Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենք պետք է սկսենք տեսնել. այսօր նայողը շատ է, տեսնողը՝ քիչ

Lragir.am-ի զրուցակիցն է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը

Պարոն Վարդանյան, ավելի քան մեկ ամիս է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

Արդեն 100 տարուց ավելի է՝ նույն գործընթացն է՝ նույն սցենարով։ Անգամ մեզ համար չեն բարեհաճում սցենարը փոխել, որովհետև ռուս-թուրքական տանդեմն այս սցենարի տակ շատ սինխրոն աշխատում է։ Թե իրենք ինչ շահեր, պատճառներ ունեն՝ այդ տանդեմը կառուցելով, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, բայց շատ է հետաքրքրում այն, թե մենք ի՞նչ հակաթույն ունենք դրա դեմ։ Այս անդեմ, անատամ չհամաձայնելով անելը նման է նրան, երբ երեխան պետք է անի ինչ որ բան, բայց լաց է լինում, ասում է՝ մեկ է, չեմ անելու, ճարահատված լաց լինելով անում է այն, ինչ չէր ուզում։ Այսինքն՝ ժամանակն է հասունանալու, սա բոլորիս է վերաբերում՝ համայն հայությանը։ Մենք որոշում պետք է կայացնենք ինքներս, մեր ինքնիշխան որոշումը պետք է լինի, թե ինչ ենք ուզում, որովհետև աշխարհն արդեն հոգնել է սպասելուց, թե վերջը ինչ են ուզում հայերը, ոչ թե մեր փոխարեն օտարներն, այլ մենք։ Մեր խնդիրն է՝ ցանկությունը ճշգրիտ ձևակերպել, ներկայացնել դեռ ինքներս մեզ, հետո՝ աշխարհին։

Ո՞րն է ռուս-թուրքական տանդեմի նպատակը։

Մի բան եմ հասկանում։ Ունենք կոնկրետ թշնամիներ, որոնք մեծ ցանկություն ունեն մեզ ուտելու, ունենք «բարեկամ», ով չի հրաժարվում մեզ վաճառելուց։ Ցանկացած գրավյալ տարածք ի վերջո վաճառքի, փոխանակման ենթակա է կայսրության համար, այսօր փողը տվեք, տամ տարեք, անուշ արեք։ Սա էշացման պրոցես է, այս էշացման պրոցեսից պետք է դուրս գանք։ Ո՞նց։ Այս անիծյալ եռյակից դուրս՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան, պետք է որոշումները կայացվեն, ու գործընկերներդ հաստատուն լինեն, ոչ թե կայսրության նման պոռնիկ։ Մենք անընդհատ նույն սխալներն ենք անում, չենք հասկանում, որ գաղութից պետք է դուրս գալ։ Մենք չհասկացանք՝ որպեսզի եղբորդ ազատես նույն բանտից, որտեղ դու ես նստած, նախ դու պետք է ազատվես գաղութից։ Մենք գնացինք ազատագրեցինք մեր եղբորը, բայց արդյունքում՝ երկուսս էլ մնացինք նույն գաղութում, դուրս չեկանք, ցանկություն չառաջացավ։ Այնինչ, պետք էր դուրս գալ, ազատագրվել, հետո փաստաթղթերը դնել ու խոսել նույն Մոսկվայի հետ, ոչ թե Ադրբեջանի։ Ադրբեջանը չի վերցրել Նախիջևանը կամ Արցախը, Մոսկվան է տվել Ադրբեջանին։ Մեր երեխային սպանողի գրպանը դանակ դնողներից մեկին է, մենք դեմ չենք, ավելին, դրան միանում գրկում ենք, եղբայր ենք ձևացնում, հետո ամոթխած հավի ուղեղով մտածում՝ ոչինչ, համբերեմ, ես հետո քո հարցերը կլուծեմ։ Այս վերջին ասածս՝ էն «շպիոն Օնիգի» պատմության նման է, որ բոլորը գիտեն, որ նա հինգերորդ հարկում է ապրում, ինչը շատ նսեմ է պետականություն ներկայացնող անձի համար։ Այսինքն՝ ես իմ երեխուն սպանողի գրպանը փամփուշտ դնողի հետ սիլի-բիլի եմ անում, ինչ է թե վախենում եմ, որովհետև գաղութում նստած եմ, բանտի պետն էլ ինքն է։ Ապուշներ, այս գաղութի պետը ձեզ հատուկ պահում է, որպեսզի անընդհատ գլխներիդ բամփելով՝ այս տարածաշրջանն իր ղեկավարության տակ պահի։ Երկկողմանի խաղ է տարվում՝ մտրակի և բլիթի իրենց սրիկա քաղաքականությունն է վարում Ռուսաստանը բոլորի հետ, իր ժողովրդի հետ էլ է այդպես  վարվում։

Ռուսաստանը կհեռանա՞ Արցախից։

Ես կարծում եմ՝ իմպերիան անհետանալու է, հեռանալու հարցը չէ։ Չգիտեմ ինչ կլինի իրենց ճակատագիրը, ես գիտեմ, որ չեմ ցանկանում, չեմ ուզի, որ իրենց ճակատագրին խառնեն մեր երկրի ճակատագիրը։ Աստծո սիրուն, թող մեզնից հեռու լուծեն իրենց ճակատագրի հարցը, բայց ոչ մեր հաշվին։ Իրավիճակն այսօրվա Ռուսաստանի պարզ է՝ այն սկսում և ավարտվում է Ռուսաստանի հանդեպ ամբողջ մարդկության ունեցած վերաբերմունքով։ Մարդկությունը, ինչպես ֆաշիստական Գերմանիայում Հիտլերին սխալ համարեց, նույնը Ռուսաստանի հանդեպ է անում։ Բոլորը գիտեն, որ համաշխարհային պատերազմի վտանգն օդում կախված է, բայց ոչ ոք չի ուզի, որ այն տեղի ունենա։ Աշխարհում այսօր մարդիկ մտահոգ են, զգում են, որ լարվածությունը գնալով մեծանում է։ Մենք էպիկենտրոնում ենք, անգամ այդ տորնադոյի մեջտեղի մասում ենք գտնվում։ Ով ուզում է մեզ այդ տորնադոյի մեջ գցել, մեր թշնամին է։ Չգիտեմ՝ ինչ հմտություններ, դիվանագիտական պրոֆեսիոնալիզմ է պետք, որպեսզի մենք շարունակենք այդ տորնադոյի մեջտեղում մնալը, մինչև կպարզվի, որտեղ է ավերում կամ վերջանում մրրիկը։ Այսօր աշխարհը լարված է, ոչ ոք պատերազմ չի ուզում, բոլորը հասկացել են, որ մեծ պատերազմը գլոբալ առումով կործանարար կարող է դառնալ։ Եվ այնպես չէ, որ մեկն ուժեղ է, մյուսին կհաղթի։

Այսօր Ադրբեջանին թվում է, որ հաղթանակ է տարել, ինչ ուզի, կարող է անել, բայց այդպես չէ։ Այնպիսի բամփոց կուտես գլխիդ, որ չես հասկանա, թե ինչ տեղի ունեցավ։ Ես չգիտեմ ոնց, դա մենք կանենք, թե՞ այլ բան տեղի կունենա։ Ադրբեջանը լավ գիտի, որ բոլոր հարցերը վաղ թե ուշ պետք է լուծվեն։ Մեր տարածաշրջանի իրավիճակը շատ գլոբալ է, միայն Ադրբեջանով ու մեզանով չէ՝ հին աշխարհակարգը քանդվում է, նոր աշխարհակարգ է ստեղծվում։ Եվ վերագնահատումների ժամանակաշրջան է։ Թե ինչքան դաժանություն կա դրանում, այլ հարց է, բայց այդ փոփոխությունը պետք է լինի։ Այսօր աշխարհում բոլորն իրար հետ կապված են, չես կարող մեկուսանալ։ Մեր այս փակ մնալը վտանգավոր է, մենք անպտուղ ու անդեմ ենք դառնում, որովհետև այսօր մեր հոգևորը, գիտությունը, մշակույթն ասելիք չունեն, ինչի՞ն հավատանք:

Այսօր շատ է ասվում, որ հայ հասարակությունն անտարբեր է, նկատո՞ւմ եք։

Մարդիկ անտարբեր չեն, մարդիկ չեն հավատում, սուտն այնքան շատ է չորս բոլորը։ Հոգսը շատ, ապրելը դժվար, և օդում կախված այս վիճակը չի փոխվում 30 տարի։ Այսօր 30 տարեկան սերունդ կա, որն լարված վիբրացիայի տակ է ծնվել-մեծացել, այսինքն՝ այս մարդիկ  հանգիստ վիճակում, խաղաղության մեջ չեն ապրել երբեք, ծնված օրվանից պատերազմ է։ Բա 30 տարի ղեկավարած մարդիկ չեն ուզո՞ւմ այդ սենդից ներողություն խնդրել։ Իբր գաղափարներ ունենք, մի բան էլ այդ գաղափարների հետ կռիվ ենք տալիս։ Տեսնես ո՞րն է այդ գաղափարը, ինչո՞ւ այդ գաղափարը բոլորին չմիավորեց, ամուր երկիր ու պետություն չսարքեց։ Պետք է ազատվենք, որպեսզի միաբանվենք, երազենք, մշակենք, ցանկանանք։ Մենք այսօր ամեն ինչ ուզում ենք, բացի կարևորից՝ ազատություն։ Այսինքն՝ ազատություն չենք ուզում, մենք նյութն ենք նախընտրում, ինչն այսօր կա, իսկ վաղը կարող է չլինել։ Չենք մտածում, ասում՝ ո՞նց կարելի է այսպես քո սեփական հողի վրա այլոց երազներ տեսնելով, դրանք կարևորելով ապրել։ Մենք պետք է հասկանանք, որ շատ անգամ ոչ Նիկոլն է իր երկրում որոշում, ոչ Սերժ Սարգսյանն էր որոշում, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ լայնբերան կոբրան՝ ուղղակի կնքեց տոտալ ստրկությունը կենտրոնի առաջ։ Ռազմավարական գլոբալ հարցերը միշտ Մոսկվայում էին որոշվում, և այսօր դա շարունակվում է։ Այսօր այս կառավարությունը, երբ փորձում է հակադրվել ու ինչ-որ բաներ անել, պիտի հասկանա, որ չի կարելի կիսահղի լինել։ Եթե անում եք, արեք մինչև վերջ, եթե լռում եք, ուրեմն լռեք մինչև վերջ։ Այս ժողովուրդն արդեն գժվել է բոլորիդ ձեռքին, որովհետև չգիտի, թե ինչ են ծրագրում, ով է ծրագրում, ում հետ է ծրագրում, ինչպիսին պետք է լինի Հայաստանի շարժիչը, Արցախի հարցը։ Մեկը գնում հասնում է Փարիզ, ասում է՝ ռուս խաղաղապահներին մանդատ տվեք, մյուսն ասում է՝ մեր դիվանագիտական կորպուսն ու Սփյուռքն աշխատում են, մեկն ասում է խաղաղապահները այդքան էլ վատը չեն՝ մեկ մեկ ճանապարհը բաց են անում, այն դեպքում երբ աշխարհի տարբեր կենտրոններից հնչում են կարծիքներ, որ աղետալի կարող է դառնալ վիճակը։ Կարծում եմ, որ 30 տարիների ընթացքում մենք շատ լուրջ դիվանագիտական կորպուս կարող էինք ունենալ, եթե Մոսկվայի քթից կախված չլիներ երկիրը։

Չկարողացաք ապրել առանց Մոսկվայի դեմքին նայելու: Երեսուն տարում գոնե մի հավատարիմ գործընկեր բարեկամ երկիր ձեռք բերեինք, որ այսօր մեր դուռը ծեծող, ձեռք մեկնող լիներ։ Մենք պիտի սկսենք մեր հազարամյա հարևաններից, Իրանի և Վրաստանի հետ պետք է  բարյացակամ հարևանություն անենք, որովհետև այս տարածաշրջանում այդ երեքս ենք բնիկները։ Մենք մեր հարևանների լեզվով չենք խոսում, պարսկերենն ու վրացերենը չգիտենք, փոխարենը բլբլում ենք ռուսերն, ում հետ անգամ սահման չունենք։ Դա է ապացույցը, որ մենք գրավյալ ենք, բանտում, ստիպողաբար ենք յուրացրել բանտապետի լեզուն։ Մենք մեր անմիջական կապը պետք է ուժեղացնենք մեր հարևանների հետ, այս երեք հարևաններով մեր տարածաշրջանում մեր ներքին կապով պետք է հաստատուն լինենք միշտ։ Պետք է գիտակցենք, որ մենք ենք այստեղ բնիկը, եկվորները միշտ գնացել-եկել են, մենք ենք հազարավոր տարիներ հարևանություն արել, ռուսները, թաթարը, մոնղոլը գնացել եկել են, միայն թուրքը եկավ և հաստատվեց, բայց մենք երեքս անհիշելի ժամանակներից կանք կողք կողքի:

Պատերազմից հետո շարունակաբար այն թեզն է շրջանառության մեջ, որ թույլ ենք, ռեսուրս չունենք՝ ապահովելու Արցախի անվտանգությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս քաղաքականությունը։

Դա պրոպագանդա է։ Այն, որ մենք թուլացած ենք, դա պարզ է, այն, որ ճնշված ենք կորուստներից, փաստ է։ Շատ գլոբալ բան է տեղի ունեցել մեզ համար, վերքը մեծ է, և պարտված պատերազմից հետո ապատիա կա, բնական է։ Բայց նաև չի կարելի դրանից ողբերգություն սարքել, որովհետև այսօր աճող ու ծնվող երեխեք կան երկրում, երիտասարդություն կա, նրանց խոսելու տեղ պետք է թողնենք։

Եթե ես իմանամ, որ սա համաձայնեցված տակտիկա է, կասեմ՝ ոչինչ։ Բայց մենք չգիտենք՝ մեր այս պահվածքն ի՞նչ է, ինչո՞ւ է այսքան ցածր։ Երբ անընդհատ պարտվողական պրոպագանդա է գնում, որ մենք թույլ ենք, ոչինչ չունենք, բացի ռուսից բարեկամ չունենք, իսկ բոլոր հեռու բարեկամները լքել են մեզ, սա նման է մկների ժողովի ողբին։ Այստեղ գիտակցության խնդիր է, պետք է գալ գիտակցության և հասկանալ, որ անհնար է դու բանտում լավ ապրես, բանտում փայլուն գիտություն և մշակույթ ունենաս։ Սովետական միությունն օրինակ մի բերեք, դա մեծ գաղութ էր, մենք փակ էինք ու աշխարհից կտրված, գաղութի ներսում՝ համեմատաբար ազատ։ Այսօր երկրորդ սովետի մասին են խոսում, ինչքան կարելի է այդ ապուշությունները տարածել, դրա մասին խոսել։ Մենք դե յուրե անկախացած ենք, փառք Աստծո։ Այն, որ մենք այսօր աշխարհի հետ խոսում ենք, դա գալիս է նրանից, որ ՄԱԿ-ի ադամ ենք, եթե ՄԱԿ-ի անդամ չլինեինք, ո՞վ էր մեր մասին հիշելու, մեր մասին բարձրաձայնելու։ Մեզ համար կարևոր էր, որ հայաստանցիների 90 տոկոսը հանրաքվեի ժամանակ ձայն տվեց անկախությանը։ Այդ պատմական փաստն այսօր թույլ է տալիս մեզ միջազգային հարթակներում խոսել։ Մենք իրավաբանորեն սուբյեկտ ենք, բայց պրակտիկ դեռ օբյեկտ ենք, որովհետև Հայաստանն ու նրա ժողովուրդը օգտագործվում են ուրիշի շահերի համար։ Մեզ մտցրել են մի խաղի մեջ, որտեղ պետք է հաղթեն իրենք, բայց դու արդեն մտել ես։ Մեզ ռինգի բռնցքամարտիկ են դարձրել, և այնքան կմնանք այս կարգավիճակում, քանի դեռ արենայից դուրս չենք եկել։ Մոսկվային մի օր պետք է ասել՝ ռադդ քաշիր գնա, ես կռվացնելու շուն չեմ քեզ համար, որ ամեն անգամ կռվացնես, արնաքամ անես, հետո ես մի 100 տարի էլ վերքերս լիզեմ ու ուշքի չգամ։ Ինչքա՞ն կարող է այսպես շարունակել, մենք հենց այսօր պիտի ուշքի գանք, այլևս ժամանակ չկա։

Հակադարձողներն ասում են՝ եթե ռուսը գնա, ո՞վ է գալու։

Այդ զանգվածի մութ աչքերի մեջ երկու ճանապարհ կա՝ կամ թուրքերը, կամ ռուսները։ Եվ ցավն այն է, որ այդպիսի հայտարարություններ անելով՝ և ռուսների, և թուրքերի մոտ ստրուկ եք լինելու։ Դուք ձեզ ստրուկ եք պատկերացնում, ոչ թե տանտեր, ով երկուսի հետ էլ հարևանություն կարող է անել ու իր հարցերը լուծել։ Ռուսաստանն անընդհատ Հայաստանը, որպես կեր է տալիս անակոնդա Թուրքիային։ Մենք այսօր փաստեր պետք է հավաքեինք ու փաստերով խոսեինք բոլորի հետ։ Միայն իրավաբանների, փաստաբանների աշխատանքներով պետք է վեր հանվեն պատմական անարդարությունները։ Այսօրվա Ռուսաստանն ընդունում է, որ ինքը ԽՍՀՄ իրավահաջորդն է։ Բա այդ իրավահաջորդին մի օր չնստեցրիք սեղանի շուրջ ու չասացիք՝ քո պապան այսինչ բանն է արել այսինչ թվին, հիմա եթե դու ես դրա պատասխանատուն, պատասխանիր հարցերին։ Եղբայր, կլինի՞ Արդբեջանի հետ նստենք սեղանի շուրջ, դու էլ՝ որպես պատասխանատվությունը վերցնող, ասես՝ մի նեղացեք, ադրբեջանցիներ, Արցախն անօրինական է հանձնվել Ադրբեջանին, այստեղ դարերով ապրել է հայ մարդը։ Մենք ռազմավարությունը չենք կարողանում 3 օրից այն կողմ հաշվարկել, որովհետև ոչինչ մեզանից կախված չի եղել, կարծես անլեզու լինենք։ Մեր երազանքը պարզ չէ՝ ուզում ենք ազատ լինել, թե՞ ոչ։ Մենք ուզո՞ւմ ենք գիտություն, մշակույթ, ֆանտաստիկ երազներ, համարձակ, խելացի դիվանագիտություն ունենալ, ի՞նչ ենք ուզում։

2016 թվականի քառօրյա պատերազմն աշխարհը կանգնեցրեց, ոչ թե Ռուսաստանը, այն ժամանակ Ռուսաստանը դեռ կշիռ ուներ աշխարհում, անհարմար զգաց, որ թողներ մինչև վերջ անեն այն, ինչն արվեց 2020 թվականին։ Երբ Մոսկվան իզգոյ դարձավ, արդեն հեշտ էր այդ քայլին գնալը։ Մեր ատամները լավ հաշվել են, մի կողմից բլիթ են տալիս, մյուս կողմից մտրակում են։ Դա մեծ տարածքները կառավարելու իրենց միակ ձևն է, ով հասկացել էր, թռավ, Ուկրաինայի պատերազմն այդ նույն վերաբերմունքի պատճառով է։ Մեզ եղբայր են ասում, մեր թշնամուն փամփուշտ են տալիս, սա քաղաքականության հետ կապ չունի, մարդկային սրիկայություն է։ Նամարդությանը չափ պետք է լինի, փողը վերցնում է, ասում՝ զենքը հետո կտամ։ Մենք ինքներս ենք մեզ վախեցնում, ռուսից պետք չէր վախենալ ընդհանրապես, եթե մենք պարատավորված չլինեինք։ Վախը մեր մեջ է նստած, այն հայը, ով չի ուզում ստրուկ լինել, կողքին մարդիկ կան, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի բոլորը ստրուկ լինեն։ Այսօր անհույս վիճակ է մարդկանց մոտ, անհուսությունից վախեր են առաջանում, իսկ վախերից ինչ սրիկայություն ասես կլինի։ Դրա համար վախեցած են պահում ժողովրդին, որ սրիկայացնեն։ Մենք դրանից ենք թուլանում։

Մեզ հետ կատարվող այս ամենը կինեմատրոգրաֆիայի նյութ է, և այսօր Հայաստանում տարեկան գոնե մի 10 ֆիլմ պետք է նկարվեր։ Մենք լավ հիվանդ ենք՝ հոգեպես էլ, մտավոր էլ, ֆիզիկապես էլ։ Մեր հիվանդությունները բուժելու ամենակարճ ճանապարհն արվեստն է։ Ինչո՞ւ եմ առանձնացնում կինոն, որովհետև կինոն շատ ուղիղ հայելի է։ Այդ հայելու մեջ մենք մեզ կտեսնենք, ինքներս մեզ վրա կարող ենք բարկանալ, ինքնես մեզ հետ կխոսենք։ Երբ կինոն չունենք, մեզ կինոյում չենք տեսնում։ Պետության կայացման համար պարտադիր և կարևոր են դպրոցը, թատրոնը, կինոն, ընդհանրապես արվեստը, գիտությունը։ Անցած 30 տարում պարտավոր էինք մեր գիտությունն այնպիսի մակարդակի բերել, որ մեզ հետ խոսել չկարողնային մեր թշնամիները։ Մենք ոչ թե զենք պետք է գնեինք, այլ վաճառեինք, բայց չենք արել։ Այս տարի հայկական կինոյի 100 ամյակն է, բայց «ՀԱՅՖԻԼՄ» կինոստուդիան քանդվեց։ Երբ հետադարձ նայում ես, հասկանում ես, որ հատուկ ծրագրված թշնամությամբ էր դա կարելի անել։ Կարծես մի «Կարաբաս Բարաբաս» ասաց պետք չէ, որ դուք կինո ունենաք, մենք ձեզ ցույց կտանք այլ կինո։ Մեր վիճակում գտնվող երկրի համար կինոն ամենակարևորներից է, ֆիլմերի միջոցով մենք այսօր կարող էինք աշխարհին ցույց տալ այն, ինչը ավելի դժվար է անել քաղաքականությամբ։ Սա պետք է պետական խնդիր դառնա, պետության մեջ ամեն ինչ պետք է դասավորված լինի այնպես, որ կինո նկարելը, կինոարտադրությունը չկանգնի, հասանելի լինի այդ բնագավառի մասնագետների համար։ Մենք պետք է սկսենք տեսնել, այսօր նայողները, դիտարկողները շատ են, տեսնողները՝ քիչ։