Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Լույս». ՍԴ-ի կողմից ծանր վիրավորանքի քրեականացումն արդարացնող իրավական դիրքորոշումներն առաջ են բերում կարծիքի արտահայտման ազատության իրավունքի խախտման խորքային վտանգներ

Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվության սահմանման վերաբերյալ Սահմանդրական դատարանի որոշումը վերլուծել է «ԼՈւՅՍ» հիմնադրամը։

2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով քրեական պատասխանատվություն սահմանվեց ծանր վիրավորանքի համար:

Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: Մինչդեռ, պետք է արձանագրել, որ վիրավորանքն ու զրպարտությունը ՀՀ-ում ապաքրեականացվել էին դեռևս 2010 թվականին: Այսպիսով, ստացվեց այնպես, որ Սահմանադրական դատարանը, կոչված լինելով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, տուրք տվեց օրենսդիր և գործադիր իշխանությունների քաղաքական շարժառիթներին` ձևավորելով խոսքի ազատության և կարծիքի արտահայտման ազատության իրավունքների սահմանափակման թույլատրելիության վտանգավոր նախադեպ:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն այս վերլուծությամբ փորձել է վեր հանել Սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ գտած խնդրահարույց եզրահանգումները, որոնց վերլուծությամբ փաստվում է, որ թե՛ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, թե՛ Սահմանադրական դատարանի կողմից ծանր վիրավորանքի քրեականացումն արդարացնող իրավական դիրքորոշումներն առաջ են բերում Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության իրավունքի խախտման խորքային վտանգներ:

«Չնայած այս ամենին՝ 2022 թվականին Սահմանադրական դատարանը ծանր վիրավորանքի քրեականացումը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող:

• Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն լի է գնահատողական մոտեցումների տեղիք տվող ձևակերպումներով: Ընդ որում, խնդրահարույց է այն, որ իրավական անորոշության փաստը չի փարատվում նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1646 որոշմամբ:

• Սահմանադրական դատարանը հայտնել է, որ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն նախատեսելն ինքնին սահմանադրականության խնդիր չի առաջացնում, և առկա չէ սահմանադրորեն հետապնդվող նպատակին հասնելու համար բավարար արդյունավետ այլ օրենսդրական միջոց: Մինչդեռ, Սահմանադրական դատարանը չի


հիմնավորում իր եզրահանգման հիմքում ընկած հանգամանքները: Օրինակ՝ արդյո՞ք պետության կողմից ծանր վիրավորանքի կամ ատելության խոսքի բացառման, բազմակարծությունը խրախուսելու, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր օրենսդրական մակարդակում, կամ իրականացվել են իրազեկման
աշխատանքներ հանրության շրջանում:

•Խնդրո առարկա կարգավորումները համահունչ չեն միջազգային իրավական չափանիշներին և Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ ծանր վիրավորանքի քրեականացումից ի վեր այն քննադատության է ենթարկվել միջազգային մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների կողմից:

• Սահմանադրական դատարանի կողմից նշված կարգավորումների օրինականացումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ հանգեցնում է մարդկանց խոսքի ազատության անհամաչափ սահմանափակման»,-նշվում է եզրահանգումներում։

Վերլուծությունը՝ այստեղ։