Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մեր երկրում խոշոր ձեռնարկատերերը ջուրը ստանում են 0,065 լումայով»․ Գայանե Գաբրիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Միջազգային հաշվետվություններ կան, ըստ որոնց՝ աշխարհում օդի ջերմաստիճանը մինչեւ 1,2 աստիճան բարձրացել է, Հայաստանում վերջին 30 տարում օդի ջերմաստիճանը նույնպես բարձրացել է։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը։ Օդի ջերմաստիճանի բարձրացումը կամ ինչպես ընդունված է ասել՝ գլոբալ տաքացումը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, վնասում շրջակա միջավայրը, որի հետեւանքով էլ տուժում է բնակչությունը, տնտեսությունը։ Այս խնդրի լուծման համար երկար տարիներ է պետությունները հավաքվում են, քննարկում, որոշումներ կայացնում, պատասխանատվություն ստանձնում՝ քայլեր ձեռնարկել դեպի կանաչ տնտեսություն։

Վերջերս Եգիպտոսում կայացել է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որին մասնակցել են զարգացած եւ զարգացող երկրների նախագահներ, վարչապետներ։ Հայաստանը եւս մասնակցել է այս համաժողովին։ Գաբրիելյանն անդրադառնալով համաժողովի օրակարգին, ասաց՝ ՀՀ-ի եւ զարգացող երկրների համար կարեւոր փաստաթղթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ վնասների եւ կորուստների հիմնադրամի ստեղծման փաստաթուղթն է, սա ենթադրում է նաեւ ֆինանսավորում կոնկրետ երկրներին․ «Սա հնարավորություն է Հայաստանի համար՝ ինչպես անդամակցել այդ հիմնադրամին որպես տնօրենների խորհրդի անդամ, որի հայցը մենք անպայման կներկայացնենք, գումարների ու միջոցների վերաբաշխման ժամանակ փորձել հիմնավորել եւ ավելի ուժեղ դիրքերում պահել կարողությունների տեսանկյունից։ Սա միջազգային հիմնադրամ է, որտեղ երկրները լրացուցիչ միջոցներ են «ակումուլացնելու», բացի «Փարիզյան համաձայնագրով» ստանձնած 100 միլիարդ դոլարից»։ Համաձայնագրով պարտավորություն կա մինչեւ 2050 թվականը հասնել 1,5 աստիճանով գլոբալ տաքացման զսպմանը։

Հայաստանում եւս օդի ջերմաստիճանը բարձրացել է վերջին երեսուն տարում, իսկ սա, ըստ փոխնախարարի, նշանակում է, որ մեր երկրում օրինակ ձմռանը տեղումները քիչ են լինում, ձմեռը չոր է․ «Սա շատ վատ է անդրադառնում շրջակա միջավայրի վրա, որովհետեւ լինում է շատ արագ ձնհալ, հետեւաբար ջրի կուտակման խնդիր ենք ունենում, հետեւաբար նաեւ՝ ոռոգման խնդիր, լինում են սելավներ, որոնք բերում են ենթակառուցվածքների վնասման։ Արդյունքում գյուղատնտեսության ու կայուն պարենային անվտանգության խնդիրներ են առաջանում»։

Տեսանյութը՝ շուտով

Ասուլիսի մեկ այլ մասնակից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրեր համակարգող Դիանա Հարությունյանն էլ անդրադառնալով շրջակա միջավայրի անվտանգային խնդիրներին, ասաց՝ անվտանգային հիմնական խնդիրը ջրային ռեսուրսներն են, քանի որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ավելանում է ջրի պահանջարկը, առաջարկը՝ նվազում․ «Տեղումները պակասում են 1936 թվականից, մինչ օրս, մասնագիտական գնահատումներով, մոտ 14% ով նվազել են տեղումները։ Այս պարագայում գյուղատնտեսությունը վարվում է ավանդական ձեւով, ջրային ռեսուրսների 85%-ը գյուղատնտեսության պահանջների բավարարմանն է գնում, եւ եթե գյուղատնտեսության վարումը նույն ավանդական ձեւով շարունակվի, ապա լուրջ կորուստներ կունենանք»։

Դիանա Հարությունյան

Հաջորդ խնդիրը, ըստ Հարությունյանի, գյուղատնտեսությունն է, որը տուժելու է ջրի պակասից եւ ջերմային շոկերից։

Մյուս անվտանգային խնդիրը, որը ծագում է ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով, առողջապահությունն է։ Ըստ Հարությունյանի, կլիմայի փոփոխության կամ ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով կարող են սրվել համաճարակները, Հայաստանի համար ոչ բնորոշ վարակների տարածման համար պայմաններ ստեղծվեն։

«Ռիսկային իրավիճակ է առաջանալու նաեւ էներգետիկ համակարգում՝ հիդրոկայանների մասով։ Էներգետիկ համակարգերը պահանջում են ջուր հովացման, սառեցման համակարգերի համար, դա ատոմակայանն է, ՋԷԿ-երն են, դրանց պահանջարկը ջրի նկատմամբ ավելանալու է եւ պետք է կարողանանք ջրով ապահովել։ Շոգերի պատճառով էլեկտրաէներգիայի սպառման պահանջարկը ամռան սեզոնին հավասարվել է ձմեռային պիկին՝ եթե ամռանը մեզ մոտ շոգ է, ապա հովացման համար շատ էներգիա է պահանջվում։ Պետք է կարողանանք մեղմել էներգիայի սպառման ավելացումը՝ վերականգնվող ռեսուրսների ստեղծմամբ, որովհետեւ «Փարիզյան համաձայնագրով» պարտավորություն ունենք, որ հանքային վառելիքից ստացվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը զգալի պետք է պակասեցնենք, հիմնականում՝ ՋԷԿ-երի»,-ասաց Հարությունյանը։

Տեսանյութը՝ շուտով

Շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանն էլ անդրադառնալով ջրային ռեսուրսներին, ասաց, որ կարեւոր ուղղություններ եւ գործողություններ են սահմանվել, մասնավորապես՝ կրկնակի ջրօգտագործումը խթանող փակ համակարգերի ներդրումները․ «2018-ից հանքարդյունաբերության ոլորտում խիստ պահանջներ էր սահմանել՝ փակ համակարգերի ներդրումը։ Ագարակում եւս մինչեւ 2024 թվականը փակ համակարգը ներդրված կլինի։ Սա նաեւ վերաբերում է ձկնաբուծության, գյուղատնտեսության ոլորտին։ Նախարարությունում ակտիվ քննարկվում է ջրի կրկնակի օգտագործման եւ ջրի երկրորդային օգտագործման ծրագիրը։ Ջրի երկրորդային օգտագործումը կարող է լինել հենց ձկնաբուծության ոլորտում․ ասենք՝ ջուրն օգտագործվել է մինչեւ տասը անգամ, այդ ջրերը ոչ թե ուղղակի դրենաժային ջրերով հոսեն, այլ օգտագործվի ոռոգման նպատակով՝ համապատասխան ֆիլտրացիոն համակարգերով»։ Նա ասաց, որ այս համակարգերի ներդրման դեպքում, կառավարությունը կաջակցի տնտեսվարողներին։

Մեր երկրի ջրային ռեսուրները խոշոր տնտեսվարողները շատ ցածր գնով են օգտագործում։ Հանքարդյունաբերության ոլորտում, ըստ Գաբրիելյանի, ջրի օգտագործման տարբեր ցուցանիշներ կան․ «Մինչեւ 40 խմ/վայրկյանից մինչեւ 1200: Մենք կանգնել ենք մի խնդրի առաջ, որը կոչվում է սակագին․ եթե Հայաստանում ջրի գինը, ոչ «Վեոլիա ջրինը», այլ ջրային ռեսուրսի գինը մնա այն նույն գումարը, որը գանձում ենք ձեռնարկատերերից, ապա ջրի կրկնակի օգտագործումը երբեք չենք կարողանա խրախուսել, որովհետեւ այդ թիվն այս պահին 0,065 լումա է, խոշոր ձեռնարկատերերն այդ գումարով են վերցնում ջուրը, հետեւաբար խթան չունեն, որ երկրորդ անգամ օգտագործեն ջուրը։ Արարատում եւ Արմավիրում գույքագրված է 1870 հորեր, որից 490-ը՝ սարսափելի վիճակում են՝ բաց, լքված, որից ջուրը սարսափելի քանակությամբ հոսում է»։

Փոխնախարարն ասաց, որ խորքային հորերի ջրերն էլ շատ ցածր սակագներով են տնտեսվարողներն օգտագործում։ Այս ոլորտում եւս նախարարությունը փոփոխություններ է նախատեսում իրականացնել։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ