Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մարիա Զախարովան՝ ադրբեջանցիների կողմից անզեն հայ գերիների գնդակահարության տեսանյութի մասին

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ զինվորականների գնդակահարության տեսանյութին։

«Ցավոք, նման տեղեկություններ պարբերաբար հայտնվում են, հնչում են երկու կողմից։ Մենք հնարավորություն ունենք ծանոթանալ այդ նյութերին ոչ միայն ԶԼՄ-ներում, այլ նաև կողմերն են տվյալներ փոխանցում։ Բոլոր նման դեպքերը պահանջում են անհապաղ մանրակրկիտ և համապարփակ վերլուծություն, ներառյալ ռազմական հանցագործությունների նշանները։

Կողմերը պետք է հավատարիմ մնան եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթներին, այդ թվում՝ մնացած հարցերի լուծման առումով. սա վերաբերում է նաև ռազմագերիների փոխանակմանը, անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմանը, տարածաշրջանում մշակութային-հումանիտար ժառանգության պաշտպանությանը», - ընդգծել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ կիրակի օրը տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորականները գնդակահարում են անզեն հայ գերիներին։ Հայաստանի ՄԻՊ գրասենյակը հաստատել է տեսանյութի իսկությունը. այս պատերազմական հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման ժամանակ։ Հայկական կողմն արդեն պարզել է, որ հայ ռազմագերիների մահապատժի կադրերը նկարահանվել են Իշխանասարի դիրքերից մեկում։