Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Լսողական խնդիրներ ունեցող 30-ից բարձր տարիքի անձանց տրամադրում են վատ որակի լսողական սարքեր, որոնց դեպքում կողմնակի աղմուկն ավելի բարձր է լսվում, արդյունքում այդ մարդկանց մոտ գլխացավ է առաջանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Լսողության տարբեր մակարդակի խնդիրներ ունեցող անձինք հասարակությունում ինտեգրվելու մեծ խնդիր ունեն՝ սկսած անձնական կյանքի որակից մինչեւ կրթություն եւ աշխատանք։ Շատ հաճախ այս խնդիրների պատճառով նրանցից շատերը մեկուսացած են ապրում։

Լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող «Լռության ձայն» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել է լսողության խնդիրներ ունեցող անձանց շրջանում՝ խնդիրները վերհանելու եւ գնահատելու համար։

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, իսկ դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը։ Այս առիթով այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացվեցին հետազոտության արդյունքները։

«Լսողության խնդիրներ ունեցող անձանց խնդիրների վերհանում եւ կարիքների գնահատում» սոցհարցումն անցկացրած,  սոցհարցումների ու հետազոտության մասնագետ Արեւիկ Համբարձումյանն ասաց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից անցյալ տարի տրամադրել են լսողական խնդիրներ ունեցող անձանց ցուցակը, եւ ըստ այդ ցուցակի, ՀՀ-ում նման խնդիրներ ունեցող 3021 մարդ կա։ Այս ցուցակի հիման վրա կառուցվել է հետազոտության ընտրանքն ու քանակական հարցում իրականացվել 150 անձանց հետ։

Հարցվածների 60%-ը թույլ լսող է, 30%-ը՝ խուլ: Նրանցից 40%-ն ամուսնացած չէ, զուգընկեր չունի, 48%-ը՝ ամուսնացած է, երեխաներ ունի։

Հարցվածների 34%-ը ունի խոսելու կարողություն, 16%-ի մոտ խոսելու կարողությունը ընդհանրապես բացակայում է, 18,8%-ի մոտ լուրջ դժվարություն կա խոսելու։

Համբարձումյանի ներկայացմամբ՝ հարցվածների մեծ մասը շատ մեծ դժվարություններ ունի ինքնախնամքի հետ կապված, 5%-ը տեսողական շատ լուրջ խնդիրներ ունի։

33,1%-ը ունի խոսքային խնդիր եւ երբեւէ չի դիմել խոսքային թերապիայի։ «Սա մտահոգիչ ցուցանիշ է։ Եվ որքան մայրաքաղաքից հեռու են բնակվում, այնքան ավելի դժվար է մասնագետին դիմելը։ Օրինակ, Սյունիքի դեպքում 70%-ը չի կարողացել խոսքային թերապիայի դիմել։ Պատճառները տարբեր են՝ համապատասխան մասնագետի բացակայությունը, ենթակառուցվածքների խնդիրը եւ այլն»,-ասաց Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ խուլ անձանց  45%-ը լսողական սարք չի կրում, սա եւս մտահոգիչ ցուցանիշ է, եւ որպես պատճառ նրանք նշում են, որ սարքը չի օգնում, ավելի է դժվարացնում լսելը, կողմնակի աղմուկ է հայտնվում։

Ասուլիսի մեկ այլ մասնակից, լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության «Լռության ձայն» հասարակական կազմակերպության նախագահ Արտաշես Հովհաննիսյանն էլ հավելեց, որ լսողության համար նախատեսված որակյալ սարքերը տրամադրում են մինչեւ 30 տարեկան անձանց, դրանից բարձր տարիքի անձանց վատ որակի սարք են տալիս․«Եվ, եթե սարքը լավ կարգավորված չէ, կողմնակի աղմուկն ավելի բարձր է լսվում, ինչն այդ անձանց մոտ գլխացավ է առաջացնում, ու նրանք հրաժարվում են այն օգտագործել»։

Բացի այս, ըստ Արտաշես Հովհաննիսյանի, սարքեր վերանորգման կետերը միայն Երեւանում են, եւ եթե, օրինակ, Սյունիքի մարզում բնակվող անձի սարքը փչանա, ապա մեծ խնդիր է Երեւան հասնելը, եւ դա նրանց հիասթափեցնում է, ինչի հետեւանքով կրկին, այդ անձինք գերադասում են չօգտագործել սարքը։

Լսողության խնդիրներ ունեցող անձանց մեծ մասը չունեն առցանց գնումներ կամ վճարումներ անելու, բանկային համակարգից առցանց օգտվելու հմտություններ, ինչը, ըստ Համբարձումյանի, նշանակում է, որ այս անձինք անկախության խնդիր են ունենում։

Ըստ հարցման արդյունքների՝ բարձրագույն կրթություն է ստանում հարցվածների 7,6%-ը՝ բակալավրիատ, 2,8%-ը՝մագիստրատուրա, ասպիրանտներ չկային հարցվածների մեջ։

Լսոողական խնդիրներ ունեցող անձինք կարդալ եւ գրելու խնդիր ունեն՝ հարցված խուլ անձանց 24.1%-ը շատ վատ է գնահատում կարդալ, գրելու իր կարողությունը, 24.7%-ը՝ վատ կամ բավարար։

Արտաշես Հովհաննիսյանը հավելեց, որ հատուկ դպրոցում շեշտը դրված է ժեստերի լեզվի ուսուցման վրա, ինչի պատճառով հետընթաց են ապրում գրելն ու կարդալը․«Ես ունեմ տվյալներ, որ  այդ դպրոցն ավարտելուց հետո անհատական պարապմունքներով բավականին լավ արդյունք է գրանցվել գրելու եւ կարդալու առումով։ Ըստ իմ տվյալների՝ ներառական դպրոցներոում երեխաներն ավելի լավ եւ հեշտ են կարողանում տիրապետել գրելու եւ կարդալու հմտություններին։ Խնդիրը ուսուցման մեթոդն է, ոչ թե  այդ անձանց կարողությունները,  որովհետեւ նրանց կարողությունները հավասար են»։

Հարցվածներից շատերը նաեւ նշել են, որ անձնական կյանքի վերաբերյալ ինքնուրույն որոշում չեն կարողանում կայացնել,  ընտանիքի անդամներն են միջամտում, վերահսկում իրենց որոշումը, նույնիսկ, թե ում հետ ընկերություն պետք է անեն։ Սա, ըստ մասնագետի,  հիմնականում գերհոգատարության  հետեւանք է։

Արտաշես Հովհաննիսյանի խոսքով՝ այս հետազոտությունը վերհանեց մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար պետությունը պետք է ապահովի լսողական խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը,  տրամադրի որակավորված թարգմանիչներ եւ խոսքային թերապեւտներ․«Այժմ լսողական խնդիրներ ունեցող անձանցից շատ-շատերը ցանկություն ունեն բարձրագույն կրթություն ստանալ, նոր խնդիր է առաջանում թարգմանիչների քանակի  եւ թարգմանիչներ տրամադրելու հետ կապված։ Թարգմանիչներ չեն տրամադրում»։

Հունվարի 1-ից, ըստ օրենքի, ԱԺ նիստերը պետք է ուղեկցվեն ժեստերի լեզվի թարգմանությամբ, նաեւ գործատուները պարտավորվում են խելամիտ հարմարություն ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար։  Ընդ որում, հարցվածների 40%-ից ավելին գործազուրկ է, եւ նույնիսկ աշխատանք չի էլ փնտրում, քանի որ համապատասխան ենթակառուցվածքներ չկան, վարձատրությունն էլ այնքան չէ, որպեսզի տվյալ անձն ինքնուրույն կարողանա հաղթահարել ենթակառուցվածքային դժվարությունները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ