Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ․ Փաշինյան

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում  Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Ինչպես հաղորդում են  ՀՀ վարչապետի աշխատակազմից, Փաշինյանը մասնավորապես ասել է․

 «Շնորհակալություն հարգելի Միխայիլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ ուրախ եմ բոլորիդ տեսնել: Դուք ընդգծեցիք, որ առկա է նոր դինամիկա մեր առևտրատնտեսական հարաբերություններում և փոխադարձ առևտրում, դա իրականում այդպես է, ունենք լավ և մեծ աճ:

Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, որ կան որոշ օբյեկտիվ ազդակներ, բայց ցանկանում եմ ընդգծել, որ այդ դինամիկայում առկա է առանձնահատուկ անձնական դերը Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի, Ձեր անձնական դերը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Օվերչուկի դերը:

Գիտեք, որ ցավոք մեզ մոտ հաճախ են ի հայտ գալիս լոգիստիկ խնդիրներ և շատ շնորհակալ ենք, որ ամեն անգամ շատ օպերատիվ եք արձագանքում և կայացնում որոշումներ, որոնք նպաստում են այդ խնդիրների արագ լուծմանը:

Տնտեսության ոլորտում մեզ մոտ ամեն ինչ լավ է, գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է և, ցավոք, մեզ մոտ ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում: Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ:

Այժմ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ: Դա շատ կարևոր և զգայուն հարց է մեր երկկողմ հարաբերություններում: Ցավոք, անվտանգության ոլորտում ունենք որոշակի հարցեր նաև բազմակողմ ձևաչափով` ՀԱՊԿ-ում և հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուծել բոլոր այդ հարցերը: Մենք աշխատում ենք, մենք շահագրգիռ ենք, բայց ցավոք, անկեղծ ասած, չի նկատվում որևէ առաջխաղացում այդ ուղղություններով:    

ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում մեզ թվում էր, որ եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացման առնչությամբ: Վլադիմիր Վլադիմիրին ժամանել էր կոնկրետ առաջարկություններով և մենք համաձայնեցրեցինք տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման այդ համաձայնեցված տարբերակների ասպեկտները, սակայն, ցավոք, հետո այդ պայմանավորվածությունները չհաջողվեց իրականացնել Ադրբեջանական Հանրապետության ապակառուցողական և հակաարդյունավետ դիրքորոշման պատճառով:

Բայց Դուք գիտեք, որ մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ, քանի որ փաստացի Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում գտնվում է շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից և մենք իհարկե շատ ենք հետաքրքրված, որպեսզի տարածաշրջանում բացվեն բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքները:

Մենք գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ես նկատի ունեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և մենք այն առավել կոնկրետացրել ենք 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ: Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հարցում պետք է գործենք համապատասխան այն երկրների օրենսդրությունների, որոնց տարածքներով անցնում են ենթակառուցվածքները:

Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է և վստահ եմ, որ այսօր կխոսենք բոլոր հարցերի շուրջ»: