Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Մերժո՞ւմ եք, ուժով կվերցնենք, դուք էլ կգաք, կբանակցեք…»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԵԱՀԿ-ից դուրս բոլոր բանակցությունները բարդացնելու են Հայաստանի վիճակը

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Հարավային Կովկասի գործընթացների վրա ազդելու լծակներ չունի, սա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն է՝ Փելոսիի՝ երեւանյան այցի վերաբերյալ: «Վստահ եմ, որ նրա այցը շատ տեղերում մտահոգություն է առաջացրել։ Չարժե թեման ուռճացնել»,- հավելել է Թուրքիայի նախագահը։ Նրա խոսքով, «Թուրքիան շարունակում է որոշակի նախապատրաստությունը եւ շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք»։ «Այս պահին մենք քննարկում ենք Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը։ Եթե որոշենք մեկնել Չեխիա, ենթադրաբար այնտեղ կլինի նաեւ Փաշինյանը։ Հայկական կողմը նախկինում հայտնել էր այս հարթակում հանդիպման միտքը։ Թերեւս այդ բոլոր հարցերը այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք։ Սակայն, իհարկե, որոշակի նախաձեռնություններ կունենանք նաեւ Կովկասի հարցում։ Այս պահին այն դեռ պլանավորման փուլում է։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի) հետ եւ, կախված դրանից, մենք քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կազմակերպիչները մտադիր են հրավիրել նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի առաջնորդներին:

Պաշտոնական Երեւանը չբացառեց Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը՝ միաժամանակ շեշտելով, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասել է. «Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»։
Փաստացի, Թուրքիայի նախագահն ասել է, որ որոշակի քայլեր են նախապատրաստում, բայց որոնք, բնականաբար, պետք է քննարկեն, ավելի ճիշտ՝ համաձայնեցնեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ի՞նչ է ստացվում. Հայաստանի ներկայիս իշխանություններն ի լուր աշխարհի հայտարարում են, որ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, խոստովանում են, որ այդ կերպ Ադրբեջանը ճնշումներ է գործադրում՝ իր պատկերացրած լուծումը Հայաստանից ստանալու ուղղությամբ, ասել է թե՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկում է պարտադրում, բայց պաշտոնական Երեւանը իր իսկ հնչեցրած պահանջի պայմաններում, պատրաստ է բանակցել թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի հետ: Իսկ Անկարան ու Բաքուն չեն մոռանում անընդհատ հիշեցնել, թե ինչ են ակնկալում Երեւանից:

Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը, օրերս ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում։ «Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության համար Ադրբեջանի կողմից առաջարկված համապարփակ խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից: Մենք աջակցում ենք այս գործընթացին»,-ասել է նա՝ հավելելով, թե՝ «Հայաստանին խաղաղություն է պետք»:

Միաժամանակ, Բաքուն ու Անկարան շարունակում են համատեղ պաշտպանական համագործակցությունը: Օրերս Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը «զեկուցել» են Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Բաքվի եւ Անկարայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը։

Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ Հայաստանի սահմանին սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո։ Հիմա հարաբերական անդորրը՝ Բաքուն ու Անկարան օգտագործելու են Հայաստանին ներքաշելու իրենց պահանջների բավարարման դաշտ: Եվ, բնականաբար, այս դեպքում՝ ըստ Ալիեւի ու Էրդողանի, պետք է բացառվի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հնարավոր շարունակությունը:

Մնում է հասկանալ՝ եթե Հայաստանի իշխանությունները միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանքել Ադրբեջանի ոտնձգություններին՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի, ինչո՞ւ են Թուրքիայի ու Ադրբեջանի թելադրած պայմաններով համաձայնում բանակցել նրանց հետ, եթե Ալիեւը չի կատարել ՀՀ իշխանությունների պահանջը եւ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս չեն եկել ՀՀ ինքնիշխան տարածքից:

Պարզ չէ՞, որ հենց այս սկզբունքով են Հայաստանից ակնկալում ստանալ այն, ինչ դեռ չեն ստացել՝ «մերժո՞ւմ եք, ուժով կվերցնենք, դուք էլ խելոք կգաք, կբանակցեք…»: