Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մեր քաղաքը, Ձեր բարքերը մաս 2. Աղմկասեր զվարճամոլները

«Էդպես էլ մենք ժողովուրդ չդառանք, մնացինք խ ա լ խ»։

Հովհ. Թումանյան

Հոդվածի մաս 1-ում (« Թրջվեցի՞ք անկանոն, չրթեցե՛ք կանոններով…», Lragir.am, 19.07.2022 թ.)  անդրադրձել եմ մեր շրջակա միջավայրի, մասնավորապես` մայրաքաղաքի հանրային վայրերն աղբոտողներին։  Աղմուկը նույնպես աղբի տեսակ է; որը անցնելով լսողական ուղիներով մարդկանց տհաճություն է պատճառում, ինչպես որ աղբը` տեսողական համակարգով;

  1. Մասնավոր հրավառություններ

«Սա քաղա՞ք է, թե՞ պոլիգոն, ով ինչ ուզում` անում է»; ՀՀ նախկին վարչապետ  Կարեն Կարապետյան

(2016 թ., նոյեմբեր)

Մասնավոր հրավառությունների մասին, որոնք շարունակվում են և դրանց վերջը չի էլ երևում, երկու անգամ անդրադարձել եմ  (Ա. Խանջյան «Նամակ ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանին», Lragir.am, 02.12.2016) և «Զանգվածային ռաբիսություններ… Կլինի՞ վերջ» (ուղղված՝  ՀՀ կառավարությանը և ՀՀ Աժ-ին), Lragir.am, 16.04.2021 թ.); Սակայն ապարդյուն:; Ինչպես մաս 1-ում նշել էի, ինչ կատարվում է մայրաքաղաքում` փոքր ուշացումով կրկնում են նաև մարզերում: Մասնավոր հրավառությունների մասին վերևում նշած  իմ հոդվածներում ասվածը նորից կրկնելն անիմաստ  է: Ցանկության դեպքում ընթերցողը կարող է դրանց ծանոթանալ Լրագիր.ամ-ի արխիվում:

Ո՞վ է լինելու այն տղամարդը, որ մի օր բռունցքը խփի սեղանի ու ասի. «Բավական է, կա՛նգ առնենք»:

Մեծ աշխարհ տեսած, հարգելի Օքսֆորդ և Սորբոն ավարտած, բազմադիպլոմ պոլիգլոտ չինովնիկներ, դուք այս քաղաքում չե՞ք ապրում, այդ ամենը ձեր աչք ու ականջին չի՞ հասնում: Մեկ-մեկ Ձեզ հարց չե՞ք տալիս, ի՞նչ նպատակով է դա արվում, ո՞րն է այդ գմփոցների բուն նպատակը; Այս ամենը մինչև ե՞րբ է շարունակվելու: Գիտեմ ձեզ հաճելի չէ երբ քաղաքացին է նախաձեռնող լինում, հարցերին լուծումներ առաջարկում: Դե ինքներդ նախաձեռնեք և օրենսդրության հեղինակ եղեք, միայն թե հարցին լուծում տվեք: Երբվանի՞ց  և ինչպե՞ս են մասնավոր հրավառությունները «խցկվել» մեր առօրյա: Ծնունդ, կնունք էլ չեմ ասում հարսանիք՝ առանց օդ կրակելու չեն անում: Մրցվում են միմյանց հետ. «Գուգոն գմփցնի, ինքը`ոչ, ինչո՞վ է նրանից պակաս, ձեռը հո քարի տակ չէ՞»: Այսպես շարունակվում է  հերթական ռաբիսությունը…Հարցի լուծումը շատ պարզ է։ Արգելել մասնավոր հրավառությունները և վե՛րջ:  Մեզ հրավառություննե՞րն էին պակաս, դրանց տե՞ղ է մնացել:

  1. ճայթուկներ; Դիպուկ, բայց դաժան…

Աղմկասեր ավագներից հետ չեն մնում երեխաները; Ամանորից մեկ ամիս առաջ ամենուր, այնպիսի հզոր պայթյուններ են լսվում, չես իմանում դա կրակահե՞րթ էր, գազի բալո՞ն պայթեց, դժբախտ պատահա՞ր տեղի ունեցավ… Իսկ դժբախտ պատահարներ լինում են, հենց իրենց՝ երեխաների հետ: Դրանց թիվ ու քանակի, վնասվածքի ծանրության մասին կարող են վկայել ու տեղեկատվություն տրամադրել առողջապահական համակարգի հարգարժան աշխատողները: Անցած հունվարին, եթե չեմ սխալվում Գեղարքունիքի մարզից մի պատանի աչքից զրկվեց: Նման դեպքերում ռուսներն ասում են.  «Результат на лицо»: Դիպուկ ու դաժան` գնահատական:

Մեծարգո չինովնիկներ: Այսպես շարունակե՞լ, թե՞ կասեք. «Էն արգելենք, էս արգելենք, բա պետբյուջեն ո՞նց լցնենք»։

  1. Մեքենաներից հնչող`խլացնող` բարձր երաժշտություն

Վերևում նշածս «Զանգվածային ռաբիսություններ… Կլինի՞ վերջ» հոդվածում հանգմանալից անդրադարձել եմ այդ անմակարդակ նաև վնասարար ու վտանգավոր երևույթի մասին։ Ուզում եմ մեջ բերել ավտոմեքենա ունեցող մի բարեկիրթ ընկերոջ խոսքերը. «Խցանումներում, կամ կարմիր լույսի տակ սպասելիս եթե հարևանությամբ բարձր երաշտություն միացրած մեքենա է լինում, ձեռքով ձայնն իջեցնելու նշան եմ անում, տեսնելով որ «կատարյալ հասկացող է», իմ մեքենայի ապակին եմ բարձրացնում»: Անհրաժեշտ  է.  ա) իրավապահներին տրամադրել նաև աղմուկի չափիչներ, բ). բարձր երաժշտություն հնչեցնող վարորդներին սանձահարելու համար աղմուկի չափիչներով զինել նաև արագաչափ սարքերը:

  1. Վաղ միջնադարյան «ա տ ա վ ի զ մ»

Հարսանքավորների ավտոշարասյուների բարձր ազդանշանները Խորհրդային տարիներից, որպես «օժիտ» բերված մնացուկ է՝ ատավիզմ,  ուղղակի միջնադար, երբ հարս ու փեսա տանող ձիակառքերի զանգուլակների թիվը բազմապատկում էին, որ իրենց գյուղի թաղերով անցնելիս կամ հարևան գյուղից վերադառնալիս հեռվից լուր տան … «էկա՜նք, էկա՜նք…»:

Դեղորայքը (այսինքն՝ քարոզը) ատավիստական պոչը չի կտրում-գցում: Դրանից ազատվելու համար կոշտ միջոց է պետք՝ սուր կացին  և «թրխկ»… Միանգամից, կտրում ու դեն են գցում:

  1. Գունավոր փայլփլուկներ… «Կարևորը մենք ենք ու Ամերիկան…»

Երևանի Հյուսիսային պողոտայով անցնելիս, մի քանի անգամ ականատես եմ եղել, ինչպես, ինչ որ խումբ, բարձր երաժշտության ուղեկցությամբ, գոռոց-ճչոցներով օդ են կրակում գունավոր, պսպղուն փայլփլուկներ, զվարճանում, կեղտոտում տարածքն ու այդպես թողած հեռանում` նոր հոգս պատճառելով հոգսաշատ հավաքարարներին: Ի՞ նչ անհարաժեշտություն կա այդպիսի աղմկալից ու աղբ սփռող զվարճանքներ անցկացնել մարդաշատ հանրային վայրերում; Այս հարցը նույնպես պետք է օրենսդրորեն կարգավորվի;

Միջոցառումների կազմակերպիչները` հիմնավորելով հանրային վայրում միջոցառում անցկացնելու անհրաժեշտությունն ու նպատակը, պետք է նախ` տեղական մարմիններից թույլտվություն ստանան տեղի ու ժամանակի մասին, ապա, ստանձնեն պարտավորություն՝գրավոր, միջոցառումի ավարտին տարածքը մաքրել նաև վճարել պետական տուրք: Այսպիսի պայմաններից հետո, մինչև հանրային միջավայրը աղմկով ու զանազան ավելորդություններով լցնելը, անիմաստ ծախսեր կատարելը, ոմանք ծանր ու թեթև կանեն և նոր …

  1. Զվարճանքների ու անդուր վարքագծի այլ օրինակներ

Լուրջ կրիմինալ է անկիրթ երեխաների (ոչ միայն նրանց)՝ զվարճանքի համար՝ միտումնավոր, չոր խոտերը հրդեհելը՝ այրելով նաև շրջակայքի ծառ ու թուփը, այնտեղ բնակվող անմեղ արարածներին, կրակը հանգցնելու համար անտեղի հոգս պատճառում ԱԻՆ-ի հրշեջներին՝ անտեղի վատնում նրանց ժամանակն ու միջոցները: Այդ ընթացքում գուցե մեկ այլ տեղ, նրանց կարիքը ավելի շատ էր անհրաժեշտ, իսկ նրանք գնում են հանգցելու զվարճանքի համար այրած խոտածածկերը: Անհրաժեշտ է դիտավորյան հրդեհ գցողներին հայտնաբերել ու օրենքի խստությամբ պատժել նրանց և այդ մասին հաղորդաում տալ զլմներով՝ որպես դաս մյուսներին:

Ամեն ինչ այրելու կամ ջարդելու մոլուցքով են լցված հատկապես որոշ անչափահասներ (և ոչ միայն նրանք)՝ դես ու դեն գցած ապակյա շշերը քարերին խփել-ջարդելով, իսկ ձմռանը սառցակալած լճերի մեջ շպրտելով և ջարդելու ձայնից հաճույք ստանում։

Վատ  բարքերից են շատ բարձր՝ գոռալով խոսելը, բողազը պատռելու աստիճանի լարելով   ցուցադրական՝ ծիծաղելը, բնակարանների երկաթյա ծանր դռները շրխկացնելով փակելը (նաև գիշերային ժամերին), իրենց բնակարաններն անվերջ վերանորոգելը, ովքեր չեն բարեհաճում, գոնե մեկ անգամ ներողություն խնդրել հարևաններից նրանց հանգիստը տարիներ շարունակ խանգարելու համար:

Մոդայիկ է դարձել շուն պահելը։ Տերերը զբոսանքի են դուրս բերում առանց թոկի և դնչկալի, երբեմն հարձակումներ են լինում մարդկանց վրա, իսկ թողած մյուս հետևանքները՝ մայրաքաղաքի այգիներում և մայթերին։ Իսկական կենդանասերը ապաստան կտար մի անտուն շան։

  1. «Կիլոմետրանոցները»

Զվարճամոլություն չե՞ն «կիլոմետրանոց» տոնածառերը, «կիլոմետրանոց» գաթաներ ու փախլավաները, «կիլոմետրանոց տոլմաները», «կիլոմետրանոց…» Սա էլ մի նոր մոլություն է` «գինեսի ռեկորդացավ» կամ նոր ցուցամոլություն; Այդպիսի «չտեսությամբ» ու՞ մ ենք զարմացնում; Քոչվոր ցեղերը ժողովորդ ու պետություն դարձան մենք դեռ զարմացնելու, ինքնահաստատվելու ցավերով ենք տառապում: Ասում են Հին Հռոմը՝ որկրամոլությունը կործանեց; Ժամանակակից քաղաքակիրթ կոչված արևմուտքում, որոշ «աստղեր»  մեկ երեկոյի ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսում, մինչդեռ այս նույն հողագնդի տրամագծորեն հակառակ կողմում (կամ ավելի մոտ), միլիոնավորները սովամահ են լինում: Անբարոյական չէ՞…

  1. Վերջաբան

Երկիր մոլորակը աշխատելու` ծառայելու տեղ է, ոչ թե միայն ստանալու, սպառելու, զվարճանալու, սահման չունեցող իր եսասիրական պահանջմունքները  իրականացնելու հարմար միջավայր:

Երբ ծնվեցիր` դու լաց էիր լինում, մյուսները` ծիծաղում էին: Այնպես ապրիր, երբ թողնես աշխարհը, դու ժպտաս, իսկ բոլորը`լաց լինեն»: Դերասան Մհեր Մկրտչյանի մտքերից

Արտյուշ  Խանջյան

լրագրող, ռադիոֆիզիկոս, տ.գ.թ., հայկական պանթեոններ և հուշարձաններ ուսումնասիրող, ՀՀ պանթեոնների մասին օրենքի նախագծի, «Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն», «Երևանի արձանները», «Հին ու նոր Երևան», «Երևանի եկեղեցիները» և այլ գրքերի ու սկավառակների, 100-ից ավելի հոդվածների հեղինակ,  2020-2022 թթ. Աղի  լճի ափերի ու շրջակայքի բարեկարգման  աշխատանքների նախաձեռնող և իրականացնող

[email protected]