Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կայսերական ցուգցվանգ․ Պուտինն անցավ անդառնալիության կետը

Ուկրաինայի օկուպացված շրջանների բռնակցման արարողությանը Պուտինի ելույթը խղճուկ տպավորություն է թողնում, մառազմի, կեղծիքի ու կայսերական հիվանդագին բարդույթների ավանդական խառնուրդով։ Նրա ելույթի թերեւս ամենակարեւոր դրվագն այն էր, որ նա հերթական անգամ առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ ընդունել ռուսական պայմաններով հրադադարը։

Փորձագետներն ու հետախուզություններն ուկրաինական շրջանների բռնակցման արագացման որոշումը կապում են ռուսական բանակի պարտության հետ, երբ Կրեմլի համար անհրաժեշտություն է դառնում կոնվենցիոնալ պատերազմում պարտությունը կանխել զանգվածային ոչնչացման զենքի կիրառումով։ Կրեմլը արդեն հայտարարել է, որ բռնակցված տարածքների վրա տարածվելու է ՌԴ ռազմական հայեցակարգը, որը ենթադրում է նաեւ միջուկային զենքի կիրառում։

Այս կապակցությամբ, փորձագետները նշում են, որ Պուտինը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ չունի որեւէ օգտակար քայլ, քայլերը հարկադրված են, եւ ցանկացած քայլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Տվյալ դեպքում՝ խորացնում պուտինյան Ռուսաստանի ինքնասպանության ընթացքը։ Այս իրավիճակը հետեւանք է երկրի ներքին ու արտաքին բարդ կացության, որի սկիզբը դրվեց Պուտինի 2007-ի մյունխենյան ճառից ու 2013-ին պաշտոնապես հայտարարված «քաղաքական նոր կուրսի մեկնարկից»։ Ընդ որում, գաղափարախոսական հայեցակարգերի փլուզումն ու դրա հետեւանքով Կրեմլի կլեպտոկրատական ռեժիմը մարգինալ ֆաշիստական գաղափարներով «սնուցելու» փորձերն ավելի են խորացրել իրավիճակը։

Ինչպես է դրսեւորվում ցուգցվանգային իրավիճակը․ Ուկրաինա ներխուժումից առաջ Կրեմլը վերջնագիր ներկայացրեց ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով, սպառնալով դիմել կանխարգելիչ քայլերի։ Կրեմլի վերջնագիրը մերժվեց, եւ Ուկրաինա ներխուժման որոշում կայացվեց։ Կիեւի մատույցներում կրած պարտությունից հետո, երբ պարզվեց, որ նախնական ծրագրերն անիրագործելի են, Կրեմլը մեջ գցեց Էրդողանին՝ փորձելով բանակցություններ սկսել Մոսկվայի պայմաններով։ Այդ փորձը նույնպես տապալվեց։ Ընդ որում, նշաններ կան, որ մարտին ռուսական բանակի հաջողությունների շրջանում Պուտինը հույս ուներ ավելի շատ տարածք պոկել, եւ հենց դա տապալեց բանակցությունների ստամբուլյան փուլը։

Այնուհետեւ Էրդողանի միջոցով Պուտինը կնքեց ցորենի գործարքը, միջուկային ճգնաժամ հարուցեց Զապորոժիեյի ատոմակայանում եւ էներգետիկ ճգնաժամ՝ Եվրոպայում, հույս ունենալով հարկադրել իր պայմաններով հրադադարի։ Այդ փորձերը նույնպես տապալվեցին։ Զուգահեռ, ուկրաինական բանակը, համալրվելով արեւմտյան ռազմակայաններում վերապատրաստված զինվորականներով եւ արեւմտյան բարձրտեխնոլոգիական սպառազինությամբ, սկսեց հաջող հակահարձակումը։

Այս իրավիճակում Պուտինը սպառնում էր հանրաքվեներով եւ տարածքների բռնակցմամբ, կրկին այն ակնկալիքով, որ Արեւմուտքը զիջումների կգնա։ Դա տեղի չունեցավ, եւ Պուտինը ստորագրեց այդ տարածքները Ռուսաստանին բռնակցելու հրամանագիրը, միաժամանակ սրելով միջուկային հարվածի սպառնալիքը, եթե ուկրաինական բանակը կանգ չառնի։

Կիեւը հայտարարել է, որ շարունակելու է իր հողերի ազատագրումը, եւ Պուտինի հրամանագրերից հետո որեւէ բանակցության մասին խոսք չի կարող լինել։ Արեւմուտքն իր հերթին հայտարարել է, որ չի ճանաչելու բռնակցումը, իսկ միջուկային հարվածի դեպքում Մոսկվային խոստացել է «սարսափելի հետեւանքներ»։ Սա նշանակում է, որ Պուտինի պայմանը չի ընդունվել, եւ նա կամ պետք է նահանջի, կամ իրագործի իր միջուկային սպառնալիքը։

Փորձագետները նշում են, որ եթե այս շղթայի նախորդ փուլերում դեռ հնարավոր էր կանգ առնել, ապա բռնակցման հրամանագրերից հետո Պուտինն անցել է անդառնալիության կետը։ Խոսքը միայն Պուտինի հույսերի մասին չէ, այլ՝ շրջադարձային մոտալուտ իրադարձությունների։