոնչարն էլ նույնիսկ պարզաբանել էր այն։

Ավելին` նախագահի աշխատակազմից մատնացույց էին արել հարցը նաև իրավական ճանապարհով լուծելու ուղին:

Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ Գեորգի Անտոնովը, հետամուտ լինելով արդարության ձայնին, գտնում է, որ Մոսկվայի ու Ղարսի պայմանագրերի մասին ԱՊՀ երկրների 4-րդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի ուղարկած նամակի բացատրությունը անհամաչափ է, անտրամաբանական ու թերի և չի արտացոլում այդ տարիների իրականությանը, ավելին` մոլորության մեջ է գցում, խախտելով քաղաքացիների իշխանության պետական մարմիններից հավաստի տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը: Հենց այս հիմնավորմամբ «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքը՝ ի դեմս նրա նախագահ Գեորգի Անտոնովի, Մոսկվա քաղաքի Պրեսնենսկի շրջանային վարչական դատարանում հայցադիմում ներկայացրեց՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության։

Հայցատուն հանգամանորեն հիմնավորելով իր առարկությունները, դատարանից խնդրում է պահանջել պայմանագրի բնօրինակը, անօրինական ճանաչել պատասխանող կողմի գործողությունները, որն է՝ սխալ կամ ենթադրական հիմքերով, չհիմնավորված փաստեր տրամադրելը, խնդրեց և պարտավորեցրեց պատասխանող կողմին (ՌԴ ԱԳՆ) միջոցներ ձեռնարկել 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և նույն թվականի հոկտեմբերի 13-ի Ղարսի պայմանագրերը չեղյալ համարելու ուղղությամբ։

Միանգամից ասենք, որ Ռուսաստանի շրջանային դատարանը հայցը մերժում է, իսկ բողոքարկումից հետո վերահսկիչ քաղաքային դատարանը այն պարզապես անփոփոխ է թողնում: Գործն այս տարվա երկրորդ կեսին հասնում է երկրորդ վերաքննիչ դատարան, որի մերժումից հետո հայցը կարող էր վիճարկվել Ռուսաստանի գերագույն դատարանում, այնուհետև միջազգային դատական ատյաններում: Այդպես չեղավ, քանի որ վերաքննիչ դատարանը երկու ստորին դատարանների որոշումը բեկանեց կրկին ուղարկելով այն շրջանային առաջին ատյանի դատարան` եղած խախտումներն ու թերությունները վերացնելու համար:

Շրջանային ատյանի դատարանի նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-ին:

Բոլոր դեպքերում հետաքրքիր զարգացումներն առջևում են, անկախ որոշումներից ու վերջնական արդյունքներից «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի վճռականությունն ու համառությունը գովեստի է արժանի, իսկ կատարած հսկայական աշխատանքը պարզապես խիզախություն է: Այս ֆոնին անհասկանալի պասիվություն է դրսևորել ու դրսևորում Ռուսաստանի Հայերի Միությունը (Союз Армян России)` հավանություն չտալով կեմերովցիների այս կեցվածքին: Ի սկզբանե նրանց որոշ ներկայացուցիչներ դեմ են եղել այսպիսի հայց դատարան ուղարկելուն: Այսօր նույնիսկ խոսակցություններ կան դատարաններից հայցը հետ վերցնելու, նույնիսկ անհայտ անձինք սպառնալիքներ են հնչեցնում Կեմերովոյի Ռուսաստանի մարզային բաժանմունքի ղեկավար Գեորգի Անտոնովի հասցեին:

Կարծիքներ կան, որ Ռուսաստանի Հայերի Միության անունից Կեմերովոյի մարզային բաժանմունքի ղեկավարն իրավունք չունի դատական հայցով հանդես գալու` այն դեպքում, երբ Ռուսաստանի Հայերի Միության Կեմերովոյի մարզային բաժանմունքն առանձին իրավաբանական կարգավիճակ ունի և իրավասու է ինքնուրույն որոշումներ կայացնելու: Հետաքրքիր է, որ այս ամենից փորձում են օգտվել հայցը դատարանում վիճարկողները:

Մեզ հաջողվեց Երևանում հանդիպել ու զրուցել «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ Գեորգի Անտոնովի հետ: Սա նաև սփյուռքի համաշխարհային գագաթնաժողովի անցկացման ընձեռված դրական կողմերից մեկն էր:

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»