Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կուտակումներ և ընտրողների ակտիվություն Գյուլագարակում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր ավագանու ընտրություններ են ընթանում նաեւ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում: Համայնքի ղեկավարի համար այստեղ մրցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները: Այս համայնքում, ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել նաեւ «Հանուն ժողովրդի»՝ «Իմ հզոր համայնք» եւ «Ռեֆորմիստներ» կուսակցությունների դաշինքը, որի ընտրացուցակը ղեկավարում էր Հայկ Հարությունյանը:

Սակայն վերջինս հրաժարվեց ընտրությունների մասնակցությունից, ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքական ճնշումների արդյունքում: Ըստ տեղացիների, քաղաքական կոչվող ճնշումների հետեւում կանգնած է Դավիթ անունով մի քրեական հեղինակություն, ով մեծ ազդեցություն ունի տեղում: Ի դեպ, ըստ խոսակցությունների, վերջինս սատարում է իշխող ուժին եւ նրա ընտրացուցակը գլխավորող Խաչիկ Վարդանյանին:

Խաչիկ Վարդանյանը հարուստ քաղաքական կենսագրություն ունի. եղել է ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, Հայկական վերածնունդ կուսակցությունների անդամ: 2016 թվականին ընտրվել է Գյուլագարակ համայնքի գյուղապետ, 2017-ի նոյեմբերին, համայնքների խոշորացման ժամանակ, չի վերընտրվել: Ապա, մեկնել է ՌԴ: Տեղացիները պատմում են, որ Վարդանյանների ընտանիքի ՌԴ մեկնելու պատճառներից մեկն էլ եղել է որդուն զինվորական ծառայությունից ազատելը:

Ի դեպ, վերջինս, հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, Կրասնոդարի մարզում տուն են գնել եւ այնտեղ հաստատվել: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Խաչիկ Վարդանյանը վերադարձել է Գյուլագարակ եւ այդ ընտրություններում ղեկավարել է ԲՀԿ-ի տեղի շտաբը: 2021 թվականի օգոստոս ամսից նա նշանակվել է Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ տեղացիների զրույցների, Խաչիկ Վարդանյանը հայտարարել է, որ եթե այս ընտրություններում ինքը չհաղթեց՝ նորից վերադառնալու է Կրասնոդարի մարզ:

Թեկնածուին այսօր հանդիպեցինք իր շտաբի մոտ, բավական բարձր տրամադրություն ուներ, ասաց, որ գոհ է մասնակցությունից. ինքն էլ չէր սպասում նման ակտիվություն: Բայց հարցազրույց տալուց հրաժարվեց:

«Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Վրույր Այվազյանը: Նա անհատ ձեռներեց է, մասնագիտությամբ իրավագետ է:

Aravot.am-ի տեսախցիկը Գյուլագարակի 22/01 տեղամասում կուտակումներ է ֆիքսել՝ թե՛ դրսում, թե՛ ներսում: Այս տեղամասը 1621 ընտրող ունի: Ժամը 14.00-ի դրությամբ 610 ընտրող արդեն քվեարկել էր, հանձնաժողովի նախագահ Սմբատ Սուքիասյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղամասի ներսում կուտակումները բացատրեց ընտրողների ակտիվությամբ: Իսկ ընտրողների նման ակտիվության պատճառն, ըստ նրա, տեղական ընտրությունների յուրահատկությունն է: Տեղամասի ներսում երբեմն նույնիսկ խառնաշփոթ էր ստեղծվում:

«Ապրելու երկիր»  կուսակցության շտաբից Aravot.am-ին տեղեկացրին նաեւ, որ այդ տեղամասում ընտրողների եւ հանձնաժողովի անդամների միջեւ վիճաբանություն է եղել, վստահված անձինք գրանցվելուց եւ դուրս գալուց հետո էլ չեն լքում քվեասենյակը, պատշաճ չի կատարվում նաեւ հանձնաժողովի անդամների հերթափոխը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ