Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեր հասարակության «ցավերը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

1992 թվականի օգոստոսին, երբ Արծվաշենն անցավ թշնամու ձեռքը, իսկ Արցախյան ռազմաճակատում իրավիճակը կրիտիկական էր, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հանդես եկավ մահապարտների զորագունդ ստեղծելու նախաձեռնությամբ: Հիմա եկեք, բոլոր պատմական զուգահեռները մի կողմ թողնելով (որովհետեւ իրավիճակները համեմատելի չեն), զուտ մտափորձի համար ենթադրենք, որ որեւէ մեկն այսօր հանդես է գալիս նման մարտակոչով: Նույն վայրկյանին ֆեյսբուքում կառաջանան «հեյթերների» մի քանի «բրիգադներ», որոնք «կբացատրեն», որ տվյալ մարդը դա անում է փողի, պաշտոնի, ռուսների կամ ամերիկացիների համար:

Մենք որեւէ մեկի անկեղծությանը չենք հավատում, որեւէ մեկին չենք վստահում՝ լինի դա պետական, քաղաքական գործիչ, հոգեւորական, թե մտավորական: Այդ առումով առավելություն չունի նաեւ գործող վարչապետը, որը, ժողովրդական ընկալմամբ, պարզապես ժառանգել է «նախկինների» կողմից թալանած պետությունը: Նման ընկալում ունեցող անձնավորությունը թեեւ արժանանում է «ժողովրդական զանգվածների» կարեկցանքին եւ որոշ աջակցությանը («նախկինների» դեմ), բայց որեւէ ձեւով չի կարող համախմբել հասարակությանը եւ կազմակերպել դիմադրություն:

Այդ իրավիճակն, իմ կարծիքով, բացատրվում է մեր հասարակության բազմաթիվ «ցավերով» (կարծրատիպերով, նախապաշարումներով), որոնցից ամենաէականն են երկուսը.

1/ մեր մեջ անպայման պետք է լինեն դավաճաններ, օտար գործակալներ, «հինգերորդ շարասյուններ»,

2/ մեր պետությունն, ըստ էության, ղեկավարվում է դրսից, պարզապես պետք է ընտրել «դրսի» ճիշտ կառավարիչներ, որոնք կապահովեն մեր բարեկեցիկ եւ անհոգ կյանքը:

Դրան ավելանում է մեր ազգային առանձնահատկություններից մեկը: Երբ որեւէ մեկը ինչ-որ բան է ասում, մեր անմիջական արձագանքը հետեւյալն է լինում. «Ի՞նչ ես քեզ գիտունիկի տեղ դրել, կարո՞ղ է՝ դու մեր մեջ ամենախելացին ես»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ