Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի մի շարք կառույցներին ու անհատներին է ներկայացվել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» նորաստեղծ հիմնադրամի գործունեությունը

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կազմակերպվել է հատուկ միջոցառում` հայ համայնքի մի շարք կառույցներին ու անհատներին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» նորաստեղծ հիմնադրամի գործունեությունը ներկայացնելու համար։

Հանդիպման սկզբում հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նշել է, որ իրենց հիմնական գործառույթներից է ադրբեջանական հանցանքների ապացույցներ ամրագրելը, հետազոտելը, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելուն նպաստելը:

Դրանից բացի, հիմնադրամի գործունեության ուղղություններն են լինելու.

  • Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը,
  • մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը,
  • գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկումների միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը,
  • հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը,
  • Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը:

Արման Թաթոյանը նշել է, որ գործարկման փուլում է www.tatoyanfoundation.org կայքը, որի միջոցով հնարավոր է նվիրատվություններով աջակցել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնադրամի հետ կապված իրականացնելու է ակտիվ հանրային գործունեություն։ Հիմնադրամը չունի որևէ օլիգարխից ֆինանսավորում․ ֆինանսական աջակիցներն են մեր անհատ հայրենակիցները:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամում աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախկին աշխատակիցներն են․ պրոֆեսիոնալներ են և ունեն ճգնաժամային իրավիճակներում աշխատելու մեծ փորձառություն։

Հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի, Չիկագոյի և մի շարք այլ քաղաքների հայկական կառույցների ղեկավարներ ու անհատներ` հայտնի փաստաբաններ, լրագրողներ, պատմաբաններ, արվեստագետներ և այլն:

Հ․Գ․ Արման Թաթոյանն ԱՄՆ-ում գտնվում է գործնական այցով, որի շրջանակներում տեղի են ունեցել բարձրաստիճան հանդիպումներ, քննարկվել են նոր ծրագրեր ու նախաձեռնություններ: