Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ հարևանության, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայից ավելին է ակնկալում, քան բարոյական աջակցությունն է: Այս մասին ասվում է նախագահի՝ ֆրանսիական «Ֆրանս 24» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Նախ կցանկանայի անդրադառնալ հումանիտար հարցերին, այս առումով մեր հիմնական խնդիրն է 40 հազար տեղահանված արցախցիների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծումը՝ կեցության, ապրուստի, աշխատելու: Ցավոք, Ադրբեջանի պատճառով շատ մարտահրավերներ ենք ունենում, շատ խնդիրների հետ ենք բախվում, Ադրբեջանը ջանում է ցանկացած միջոցներով մեզ խանգարել իր սադրիչ գործողություններով, խաղաղ բնակչության նկատմամբ մշտական հրաձգություններով, իսկ վերջերս էլ որոշակի խնդիրներ ենք ունեցել Լաչինի միջանցքով երթևեկության հետ կապված, ի դեպ, դա մեր միակ կապն է արտաքին աշխարհի հետ»,- նշում է Արայիկ Հարությունյանը:

Նա ընդգծում է՝ շնորհակալ է Ֆրանսիային դեռևս 2020 թվականից մինչ այժմ ընդունված 4 հայանպաստ և Ադրբեջանին դատապարտող բանաձևերի համար, ապա հավելում՝ Արցախը «ավելին է ակնկալում, քան բարոյական աջակցությունն է»:

«Այս տեսանկյունից սա իմ առաջին այցելությունն է Եվրոպա, ես որոշել եմ սկսել Ֆրանսիայից, քանի որ Ֆրանսիայի քաղաքական դաշտը, հասարակական կարծիքը շատ ակտիվ ու միաբանված են Արցախի հարցի վերաբերյալ: Մենք հույս ունենք, որ Ֆրանսիան չի սահմանափակվի դրանով, և այդ աջակցությունը օրինակ կհանդիսանա մյուս պետությունների համար: Նրանք նույնպես կներգրավվեն մեր հիմնախնդրի արդյունավետ կարգավորման ընթացքին, որի ճանապարհը բացում է հենց Ֆրանսիան»,- ասում է նա:

Հարությունյանը շեշտում է՝ հայ ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է հայտնվել, քանի որ «Արցախին միայնակ թողնելը, նշանակում է Արցախի բնակչությանը թողնել ֆիզիկական ոչնչացման»:

Լրագրողի հարցին, թե արդյոք Արցախի չլինելու դեպքում վտանգ է սպառնում Հայաստանին, Հարությունյանը պատասխանում է. «Միանշանակ, Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում իրենց ծրագրերը Սյունիքի վերաբերյալ և Զանգեզուրի միջանցքի պատրվակի տակ հավակնում են ՀՀ ամբողջ տարածքին: Մենք գիտակցում ենք, որ այսօր միայն Արցախի մասին չէ խոսքը, ամբողջ ՀՀ-ն է վտանգված, ամբողջ հայ ժողովուրդը, և սեպտեմբերյան զարգացումները, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ տարածք, դրա վառ ապացույցն են»:

Հարությունյանը հայտարարում է՝ Արցախը չի կարող ոչ մի ուրիշ ապագա ունենալ, բացի հայկական լինելը:

«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ հարևանություն անել, նորմալ հարաբերություններ ունենալ, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող բանակցությունների կամ քննարկման առարկա լինել»,- ասում է նա:

Լրագրողի ճշտող հարցին, թե չի՞ քննարկվում արդյոք Հայաստանի հետ միացման տարբերակը, Արցախի նախագահն ասում է, որ յուրաքանչյուր արցախցու երազանքն է հայկական երկու պետությունների միավորումը, սակայն հասկանում են, որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա դեռևս իրատեսական չէ:

«Մենք պատերազմի կողմնակից չենք, մենք խաղաղության կողմնակից ենք, պարզապես ցանկանում ենք, որ մեր իրավունքները ճանաչվեն, և, վերջապես, խաղաղություն հաստատվի մեր տարածաշրջանում»,- ընդգծում է նա: