Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«ԼՂ-ի շրջափակումը լրիվ համապատասխանում է էթնիկ զտման երկարատև քաղաքականությանը»․ ՀՀ-ի շահերը ՄԱԿ-ում ներկայացնող պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Կասկած չկա, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և դրան առնչվող միջոցները հակասում են խտրականության ընդհանուր արգելմանը։ Շրջափակումը խտրական է։ Այն նպատակ է հետապնդում խոչընդոտել էթնիկ հայերին իրենց իրավունքներն իրացնել մյուս մարդկային խմբերի հետ հավասարապես»,-ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց պրոֆեսոր Լինոս Ալեքսանդր Սիսիլիանոսը։

Նա ընդգծեց, որ շրջափակումը հստակ նպատակ է հետապնդում, ինչպես Ալիևն է հայտարարել ու արձանագրեց․ «Դա լրիվ համապատասխանում է էթնիկ զտման երկարատև քաղաքականությանը։ Էթնիկ զտումը տարածքը միասեռ դարձնելն է՝ ուժի կիրառման կամ ահաբեկելու միջոցով։ Այն ընդգրկում է բազմաթիվ գործողություններ՝ ներառյալ ահաբեկելը՝ ստեղծելով բացասական կենսապայմաններ»։

Լինոս Ալեքսանդր Սիսիլիանոսը նշեց, որ կոնվենցիային դեմ է նաև խտրականությանը պետականորեն օժանդակելը կամ հավանություն տալը։ Նա վստահեցրեց․ «Ալիևն օժանդակել և պաշտպանել է էկոակտիվիստների գործողություններին, ինչի մասին ինքն էլ է նշել»։

Պրոֆեսորը հայտնեց, որ ՀՀ-ն միջանկյալ միջոցի կիրառում է պահանջում ազատ տեղաշարժի, ընտանիքի վերամիավորման, սեփական երկիր վերադարձի իրավունքի և այլ հիմքերով ու ասաց․ «ԼՂ-ում ապրող հայերի՝ իրենց երկիր վերադառնալու իրավունքն է խախտված։ Լաչինի միջանցքի շրջափակումը աղաղակող խախտում է սեփական երկիր մեկնելու և վերադառնալու իրավունքի։ Այս շրջափակումը որևէ օրենքով սահմանված չէ, այն կամայական է»։

Դոկտոր Կոնստանդինոս Սալոնիդիսը, փաստերով ներկայացնելով, թե Ադրբեջանի շրջափակումն օր օրի ինչ իրավիճակի է հանգեցրել ԼՂ-ում, ասաց․ «Իրավիճակը մնում է վտանգավոր։ Թևակոխում ենք հիսուներորդ օրը։ Այսպես կոչված ցուցարարները վերահսկում են ԼՂ հայերի կյանքն ու մահը»։ Նա ահազանգեց՝ օրեցօր այդ ամենը ծանրանում ու վատթարանում է։ Ու զգուշացրեց՝ մտավախություն ունի, որ այս ամենը կշարունակվի, եթե դատարանը հրատապորեն չմիջամտի։

Պրոֆեսոր Պիեր Գարժանն էլ փաստեց՝ Ադրբեջանը 120 հազար մարդու ոչ ավել, ոչ պակաս պատանդ է վերցրել՝ նրանց կյանքն անհնարին դարձնելով, ծնկի բերելով, զրկելով ձմռան կեսին բոլոր կենսաապահովման միջոցներից բացառապես նրա համար, որ նրանք ազգությամբ հայ են։

Դիմելով դատարանի անդամներին՝ նա ասաց․ «Ադրբեջանը կարող է ինչքան ցանկանում է փաստարկներ բերել։ Ոչ մեկ չի հավատում նրանց բնապահպանական հեքիաթներին։ Քաղհասարակության ակտիվիստնե՞ր մի երկրում, որը հայտնի է՝ որպես բռնապետական երկիր․ ոչ ոք չի հավատում։ Ձեր դատարանը պարտավոր է գործել և պետք է գործեք անհապաղորեն։ Եթե չհրահանգեք միջանկյալ միջոցներ, շուտով հայ մարդիկ չեն մնա ԼՂ-ում, նրանք կհեռանան իրենց կյանքը փրկելու համար, ինչպես նրանց կոչ է անում Ալիևը։ Հայաստանը ձեզ չի խնդրում Ադրբեջանին հրահանգել ուժով ցրել այսպես կոչված ցուցարարներին։ Հաշվի առնելով եռակողմ հայտարարությունը՝  Ադրբեջանը իրավունք չունի ճանապարհի երկայնքով ուժեր կիրառել։ Պահանջում ենք, որ Ադրբեջանը դադարեցնի ֆինանսական և կազմակերպչական միջոցներով աջակցել խմբերին, որոնք խանգարում են ազատ տեղաշարժը ճանապարհի երկայնքով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ