Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաղաղության պայմանագրի տարբերակները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մայր աթոռում կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպումը, ինձ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով, առաջացրել է ներկայիս իշխանության կողմնակիցների բուռն բացասական կրքերը: Հիմնական թեզն այն է, որ հավաքին մասնակցող վեց գործիչներն էլ Կրեմլի գործակալներն են ու ինչ-որ դավադրություն են կազմել մեր երկրի ինքնիշխանության դեմ:

Նախ՝ ինձ թվում է, որ հանդիպման արդյունավետությունը չափազանցված է, երկրորդ՝ այդքան միասնականությունից խոսելն ու դրան ուղղված փոքրիկ քայլը դատապարտելն ինձ տարօրինակ է թվում: Այդ իրադարձությունից կարելի է միայն մեկ հետեւություն անել՝ իրավիճակն իսկապես լուրջ է՝ այնքան լուրջ, որ իրար հետ, մեղմ ասած, լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ որոշել են կարծիքներ փոխանակել:

Եթե ինձ հարցնեք, ապա հանդիպումն արդյունավետ կլիներ, եթե, գոնե մի քանի նախադասությամբ, տրվեր Հայաստանի սահմանների եւ Արցախի իրավիճակի գնահատականը, ինչպես նաեւ հայտարարվեր, որ հանդիպման մասնակից նախկին ղեկավարները իշխանության որեւէ հավակնություն չունեն: Այդ առումով միակ «խնդրահարույցը», կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանն է, որը ոչ միայն չի հրաժարվել հավակնություններից, այլեւ իր կողմնակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հաստատել է դրանք: Այդ հավակնությունները հզոր կռվան են իշխանության քարոզչության համար, որը Փաշինյանի հետ ցանկացած անհամաձայնության հետեւից նկատում է կամ ձեւ է անում, որ նկատում է «Քոչարյանի ականջները»:

Ինչ մնում է Ռուսաստանին: Ըստ անվտանգության հարցերով փորձագետ Թոմ դը Վալի, գոյություն ունի խաղաղության պայմանագրի երկու նախագիծ՝ ռուսական (որտեղ Արցախի հարցն առաջարկվում է հետաձգել եւ «միջանցքի» վերահսկողությունը դրվում է Ռուսաստանի վրա) եւ եվրոպական (որտեղ խոսք կա Արցախում ապրող հայերի անվտանգության երաշխիքների մասին): Ամենավատ տարբերակն այն է, ինչ, Թոմ դը Վալի մատուցմամբ, անում է Փաշինյանը՝ երկու կողմերին էլ խոստանում է ստորագրել իրե՛նց տարբերակը:

Խաղաղության պայմանագրի տարբերակները

Եթե ընդունենք, որ տեղեկությունը ճիշտ է, եւ համեմատենք երկու տարբերակները, ապա, հավասար այլ պայմանների դեպքում, գերադասելի է, իհարկե, եվրոպական տարբերակը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ «այլ պայմանները» հավասար չեն:

Ռուսաստանը տարբերակ ունի իրենը պնդելու, այդ թվում՝ նոր բախումներ հրահրելով: Իսկ դրանց հետեւանքը կարող են լինել Հայաստանի մարդկային եւ տարածքային նոր կորուստները: Եվրոպան իրենը պնդելու լուրջ լծակներ չունի, եւ եթե անգամ ունի, չի կիրառելու: Այնպես որ ես չէի զարմանա, եթե նախկին նախագահներն իրատեսական համարեին ռուսական տարբերակը: Դա չի նշանակում, սակայն, որ նրանք ռուսական գործակալներ են:

Իմ կարծիքով, իդեալական տարբերակը որեւէ բան չստորագրելն է, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են նախկին Հայկական ԽՍՀ տարածքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ